Հայաստանյան լրատվամիջոցներից հաճախ բողոքներ են լինում վերնագրերի կապակցությամբ: Քանի որ դրանք կարող են կապ չունենալ բուն հրապարակման հետ, ավելին՝ կարող են հակառակ իմաստն արտահայտել կամ իմաստ չարտահայտել ընդհանրապես, լինել վիրավորական, էժանագին-գրավիչ, 18+ ցուցումով՝ անտեղի կամ հատուկ -18 տարիքովներին հրապուրելու համար, «տեսանյութ/լուսանկարներ» խոստումով, որոնք ոչ մի առնչություն չունեն հրապարակման բովանդակության հետ: Շարքը, ցավոք, կարող է շարունակել ցանկացած մեդիա սպառող: Սակայն այս անգամ խոսքը ճիշտ հակառակի մասին է:
Հոկտեմբերի 15-ի ՄԻԵԴ-ի վճիռը՝ Փերինչեքի գործով մի տեսակ լիակատար ադեկվատության թեստի նման մի բան դարձավ հայաստանյան ԶԼՄ-ների համար: Պատճառները ամենատարբեր կարող են լինել: Իսկ պատկերն՝ ահավասիկ:
Քանի դեռ վճիռը չէր կայացվել, տեղական մամուլը այդպես էլ՝առանց ավելորդ զարդարանքների ազդարարում էր՝ «ՄԻԵԴ-ը Փերինչեքի գործով վճիռ կկայացնի հոկտեմբերի 15-ին»: Ամենամեծ «զարդարանքը» այս փուլում, այս թեմայի պարագայում զգուշավոր հարցական նշանն էր՝ «Ինչ վճիռ կկայացնի ՄԻԵԴ–ը Փերինչեքի գործով. սպասումները զգուշավոր են»:
Հոկտեմբերի 15-ին ՄԻԵԴ-ը հրապարակեց վճիռը: Լրատվամիջոցներն առանց դեսուդեն ընկնելու, որքան էլ զարմանալի է, առանց սենսացիոն արտահայտություններ անելու հենց այդպես էլ գրեցին՝ «ՄԻԵԴ-ը հրապարակեց Փերինչեքի գործով վճիռը»: Կամ՝ «ՄԻԵԴ-ը որոշում կայացրեց Դողու Փերինչեքի գործով»:
Իհարկե եղան գնահատողական վերնագրեր, ինչպես օրինակ, «ՄԻԵԴ-ը վճիռ կայացրեց հօգուտ Փերինչեքի», սակայն ամբողջ հոդվածի շարադրանքը բխում է վերնագրից, կամ ավելի ճիշտ հակառակը՝ վերնագիրը համառոտակի ձևակերպում է հրապարակման բովանդակությունը:
Լրատվամիջոցները հավասարապես ներկայացրին նաև Հայաստանի Հանրապետության պատվիրակության գոհունակությունը վճռի կապակցությամբ՝ «Փերինչեքի գործով ՀՀ կառավարության պահանջները ՄԻԵԴ-ի կողմից բավարարվեցին. դատախազություն»: Այնուհետև եղան հրապարակումներ՝ հայկական կողմի փաստաբանների գնահատականներով, որոնց կարծիքով, նաև՝ համաձայն վերնագրերի,«ՄԻԵԴ որոշումը «Հաղթանակ է Հայաստանի համար»: Ահա նաև այդ հաղթանակի վերնագիր-բացատրությունը՝ «Փաստաբաններ Ռոբերթսոն և Քլունի. ՄԻԵԴ-ի դատավճիռը չի վիճարկում Ցեղասպանության փաստը»:
Գույներն առավել հստակվեցին այս կարգի կանխատեսում-վերնագրերով՝ «Ջեֆրի Ռոբերտսոն. «ՄԻԵԴ վճիռը նշանակում է, որ ցեղասպանության ժխտման համար մարդիկ կարող են դատապարտվել»:
Այնուհետև գալիս են արդեն ամենևին ոչ հաղթական տրամադրությունները՝ «Փերինչեքից քշվածները» կամ «Երբ ազգիդ ողբերգությունը հանում ես տոնավաճառ»:
Սակայն մեր լրատվամիջոցները ոչ միայն տեղեկացնում էին իրենց ընթերցողներին՝ հընթացս վշտացնելով և մխիթարելով նրանց, այլ նաև փորձում էին օգնել նրանց՝ հասկանալ, ի վերջո, ինչու են բոլոր կողմերն իրենց հաղթանակած զգում: Ու հենց այդպես էլ գրում էին՝ «Ինչու՞ են «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճռից գոհ թե Հայաստանը, թե Փերինչեքը»:
Նույն տրամաբանությունը շարունակում է այս պատմության թերևս ամենախորհրդանշական վերնագիրն՝ իր լուսանկարային և տեքստային պարունակությամբ՝ «Հայաստանի կառավարությունը հայտարարում է՝ ՄԻԵԴ-ը իր պահանջները բավարարել է», որի ներքո հրապարակման լուսանկարում բավարարված ժպտում է… Դողու Փերինչեքը:
Իսկ հրապարակումն էլ սկսվում է՝ «Չնայած Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաղթող ճանաչեց Դողու Փերինչեքին, Հայաստանի կառավարությունը պնդում է, որ իր պահանջները ևս ամբողջությամբ բավարարվել են» լիդով:
Իրոք անսովոր է, որ առանձնացվում և նշվում է այն հանգամանքը, որ այո, գոնե մեկ թեմայի կապակցությամբ մեդիայում կարող են լինել տեղին վերնագրեր, այն էլ ՝ գրեթե համատարած: Իհարկե, ավելի լավ կլիներ՝ այս հանգամանքն ընդհանրապես աչքի չզարներ՝ խիստ սովորական լինելու պատճառով: Եվ ոչ միայն առանձին վերցված մեկ՝ թեկուզ և խիստ կարևոր գործի դեպքում:
Մեկնաբանել