«Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմը (ՀԱՊ) խորապես մտահոգված է Հայաստանի Հանրապետության տարածքում միջպետական համաձայնագրերի հիման վրա վերահեռարձակվող ռուսաստանյան երկու՝ «Россия-1» և «Первый канал» հեռուստաալիքների եթերում տեղ գտած այն հաղորդումների և սյուժեների կապակցությամբ, որոնցում բացահայտ կերպով քարոզվում է այլատյացություն և սերմանվում է ատելություն՝ ազգային հիմքով»:
Այս նախադասությունը հրատապ ե՞ք համարում, սխալվում եք. այս նախադասությունը թերևս պետք է համարել պերմանենտ հրատապ: Քանի որ այս միտքը իր տարածած հայտարարության մեջ ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ հայտնել է ամիսներ առաջ՝ 2014 թվականի ապրիլին՝ Ուկրաինայի դեպքերի ռուսաստանյան «լուսաբանման» առիթով: Եվ եթե այն ժամանակ սա հրատապ էր Ուկրաինայի՛ կապակցությամբ, ապա Հայաստանի՛ համար այն պետք է որ ժամանակին կանխարգելիչ լիներ: Հրատապ այն մեզ համար դարձավ Գյումրիի սպանդի և դրան հաջորդած օրերին:
Այս հայտարարությունը նորից հիշելու ու հիշեցնելու առիթ դարձան այդ դեպքերը և այն մտահոգությունները, որ հետագայում էլ այն, ցավոք, հրատապ է լինելու:
Եթե այս պարագայի համար կիրառելու լինենք որևէ թևավոր արտահայտություն, նախապատվությունը երևի պետք է լինի՝«եթե չես կարող փոխել իրականությունը, փոխիր քո վերաբերմունքը դրա նկատմամբ»:
Այլ կերպ ասած, մենք իսկապես չենք կարող փոխել ռուսաստանյան ոչ հեռուսաեթերի, ոչ էլ՝ առավել գլոբալ քաղաքականությունները: Ուրե՞մն….
Ուրեմն՝ քաղհան
Այս կապակցությամբ՝ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը «համարում է, որ ռուսաստանյան այսօրինակ քարոզչության տարածումը Հայաստանի Հանրապետության տարածքում ապօրինի է, քանի որ հակասում է ՀՀ Սահմադրությանը (հոդված 14.1), օրենքներին (մասնավորապես՝ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի հոդված 24-ի բ, դ, ե, է կետերին), ինչպես նաև միջազգային մի շարք կոնվենցիաների, որոնց միացել է Հայաստանը, և որոնցով արգելվում է այլատյացության և ազգամիջյան թշնամության տարածումը» (մեջբերում՝ նույն ՝«հին» հայտարարությունից- ԵՄԱ Ամփոփագիր):
Իսկ հիմա հայտարարությունից՝ այն, ինչ իր մաշկին զգաց ու բարձրաձայնեց կամ զգաց ու չբարձրաձայնեց (չզգացածները մեկ այլ կատեգորիա են, մոտավորապես այսպիսի մտածելակերպով) գրեթե յուրաքանչյուր հայ (ընդ որում՝ ոչ թե միայն հայաստանցի). «Այն մեծ վնաս է հասցնում մեր երկրի տեղեկատվական անվտանգությանը, այլ պետությունների հետ բարեկամական հարաբերություններին, ապակայունացնում է հասարակական կյանքը (ընդգծումը՝ ԵՄԱ Ամփոփագրի): Փաստորեն, զբաղեցնելով հանրային սահմանափակ ռեսուրս հանդիսացող ռադիոհաճախականությունները «Россия-1» և «Первый канал» հեռուստաալիքները գործում են Հայաստանի ազգային շահերին հակառակ»:
Եթե այս հայտարարությունը թվագրված չլիներ 2014 թվականի ապրիլ, վերևում ընդգծված «ապակայունացնում է հասարակական կյանքը» արտահայտությունը կարելի էր ակտիվացնել Գյումրու և Երևանի ցույցերի տեսագրությունների հղումներով:
Ավելի քան 190 հասարակական կազմակերպություն միավորող՝ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը նույնատիպ դրսևորումներ մատնացույց է արել նաև մալուխային և այլ հիմունքներով Հայաստանում վերահեռարձակվող այնպիսի հեռուստաալիքներում, ինչպիսիք են «Россия-24»-ը, НТВ-ն, ТВЦ-ն և այլն, «ինչն է՛լ ավելի է խորացնում ՀՀ քաղաքացիներին հասցվող տեղեկատվական և բարոյական վնասը»:
Եվ լուծման տարբերակները, որոնք տրվել են նույն փաստաթղթում. «դիտարկել ռուսաստանյան «Россия-1» և «Первый канал» հեռուստաալիքների գործունեության օրինականությունը՝ ելնելով միջպետական համապատասխան պայմանագրերից, վերանայել այդ պայմանագրերը և, այլատյացության և ազգային հիմքով ատելության քարոզչությունը չդադարեցնելու դեպքում, կասեցնել ազգային հեռարձակման ցանցով նշված երկու հեռուստաալիքների տարածումը և ազատված հաճախականությունները հանել լիցենզավորման մրցույթի»:
Հ.Գ. Հրատապ պարզաբանում բոլոր նրանց համար, ովքեր անգամ հայտարարության ընդունման օերին կարծում էին, որ «հայերն ուզում են փակել ռուսական ալիքները». հայերը, ավելի ճիշտ՝ հայաստանյան ավելի քան 190 հասարակական կազմակերպություն, ցանկանում են, որ իրենց երկրում օտարերկրյա հեռուսաալիքները վերահեռարձակվեն իրե՛նց երկրի օրենքներին համապատասխան: Թերևս այսպես կարելի է փոխված համարել ցանկացած օտարերկրյա, տվյալ դեպքում՝ ռուսաստանյան ինֆոիրականության նկատմամբ մեր սեփական վերաբերմունքը:
Մեկնաբանել