Հայերենից հայերեն թարգմանությունը միշտ չէ, որ ճշգրիտ է ստացվում:
Հայերենից հայերեն «թարգմանություններ» հաճախ են կատարում լրատվամիջոցների խմբագիրները, հատկապես նրանք, ովքեր պատասխանատու են վերնագրերի համար: Եթե ցանկանում են որևէ գործչի ուղղակի խոսքը մեջբերել վերնագրում, իսկ այդ խոսքը երկար է, նրանք կարող են ուղղակի խոսքը փոխադրել անուղղակիի: Երբեմն՝ ոչ այնքան հաջող: Կամ առնվազն կասկածելի ճշգրտությամբ:
Օրինակները շատ են: Սակայն այն, ինչ պատահեց այս շաբաթ ուղղակի խոսք-վերնագիր մետամորֆոզների արդյունքում, դասագրքային «չի կարելիների» շարքից է:
Նոր Հաճնի եկեղեցու բացման արարողությանը լրագրողը Գարեգին Բ Կաթողիկոսին հարց ուղղեց սովյալ ժողովրդի պարագայում նման առատությամբ եկեղեցիներ կառուցելու նպատակահարմարության մասին:
Պատասխանը լրագրողն արձանագրեց այսպես.«Ես կարծում եմ, որ հոգևոր կյանքի զորացումը կարող է ապահովել հանապազօրյա հացը մեր ժողովրդի համար: Երբ հոգևոր, բարոյական կյանքն իր բարձրության վրա չէ գտնվում, դժվարությունները մշտապես ուղեկից կլինեն մեր ժողովրդին: Եվ պետք է մենք ամեն ջանք ի գործ դնենք, որպեսզի հոգևոր կյանքը զորանա»:
Կաթողիկոսի պատասխանը ԶԼՄ-ներում ենթարկվեց ամենատարբեր մեկնաբանությունների և վերլուծությունների՝ հոգևոր/սոցիալական, բարոյական, աստվածաբանական, աստվածաբանականամերձ, սոցիալական, փիլիսոփայական: Նաև՝ այդ բոլորը միասին:
Դրանցից ճիշտ ու սխալը տարբերակելու խնդիր չկա: Խնդիրն այն է, որ դրանց մի մասն արված է մեջբերվող խոսքի կամայական փոխադրման հիման վրա: Բանն այն է, որ նույնիսկ մինչև հարցը տվող լրագրողը կհասցներ իր լրատվամիջոցում հրապարակել (հուլիսի 22, ժամը 18:55) սեփական հարցին տրված պատասխանը, այդ ամենը տեսանկարահանող Armlur.am-ը ժամը 17:08-ին արդեն թողարկել էր տեսագրությունը: Իսկ նրանից հետո 18:33-ին «Հրապարակն» արդեն հրապարակ է նետում «պատմական» վերնագիրը՝ «Հոգևոր արժեքներն ու եկեղեցին՝ սովը հագեցնելու միջոց» և առանց հղում տալու, թվում է թե պարզապես համառոտ, պատմում Նոր Հաճնի նորակառույց եկեղեցու բակում տեղի ունեցածը՝ այդ թվում նաև լրագրողների զրույցը Կաթողիկոսի հետ: Թերևս իսկապես երկար խոսքը վերնագրում կարճ մատուցելու նպատակով արված, սակայն «Հրապարակի» վերնագիրը տիրաժավորվում է որպես Կաթողիկոսի ուղիղ խոսք և տարածվում սոցիալական ցանցերով ու ԶԼՄ-ներով: Անգամ մեջբերման և հարցազրույցի տեսքով՝ դրանց բնորոշ կետադրությամբ, ականատեսի ոճով: Եվ դառնում, ինչպես տեսանք, հետագա լրագրական նյութի մեխ:
Մեխը վատ բան չի, բայց ոչ՝ ծուռ խփած: Այնքան ծուռ, որ մեջբերվող խոսքը չաղավաղելու մասին հրապարակումներ եղան անգամ Կաթողիկոսի՝ իրենց պնդմամբ ոչ համակիրներից և համակիրներից:
Այնպես որ, հայերենից հայերեն թարգմանությունը միշտ չէ, որ ճշգրիտ է ստացվում: Հետևաբար և կարելի է խոսքը մեջբերել առանց այն «թարգմանելու»՝ բնագրով: Գոնե հանուն լրագրության:
Նկարը՝ http://www.quickanddirtytips.com կայքից:
Մեկնաբանել