Մեր մասնագիտության մեջ վրիպակները կամ սխալները, թերացումներն ու իմիջայլոց աշխատանքը երբեմն այնքան տխուր, իսկ առավել դիպուկ-ժարգոնային՝ լացացնող են լինում, որ հասնում են մյուս ծայրահեղությանը՝ կոմեդիային:
ԵՄԱ Ամփոփագիրը տարվա ընթացքում փորձել է անդրադառնալ այդ կիքսերին, և դրանց մասին հրապարակումների մի մասը ստացվել է կատակերգական ժանրին մոտ:
Որպես տարեվերջյան թողարկում ներկայացնում ենք մի քանի տիպականները, հույսով, որ ընթերցողին ոչ միայն կմտահոգեն, այլ նաև՝ ժպիտ կպարգևեն:
«Թուրք-հրեա-մասոնական» թակարդ
«Եղիր հետաքրքասեր. եթե դու հետաքրքրասեր չես, գործ չունես լրագրության հետ»,- ասում են լրագրության դասական ուսուցիչները՝ գրեթե պատվիրան տալու տոնով: Սա գուցե լրագրության «Հին կտակարանն» է: «Նոր կտակարանը» պետք է որ հորդորի՝ «Կասկածի՛ր. եթե դու չես կասկածում, ապա լրագրությունը քո տեղը չէ»:
Մայիսի 6-ին երեկոյան մի հանրային-քաղաքական գործիչ սոցիալական ցանցում տեղադրեց հրեական մի պարբերականի նախորդ օրվա հոդվածը՝ այսպիսի մի «սկանդալային» վերնագրով ու բովանդակությամբ՝ «Իսլամական պետությունը շնորհավորել է Թուրքիայի առաջնորդին՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ»:
Սա պետք է որ պայթեցներ ոչ միայն հայաստանյան մամուլն ու իրականությունը, այլ նաև՝ ողջ միջազգային մեդիան և հանրությունը, հատկապես Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ՝ ապրիլ ամսվա միջազգային բումի ֆոնին: Մանավանդ որ հոդվածը մինչև այդ արդեն արտատպվել էր www.aypoupen.com, www.gagrule.net կայքերում և m.google.com-ում:
Շատ չանցած՝ այս հրապարակումը հասավ ՖԲ հայաստանյան օգտատերերին, որոնք էլ հղում անելով հայտնի գործչին, տարածեցին հոդվածը: Իսկ ՖԲ-ից մինչև մեր լրատվական կայքեր նույնիսկ մեկ քայլ էլ չի՝ կես շունչ է: Եվ ահա, առանց այդ կես շունչը քաշելու, մի քանի լրատվամիջոց այստեղ և այստեղ տեղադրեցին «սկանդալը»:
Վերանում ենք հնարավոր քաղաքական ենթատեքստերից ու հեռահար նպատակներից, որոնք կարող են ընկած լինել այս հոդվածի հրապարակման նախապատմության հիմքում:
Միայն նման վերնագիրն արդեն ցուցիչ է, որ տեղեկությունը որպես հավաստի տարածելուց առաջ այն պետք է ստուգել:
Ի պատիվ այլ լրատվամիջոցների, նրանք չեն տարածել այս նյութը: Առնվազն՝ դեռ:
Ինչո՞ւ՝ ի պատիվ: Բանն այն է, որ այս հոդվածի սկզբնաղբյուր հրեական պարբերականը իր կայքի «Մեր մասին» բաժնում գրում է. «The Israeli Daily-ն (TID) երգիծական և հումորային կայք է, որը արտադրում է կեղծ հոդվածներ՝ Մերձավոր Արևելքի հետ կապված կամ դրա մասին՝ ծիծաղելու և ժամանցի նպատակներով: Մենք խառնում ենք ամեն ինչ, շփոթեցնում՝ ում պատահի՝ միաժամանակ հավասարակշռություն պահպանելով մեր հրապարակումներում:
Մեր նպատակն է՝ …. մի քիչ լույս ու ծիծաղ ավելացնել այս տարածաշրջանի շուրջ»:
Պարբերականն այսքանով չի բավարարվում և վերևում շարադրվածը փոխադրում է հետևյալի՝ «Ավելի պարզ ասած՝ ինչ որ կարդում եք մեր կայքում, ամբողջությամբ հորինված է, և դուք որևէ կերպ, որևէ նպատակով կամ որևէ ձևով մեզ լուրջ չպետք է ընդունեք: Պարզ է՞» (ընդգծումները՝ ԵՄԱ Ամփոփագրի):
Իհարկե, պարզ չէ, եթե հայաստանյան մամուլը այսքանից հետո արտատպում է վերոնշյալ կայքի հոդվածը, ճիշտ է, որոշակի «սեփական աշխատանք» տանելուց հետո: Մասնավորապես նյութում օգտագործվում են «իբր», «կասկածելի տեղեկություն» արտահայտությունները, ինչպես նաև՝ կասկած հայտնվում, թե Թուրքիայի նախագահ Էրդողանը կարող էր բարեկամաբար պատասխանել այս շնորհակալությանը: Ավելին, մերոնք կարծես թե մի լավ քրքրել էին թուրքական լրատվամիջոցները և հանգել հետևյալ եզրակացությանը.՝ «Շեշտենք, որ թուրքական լրատվամիջոցներում էլ այս տեղեկության մասին որևէ հիշատակում դեռ չկա»:
Հարգելի գործընկերներ, թուրքական լրատվամիջոցները տակնուվրա անելուց առաջ անհրաժեշտ է ճշտել ՍԿԶԲՆԱՂԲՅՈՒՐԸ: Դրա տարբերակները բազմաթիվ են անգամ այն պարագայում, երբ այդ սկզբնաղբյուրի անունը նշված չէ: Իսկ այս անգամ նույնիսկ անունն էր հայտնի: Այսինքն, անունը copy-paste ենք անում գուգլում, բացում հենց առաջին էջը ու կարդում կայքի «Մեր մասինը»: Հավատներդ չի՞ գալիս՝ էդ բոյի կատակ…, բացեք այդ հոդվածին նախորդող հրապարակումը՝ «ՄԱԿ-ը դատապարտում է Իսրայելին՝ Նեպալն օկուպացնելու համար»:Ասենք նույնիսկ «Մեր մասինը» բացել չարժե. ընդամենը նայեք առաջին էջին և կարդացեք հրապարակումների վերնագրերը.
Թե չէ՝ «…թուրքական լրատվամիջոցներում էլ այս տեղեկության մասին հիշատակում չկա…»: Թուրքականներում անգամ չկա, իսկ հայկականները լուրջ-լուրջ տարածում են:
Ստի հույսը ծուլությունն է
Հայաստանյան լրատվամիջոցներում հետաքրքիր երևույթ է նկատվում, ավելի ճիշտ՝ երևույթի փոփոխություն. առաջ եթե ապատեղեկատվություն էր տարածվում, բնականաբար, հղումներ չէին տրվում: Լավագույն «հղումները» այդ «տեղեկատվությանը մոտ կանգնած աղբյուրները», «ոլորտի փորձագետները», «անհայտ մնալ ցանկացող քաղաքական գործիչներն» էին կամ անհայտ «փաստաթղթերը»: Հիմա զարմանալիորեն հղումներ գրեթե միշտ արվում են, սակայն հաջորդ մեկ ժամվա մեջ տեղեկության աղբյուրի կողմից դրա հերքումը կամ պնդումը, թե ինքը տրամագծորեն հակառակ բանն է ասել/նկատի ունեցել/երազում տեսել, չարյաց փոքրագույնն է:
Առավել հաճախ այդ հղումներով գնալիս բացվում է …. միանգամայն հակառակ իրականությունը: Իսկ ամենահետաքրքիրն այն դեպքերն են, երբ այդ հղումները համացանցային ակտիվ լինքեր են: Այսինքն հրապարակման խնդրո առարկայի հերքումը կամ հաստատումը ընդամենը մեկ կտտոց հեռավորության վրա է: Ահա այդ հեռավորությունն անցնել-չանցնելու պատրաստակամությունը կարող է վճռորոշ լինել նյութի հետագա ճակատագրի համար:
Օրինակ, այստեղ տագնապ է հնչեցվում Վենետիկի հանձնաժողովի կայքում տեղադրված ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի առաջին գլուխներում պարունակվող մի քանի դրույթների կապակցությամբ (տրվում է նաև լինքը):
Մասնավորապես, հոդվածագիրը վստահություն է հայտնում, որ ի թիվս այլ բաների, «Հայաստանի ողջամիտ քաղաքացիները չեն քվեարկի միասեռ ամուսնությունների և այն բանի համար, որ սոցիալական հանձնաժողովները կարողանան խլել նրանցից իրենց երեխաներին (գլուխ 2, հոդված 13 և 15)»:
Առանց քննարկելու բովանդակությունը, փորձեք հետևել հոդվածագրի խորհուրդներին, եթե նրա այն ընթերցողներից եք, որոնց, իր բնորոշմամաբ «անհավանական կթվա սա». «Քաշեք այդ գլուխները»: Եղավ՝ Article 13. Freedom of Marriage; Equality of Rights of Spouses 1. Men and women of marriageable age shall have the right to marry and found a family by free expression of their will. 2. In marrying, during marriage, and in divorce, they shall have equal rights.
Կամ՝ Article 15. Rights of a Child 1. Children shall have the right to express their views freely, which shall be taken into consideration on matters concerning them in accordance with their age and maturity. 2. Every child shall have the right to maintain on a regular basis a personal relationship and direct contact with his parents, unless a competent authority decides that it is contrary to his interests.
Հաջորդիվ, հոդվածագրի խորհրդով դիմում եք google թարգմանչի օգնությանը, եթե անգլերենին չեք տիրապետում: (Եթե անգամ տիրապետում եք, միևնույն է, կասկածեք ինքներդ ձեր իմացած անգլերենին և դիմեք google թարգմանչին:) Եվ այսպես՝ Հոդված 13. Ազատություն Ամուսնության. Իրավահավասարության ամուսինների 1. Տղամարդիկ եւ կանայք Ամուսնական տարիքի իրավունք ունեն ամուսնանալու եւ ընտանիք ազատ արտահայտությամբ իրենց կամքով. 2. ամուսնանում ընթացքում ամուսնության, իսկ ամուսնալուծության, նրանք պետք է ունենան հավասար իրավունքներ:
Իսկ մյուս՝15-րդ հոդվածի թարգմանությունը հետևյալն է ՝ Հոդված 15. երեխայի իրավունքները 1. Երեխաները պետք է իրավունք ունեն արտահայտելու իրենց տեսակետները ազատորեն, որոնք պետք է հաշվի առնել վերաբերող հարցերի դրանք համաձայն իրենց տարիքին եւ հասունությանը: 2. Յուրաքանչյուր երեխա պետք է իրավունք ունենան կանոնավոր կերպով անձնական հարաբերություններ եւ ուղղակի կապը իր ծնողների հետ, եթե իրավասու մարմինը որոշում է, որ դա հակասում է իր շահերին:
Քանի որ այստեղ համացանցի ամենահանրահայտ թարգմանիչը չի նկատել «unless» բառը, տալիս ենք նաև ռուսերեն թարգմանությունը՝ Статья 15. Права ребенка 1. Дети имеют право свободно выражать свои взгляды, которые должны быть приняты во внимание в вопросах, касающихся их в соответствии с их возрастом и зрелостью. 2. Каждый ребенок имеет право поддерживать на регулярной основе личные отношения и прямые контакты с родителями, если компетентный орган не решит, что это противоречит его интересам.
Հիմա մեջբերում գործող Սահմանադրության ենթադրաբար համապատասխան հոդվածից (35). «Ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը իրենց կամքի ազատ արտահայտությամբ ունեն ամուսնանալու ու ընտանիք կազմելու իրավունք: Ամուսնանալիս, ամուսնության ընթացքում, ամուսնալուծվելիս նրանք օգտվում են հավասար իրավունքներից»:
Այսքանից հետո կարելի է և մյուս մեջբերումների հետ նույն գործողությունը կատարել և առանց իրավաբանական հնարամտությունները գնահատելու և խորախորունկ խորամանկություններ փնտրելու գնահատել վերևում հիշատակված հոդված-տագնապը: Մանավանդ որ նման կոչ լրատվամիջոցներին՝ այդ հատվածները տպագրելու և թարգմանելու, իր նյութի վերջում նաև այդ հեղինակն է անում:
Փաստորեն այնքան է մեծ նրա համոզմունքը, որ լրատվամիջոցները, լրագրողները չեն հետևի իր կոչին՝ չեն ստուգի տեղեկությունների հավաստիությունը անգամ այն դեպքում, երբ տրված է դրանց սկզբնաղբյուրը, որ հանգիստ կարելի է տրամագծորեն հակառակ տեղեկությունը ոչ միայն տարածել, այլ նաև՝ դրա հիման վրա վերլուծություն, դրանից բխող՝ հեռուն գնացող եզրակացություններ կատարել: Իսկ ամենակարևորը՝ տագնապ ու SOS հնչեցնել:
Նման լրագրության հիմքերը գուցե դուրս են լրագրությունից և հեռանում են այնքան, որ այլևս աղերս չի մնում բուն մասնագիտության հետ:
Սակայն օրինակելի բան այս պատմության մեջ, միևնույն է, կա. կարծես թե հեղինակի հույսերը՝ իր գործընկերների ծույլ լինելու հետ կապված, չարդարացան. հոդվածը հայաստանյան մեդիայում մնաց առանց արտատպվելու, սոցիալական ցանցերում էլ՝ համարյա աննկատ:
Լուսանկարը՝ http://www.crisismagazine.com կայքից:
Թաքուն երազանք
Մինչ հայ հասարակության մի մասը մեդիայի հետ կապված իր անուրջներում երազում է անկախ, ազատ ԶԼՄ-ներ և անկողմնակալ լրագրողներ, մյուս մասն անսպասելիորեն բացահայտում է իդեալների իր գագաթնակետին:
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում սեպտեմբերի 9-ի Հանրային հեռուստառադիոընկերության 2014թ. գործունեության մասին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաղորդման քննարկման ժամանակ անուղղակիորեն և անսպասելիորեն «բացահայտվել է» Հանրայինի՝ ոչ բավարար որակյալ եթեր ունենալը: Մասնավորապես, որ չեն կարողանում հասարակական-քաղաքական հաղորդում ապահովել:
Ըստ 168.am-ի էլ, այդ ժամանակ ՀՀԸ խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը դժգոհել է հաղորդավարների սղությունից (՞):
Պատկերացնո՞ւմ եք, տասնամյակներով պետական, հետո՝ ազգային, այնուհետև՝ հանրային հեռուստառադիոընկերությունը տասնյակներով հաղորդավար-մեկնաբաններ է ոչ միայն պատրաստել, այլև «արտահանել» այլ հեռուստաընկերություններ: Նրանց մի մասը հաջողությամբ կամ ոչ այնքան աշխատում է հայաստանյան տարբեր լրատվամիջոցներում՝ ներառյալ հեռարձակվող:
Իսկ այս պարագայում «արտահանել» նշանակում է չկարողանալ լավ մասնագետին պահել: Եթե իհարկե ՀՀԸ խորհրդի նախագահը չի կարծում, որ այդպիսիք մինչև իրեն չեն էլ եղել Հանրայինում, որ պահեր:
Ամենևին նպատակ չկա պաշտպանելու այդ մասնագետներին, նրանք դրա կարիքը հազիվ թե ունենան, սակայն այդպիսի մեկ խոսքով մեծ խաչ է քաշվում հայ հաղորդավար-մեկնաբանական դպրոցի վրա ընդհանրապես:
Կարծես թե սա քիչ էր, Ռ.Ջաղինյանը բարձրաձայնել է նաև հաղորդավարի իդեալի մասին իր պատկերացումները, հայտարարելով, թե չեն կարողանում «Սոլովյով» գտնել: Իհարկե, ոչինչ, որ՝ ոչ Լարրի Քինգ, ոչ՝ Ամանպուր. ճաշակի և միտվածության հարց է: Հայաստանյան հեռուստադիտողը փաստորեն ոչ Ռոբերտ Մավիսակալյան է տեսել, ոչ Տիգրան Նաղդալյան, ոչ էլ՝ … եկեք չհիշատակենք բոլորին, հատկապես նրանց, ովքեր դեռ կան և շարունակում են կամ ոչ՝ եթերային գործունեությունը:
Ներկա Հանրայինում էլ կռիվ գցելու ցանկություն չկա, բայց Խորհդրի նախագահն իր այսօրվա կադրերի նկատմամբ էլ հարգանք չի դրսևորել այս, թվում է, անմեղ հայտարարությամբ:
Վերոնշյալ քննարկման ժամանակ Հանրայինի հաղորդումների որակի, արդարացվածության շուրջ քննարկումներում մամուլը համենայնդեպս չի արձանագրել Հանրային հեռարձակողների աշխատանքի հայեցակարգային, խորքային վերլուծություններ: Եթե իհարկե հաշվի չառնենք պատգամավոր Ռ.Հակոբյանի դիտարկումները. «Դուք հնարավորություն չեք տալիս հեռուստադիտողին, որ նա լսի եթերն ու ինքն իր կարծիքը ձևավորի: Դուք ոչ միայն անաչառ, համակողմանի լրատվություն չեք ապահովել, այլև ապատեղեկացրել եք: Եթե փակել եք եթերը, հեռուստաբանավեճերն էլ սև-սպիտակի եք բաժանել, նորմալ բովանդակային խոսք չի լսվում, հասարակական կարծիքն ինչպե՞ս է ձևավորվելու: Ձեր հրավիրած քաղաքական գործիչներից ով որ եթերային հիգիենան կխախտի, հասարակությունը կգնահատի դա»:
Այո, հենց այստեղ է շան գլուխը թաղված՝ հասարակական կարծիքի ձևավորման առաքելությունն իրականացնելու ձևի մեջ:
Խնդիրն այն է, որ պատգամավորի պատկերացրած ձևով այդ կարծիքի ձևավորման բնական և տրամաբանական գործընթացը՝ հեռուստադիտողը լսի եթերն, ու ինքն իր կարծիքը ձևավորի, կարծես թե չի տեղավորվում Հանրայինի տնօրինության պատկերացումների մեջ:
Նրանց սիրտը «Սոլովյով» է ուզում: Այսինքն հասարակությունը թող նեղություն չքաշի՝ իր կարծիքը ձևավորելու. մեր երազային «Սոլովյովը» դա կանի նրա փոխարեն: Նույնիսկ ավելին՝ դեռ հասարակությանն էլ կհամոզի, որ հենց դա էր իր ուզածը:
Միայն թե վերջինս կարողանա նաև գտնել իր կյանքի Ժիրինովսկուն:
Լուսանկարը՝ 168.am կայքից:
[…] Մանրամասներն՝ այստեղ […]
[…] ypc.am […]