ԲԱՑԱՏՐԵԼ ԵՎ ՊԱՇՏՊԱՆԵԼ

Forget Me Not Flower TeaԱյսօր արդեն ապրիլի 23-ն է՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանշական օրվա նախորդը: Ողբերգական տարելիցը նշվում է ամբողջ տարին: Հետևաբար և համապատասխան տեղեկություններն են տարածվում հնարավոր բոլոր խողովակներով: Սակայն հատկապես այս օրերին է ահագնանում տեղեկությունների հոսքը՝ թե քանակով և թե բովանդակությամբ ծանր` անգամ չափահասների համար:

Միայն կամ պարզապես վավերագրական նյութերը չեն, որ լիուլի հասանելի են տարիքային բոլոր խմբերին: Ցեղասպանության մասին խոսելիս մենք ընդհանրապես տարբերակում չենք դնում, թե ինչ լսարանի հետ գործ ունենք (նկատի ունենք լսարանի հենց տարիքային առանձնահատկությունները ): Եթե 2015թ. ապրիլին հայաստանցի երեխան մանկապարտեզից գալիս է ու պատմում, թե ինչպես էին թուրքերը նորածիններին լցնում իրար վրա ու վառում, այստեղ հայրենասիրության հոտ անգամ չի գալիս: Դա նշանակում է, որ մենք այնքան անլուրջ ենք վերաբերում այդ թեմային և մեր երեխաներին, որ մոռացել ենք տեղեկատվական ֆիլտրերի անհրաժեշտության մասին:

Մինչդեռ հոգեբանները խոսում են այն մասին, որ երեխաներին ցեղասպանության մասին պատմելիս (իսկ պատմելն անհրաժեշտություն է), պետք է ընտրողաբար մոտենալ ամեն ինչին ՝ բառերին և տերմիններին, տեղեկությունների քանակին, հուզական հագեցվածությանը և այլն:

Իսկ մե՛նք ինչ են անում: Խոսում ենք ցեղասպանության մանրամասների, հետևանքների, փրկվածների, ճանաչման ու հատուցման, վրեժի ու վրիժառության մասին երեխաների ներկայությամբ: Ավելին, նրանց պատմո՛ւմ ենք այդ ամենը ճիշտ այնպես, ինչպես մեծերին: Իսկ որպես այս ամենի մշտական ֆոն աշխատում է հեռուստացույցը՝ «աշխատել» բառի ուղղակի և փոխաբերական իմաստներով:

Տեղեկությունների մատուցման մասին տեղեկությունների սակավության հետևանքով է նաև, որ մանկապարտեզները «զարդարվում»  են անմոռուկներով ու ստվարաթղթե «Ծիծեռնակաբերդերով», դպրոցներում բեմադրվում են գաղթի տեսարաններ, իսկ երեխաները իրենց ծնողներից պատասխան են պահանջում՝ իրենց թշնամիների երկիր՝ Թուրքիա գնալու համար:

Այս բարդագույն թեմային մոտեցման տարբեր ձևերն իրենց պատճառներն ունեն: Սակայն դրանց մասին մեր հասարակությունը չի տեղեկացվում: Հայաստանյան լրատվամիջոցներում այս թեման հատուկենտ է հայտնվում, այն էլ՝ անուղղակիորեն և ավելի քաղաքական լույսի ներքո:

Հոգեբաններն էլ հաճախ չեն դարձնում սա տեղեկատվական առիթ, թեև 2015 թվականը պետք է որ բավական լիներ դրա համար: Իսկ երբ դարձնում էլ են, լրատվամիջոցները հիմնականում գերադասում են հայտարարությունների արտատպումը և ոչ ավելին: Լրագրողական լուրջ և խորը աշխատանք վերոնշյալ թեմայով նույնիսկ այս շաբաթ չհայտնվեց հայկական մամուլում:

Մինչդեռ իբրև ցեղասպանություն ապրած և վերապրած ժողովուրդ, որի բոլոր զավակներին այդ իրողությունը վաղ թե ուշ հասու դարձնելու պարտականություն ունենք, դժվար չէ գտնել աղբյուրներ, որոնք գաղափար կտան, թե ինչպես կարելի է դա անել՝ խուսափելով վատագույն հետևանքներից: Ինչպես բացատրում է այս աղբյուրը «կարևոր է ազնիվ լինել ողբերգությունների պարագայում: Սակայն պետք է հիշել, որ կարևոր է նաև, որ այդ մասին երեխայի՛ հետ ենք խոսում: Ծնողները պետք է ձգտեն պահել պատշաճ հավասարակշռությունը բացատրելու և պաշտպանելու միջև»

Մեծերը հաճախ և արդարացիորեն վերահսկում են իրենց երեխաներին հասնող տեղեկատվական հոսքը մնացած բոլոր հարցերում: Սակայն, չգիտես ինչու, սա անտեսվում է Հայոց ցեղասպանության պարագայում, կարծես թե երեխաները պետք է իմանան այն ամենը և այնքան, ինչ՝ մենք:

Եթե անկեղծ՝ իսկ մնացած բոլոր հարցերում նրանց ընդունո՞ւմ ենք մեզ այդքան հավասար:

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.