ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ցավալիորեն՝ պատերազմները կարող են հերթագայել ու նույնիսկ փոխարինել իրար:

Վերջին շաբաթների տեղեկատվական զարգացումները Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հերթական անգամ ուրվագծեցին հետևյալ իրականությունը. երբ տանուլ են տալիս տեղեկատվական պատերազմում, ակտիվացվում է «իսկական» պատերազմը՝ բառի վատագույն, ավանդական իմաստով:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրյակին, ինչ-որ տեղ նույնիսկ մեզ՝ հայերիս և հայաստանցիներիս համար տեղեկատվական աննախադեպ աշխուժացումը Թուրքիայի և Ադրբեջանի համար ակնհայտորեն աղետ դարձավ:

Այդ կարծիքին են ոչ միայն տեղական, այլ նաև՝ միջազգային ԶԼՄ-ները:

Խոստովանենք, որ նման տեղեկատվական հեղեղին պատրաստ չէինք հատկապես Հայաստանում, առնվազն՝ մեր զարմանքը՝ վկա: Իհարկե, հիմա հեշտ է ասել, որ կարելի էր այդ կարգի սցենարի հնարավորությունը գլխի ընկնել, ավելին՝ պետք էր պատրաստ լինել ու ինչո՞ւ չէ՝ օգտագործել այդ հեղեղը: Նույնիսկ հիմա ուշ չէ դրա համար:

Մինչդեռ բավական ուշացած են հնչում ռետրո կանխատեսումներն այն մասին, որ կարելի էր գուշակել, թե ինչպիսին կլինի Հռոմի պապի՝ Հայոց ցեղասպանության մասին արտահայտություններին Թուրքիայի արձագանքը… Սիրիայում:

Արդեն այսօր հնչում են կարծիքներ, որ «Հռոմի պապի՝ Վատիկանում արած հայտարարությունից հետո Հալեպում իսլամիստ գրոհայինների նմանատիպ գործողությունները կանխատեսելի էին»:

Որ իսլամիստ ծայրահեղականների ակտիվացման թիկունքում կանգնած է Թուրքիան, հաճախ և վաղուց հնչող կարծիքներից է:

Հավանաբար կարելի էր տեղեկատվական հաղթարշավի, այդ թվում՝ Հռոմի պապի հայտարարության հնարավոր դրական հետևանքների հետ մտքով անցկացնել նաև հնարավոր բացասականները: Եվ ոչ միայն՝ տեղեկատվական դաշտում:

Մինչդեռ անգամ երբ ակտիվանում են զինված գործողությունները Սիրիայում, տեղեկատվությունն էլ, թեև ակտիվանում է, բայց ոչ՝ համարժեք ուժգնությամբ: Հայաստանյան մեդիայում, ինչ խոսք, եղան լուրեր այն մասին, որ Հալեպը անցյալ հանգստյան օրերից առաջ ենթարկվել է ռմբակոծության: Ինչպես նման դեպքերում հաճախ, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը հաղորդեց հայաշատ այս գաղթօջախի կարևոր իրադարձությունը հնարավորինս անմիջապես: Հաջորդող շաբաթում այդ լուրերը կամաց-կամաց թափանցեցին գրեթե բոլոր լրատվամիջոցները՝ այս կամ այն չափով: Սակայն ոչ՝ բավարար:

Նույնիսկ այս կարգի կոչեր եղան՝ «Մի պահ մոռացեք Քիմ Քարդաշյանին, Հալեպում աղետ է» ուղղված Հայաստանի ոչ միայն լրատվամիջոցներին: Թույլ տվեք մեջբերում կատարել. «Թվում էր՝ ողջ Հայաստանը պետք է ոտքի կանգնի իր հայրենակիցների ճակատագրով մտահոգ: Կառավարությունը շաբաթ օրն արտահերթ նիստ է հրավիրում….և… ընդամենը որոշում է ապրիլի 18-ն աշխատանքային օր հայտարարել: Ոչ մի խոսք Հալեպի աղետի և մեր հայրենակիցների օրհասական վիճակի մասին: Թվում էր՝ Հայոց մեծ եղեռնի 100 ամյակի նախօրեին հայությունը պետք է զգայուն լինի աշխարհասփյուռ և եղեռնից փրկվածների սերունդ իր հայրենակիցների ճակատագրով: Թվում էր ՝ մամուլը տագնապի զանգ է հնչեցնելու հայության համար»:

Այ, հենց այս՝ տագնապի զանգ չհնչեցնելու մասին է խոսքը: Հալեպի իրադարձությունների մասին հայաստանյան մամուլը հաճախ գրում է այնպես և այնքան, կարծես թե դրանք կատարվում են մեզնից հեռու-հեռվում:

Այս առումով, շատ նպաստավոր վիճակի մեջ ենք դնում Թուրքիային՝ մեր և համաշխարհային մեդիայի ուշադրությունը կենտրոնացնելով առավելապես Ցեղասպանության 100-ամյակի և այդ կապակցությամբ իրականացվող միջոցառումների վրա:

Եվ այն տեղեկատվական գրոհը, որն ակամայից կամ շատ լավ պլանավորված՝ իր «աղետալի» փլատակների տակ կարող է թողնել Թուրքիային, ունի լրիվ պոտենցիալը՝ ուղղակիորեն փլատակների տակ թողնելու հայկական գաղթօջախը: Գուցե նաև այն պատճառով, որ հավասարաչափ չենք բաշխում մեր տեղեկատվական ուշադրությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.