ՆԱԽԱԴԵՊՆ Է ԾՆՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔ

The European Court ruled that Google must delete certain links that violate privacy.

Նկարազարդումը՝ JAVIER JAÉN-ի (www.newyorker.com):

Մարդիկ կան՝ ամեն ինչ անում են, որ անընդհատ լինեն ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում, նույնիսկ առանց նորություններ ունենալու՝ հայտնվեն լրահոսում և ցանկալի է՝ այլևս երբեք չիջնեն անտեղից:

Հայտնիության աստիճանն այստեղ ամենևին էական չէ: Հանրության ուշադրության կենտրոնում լինելու ցանկությունը բավարարելու համար ժամանակակից միջոցները, հատկապես «հասարակ մահկանացուների» համար, կարելի է ասել, անսպառ են՝ հիմնականում սոցիալական ցանցերի շնորհիվ:

Սակայն կան հակառակը ցանկացողներ: Շատ քաղաքական գործիչներ ամեն ինչ կտային, միայն թե իրենց մտքերի որոշ գոհարներ ոչ միայն հանրությունը մոռանար, այլ նաև՝ համացանցն ընդհանրապես: Որ ոչ մի հետք չմնար և ոչ մի որոնողական համակարգի, ոչ մի ԶԼՄ-ի արխիվում:

Այս մասին երազանքներն ու խոսակցությունները թարմացան, երբ 2014թ. մայիսի 13-ին Եվրոպական դատարանը կայացրեց, այսպես կոչված, «մոռացված լինելու իրավունքի» մասին  որոշումը: Համաձայն այդ որոշման, ոչ հանրային անձինք ԵՄ երկրներում կարող են դիմել որոնողական համակարգերին՝ իրենց մասին անձնական բնույթի տեղեկությունները համակարգից հեռացնելու:Այս որոշումը բուռն դիսկուրս սկսեց ամբողջ աշխարհում: Եթե հակիրճ՝ ապա ԱՄՆ-ում հիմնականում դեմ են «մոռացված լինելու» եվրոպական իրավունքին, որին հակակշռում են խոսքի ազատության սկզբունքը:

Հայաստանյան մամուլը որոշ չափով արձագանքեց որոշմանը, ինչպես նաև՝ քննարկվեցին դրա հնարավոր հետևանքները մեր երկրի համար:

Իհարկե, սա չափազանց հետաքրքիր և տարողունակ թեմա է՝ շուտ կամ ընդհանրապես մոռացված լինելու համար: Այդ պատճառով էլ այն շարունակում է վերլուծության ենթարկվել և քննարկվել հայաստանյան լրատվամիջոցներում:

Իսկ ահա թե ինչու է այս ամբողջ՝ մոռացված լինելու իրավունքն ու իր պատմությունը այս օրերին հիշում ԵՄԱ Ամփոփագիրը: Միայն մեկ առիթ, և պարզ է դառնում, որ լրագրողական անբարեխղճությունն էլ կարող է հասցնել «մոռացված լինելու» իրավունքի պարտադրանքին:

Հոկտեմբերի 5-ին news.am-ը հրապարկում է տեղեկություն՝ «Թուրք ոստիկաններն սպանել են քուրդ երիտասարդին և դիակը մեքենայից կապած քարշ տվել փողոցներով (ֆոտո)» վերնագրով: Վերնագրից արդեն պարզ է բովանդակությունը: Հոդվածում արդեն մանրամասներ են. «Թուրքիայի արևելյան Շրնաք նահանգում ոստիկանները վիրավորված վիճակում ձերբակալել են 24-ամյա Հաջը Լոքման Բիրլիքին, սպանել նրան և դիակը կապել ոստիկանական մեքենայից և քարշ տվել Շրնաքի փողոցներով»։ Հրապարակվում է նաև սպանված երիտասարդի լուսանկարը (ենթադրաբար, քանի որ նկարն առանց մակագրության է – ԵՄԱ Ամփոփագիր): Ավելին՝ տեղադրված է ոստիկանների կողմից նրա դիակը քարշ տալու … տեսագրությունը՝ մի ամբողջ 59 վայրկյան:

Մեկ րոպեն տեսագրության համար շատ կարճ է, երբ երեխայի ծիծաղ կամ լավ երաժշտություն ես լսում: Իսկ երբ տեսագրության մեջ մեքենայի հետնամասից կապված դիակ է քարշ տրվում, հավատացեք, այդ մեկ րոպեն շատ երկար ժամանակ է:

Հնարավոր է, որ լրատվամիջոցը թյուրիմացաբար կարծել է, որ այդ կերպ ավելացնում է իր նյութի տեղեկատվական էֆեկտը: Ութ օր հետո պարզվում է, որ այդ լրատվամիջոցին ոչ ոք այդ ընթացքում չի բացատրել, որ իրենք թյուրիմացության մեջ են եղել, որ այդ տեսագրությունը լրագրության հետ կապ չուներ: Հոկտեմբերի 13-ին news.am-ը հրապարկում է այս թեմայով հաջորդ հոդվածը՝ «Սպանված քուրդ երիտասարդի դիակը մեքենայով քարշ տված թուրք ոստիկանները հեռացվել են աշխատանքից»: Եվ ի՞նչ եք կարծում՝ ինչպիսի լրացուցիչ միջոցներ է օգտագործում իր նյութը «հարստացնելու» համար. հրապարակում է նույն տեսագրությունը՝ 59 վայրկյան տևողությամբ (Տեսագրությունը պարունակող ոչ մի ակտիվ հղում չենք տեղադրում, մեր ընթերցողը ստիպված կլինի բավարարվել այս հրապարակումների սքրինշոթերով-ԵՄԱ Ամփոփագիր):

News

Գտիր յոթ տարբերություն:

Փաստորեն հայաստանցի լրագրողները օգտվում են այն հանգամանքից, որ այդ երիտասարդի հարազատները հեռու են այստեղից: Ինչպես՝ մոռացված լինելու ԵՄ իրավունքը՝ Հայաստանից: Սակայն… նախադեպն է ծնում իրավունք:

 

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.