ԲՈԼՈՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԵԿ ԸՆԴՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ

The UN Charter guarantees children's rights to access free state education without discrimination

«Քանի որ աշխարհի բոլոր երեխաները մեկ ընդհանուր բան ունեն: Իրենց իրավունքները:»

Անցյալ շաբաթ հայաստանյան հասարակությունը փոթորկած, քաղաքացիական շարժման առաջնորդ ներկայացող և Ադրբեջանից քաղաքական ապաստան խնդրած մեր հայրենակից Վ. Մարտիրոսյանի առաքելությունը մեզ համար կարծես թե կարելի է սպառված համարել: Նորություններ կարող են լինել, երբ Բաքուն որոշի նրա վերջնական ճակատագիրը՝ թողնե՞լ, որ նա գնա եվրոպական որևէ երկիր, պահել իր մո՞տ՝ համենայն դեպս, թե՞ …Աստված գիտե: Նրա առաքելությունը՝ գուցե, սակայն թեման չի կարելի սպառված համարել: Եվ ահա՝ թե ինչու:

Ինչպես ցանկացած շոկահարույց  իրադարձություն, այս պատմությունն էլ մի փոքր՝ թերևս օրերի ժամանակ էր պահանջում՝ ընկալել-մարսելու և վերլուծելու համար: Մեկնաբանությունների ու վերլուծությունների պակաս չի զգացվում: Բացահայտվում են նաև մանրամասներ՝ մեր հայրենակցի կյանքից ու գործունեությունից, խառնվածքից, դեռևս մեր երկրում հայտնած մտադրություններից, ընտանեկան դրությունից և այլն: Այս ամենի մասին իմանալով և գրելով՝ լրատվամիջոցները, ենթադրում ենք, փորձում են իրենք հասկանալ և իրենց լսարանին էլ օգնել՝ հասկանալու այդ մարդու արարքի տրամաբանությունը, դրդապատճառները: Այսինքն այդ մանրամասները ինքնանպատակ չեն հայտնվում ԶԼՄ-ներում և սոցցանցերում:

Իսկ ի՞նչ գործ ունի այդ ամենի մեջ նրա ԵՐԵԽԱՆ: Ի՞նչ է օգնում բացահայտել կամ հասկանալ նրա կերպարը:

Սկսած ժողովրդական բանահյուսությունից մինչև Երեխաների իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիա, մարդկությունը հենց տվյալ դեպքերի համար է ձևակերպել՝ «Երեխան պատասխանատու չէ ծնողների արարքների համար» արտահայտությունը: Անգամ, կարելի էր ավելացնել՝ առավել ևս, եթե ծնողը չի խորշում և ինքն է փորձում է օգտագործել նրան:

Եթե ծնողը երեխային գիրկը դրած, մեր երկրի հետ պատերազմական վիճակում գտնվող երկրի մայրաքաղաքում նստած մամուլի ասուլիսում հայտարարում է, որ իր ընտանիքին Հայաստանում վտանգ է սպառնում, դա դեռ առիթ, նույնիսկ պատճառ էլ չէ, որ մեր ԶԼՄ-ներն էլ, ադրբեջանականների նման, հրապարակեն երեխայի լուսանկարը՝ առանց քողարկման որևէ միջոց ձեռնարկելու:

Ընդհանրապես այս պատմության մեջ ամենախոցելին հենց երեխան էր: Եվ ոչ միայն այն պատճառով, որ իր ծնողներն այդ ճանապարհն են ընտրել իրենց՝ դեռ հայտնի չէ՝ ինչի համար: Այս երեխայի ապագան հավասարապես վտանգեցին՝ նախ նրա ծնողները, հետո նաև՝ ադրբեջանական և հայաստանյան լրատվամիջոցները՝ նրա դեմքը առանց քողարկելու ի ցույց դնելով ողջ աշխարհին, զրկելով նրան՝ ապագայում սեփական ընտրությունը կատարելու հնարավորությունից: Պարզ է, որ հիմա կտեղան սոցիալական ցանցերում առանց այս էլ առատությամբ շրջանառվող կարծիքները, թե երեխան, միևնույն է, գնաց-կործանվեց, քանի որ այլևս երբեք չի կարող դուրս գալ ծնողների ընտրած ճանապարհից: Սակայն դա մեր՝ լրագրողների՛ որոշելիք հարցը չէ:

Ինչ էլ հետագայում պատահի, առնվազն լրագրողները չպետք է նպաստեն նրան «իզգոյ» դարձնելու գարծընթացին: Հակառակը, լրատվամիջոցները, երեխայի թեման շոշափելիս, պետք է փորձեին շտկել նրա ծնողների կողմից իրեն արդեն իսկ հասցված վնասը, կամ գոնե՝ առավել չխորացնեին այն:

Եթե նույնիսկ այդ հրապարակումներում անկեղծ ցավ ու ափսոսանք է հայտնվում նրա՝ երեխայի կապակցությամբ:

Հերիք էր միայն այն հանգամանքը, որ երեխայի լուսանկարի հրապարակումը հրահրեց սոցիալական ցանցերում նաև նրա հասցեին վիրավորական արտահայտություններ,  և ի հայտ եկան նրա էթնիկ ծագման մասին կասկածներ ու վարկածներ:

Իհարկե, երբ հայտնի էին երեխայի անուն-ազգանունը և նույնականացման համար բավարար այլ տվյալներ, նրա ապագա պաշտպանության համար շատ քիչ միջոցներ էին մնում: Եվ լուսանկարը հենց այդ քիչ միջոցներից էր: Է՛ր:

Նկարը՝ http://neweuropeans.net կայքից:

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.