Վերջին մի քանի շաբաթներում թեժացել է Գյումրիում Ավետիսյան ընտանիքի սպանության թեման: Դրա պատճառները շատ են, առիթը՝ դեկտեմբերի 18-ին մեկնարկող դատավարությունն է և դրան հանրության և հատկապես լրագրողների մասնակցության հեռանկարները:
Ինքնին ուշագրավ թեմա է, թե ինչպես է կազմակերպվելու այդ դատավարությունը, ինչ հնարավորություններ են ստեղծվելու այն լուսաբանող լրագրողների համար (եթե, իհարկե, ստեղծվեն այդպիսի՛ք և ոչ՝ դրանց իմիտացիան) և դրան անմիջականորեն չմասնակցող հանրությունն ինչպես է ապահովվելու այդ մասին լրատվությամբ: Սակայն մի տեղեկություն, որը հայտնվեց նաև հայաստանյան մամուլում, հնարավոր է, այս պահին հետ է մղում կամ հենց հետ մղելու նպատակն էլ ունի վերը նշված ուշագրավ թեման:
Դեկտեմբերի 15-ին հրապարակված «Բացահայտումներ Գյումրիի ռուսական ռազմաբազայի նախկին հրամանատարի վերաբերյալ» վերնագրով հոդվածը անհնար էր բաց թողնել լրահոսից: Դրանում հղում անելով ուկրաինական news.liga.net կայքին, մասնավորապես հաղորդվում է այն մասին, որ Հայաստանի Գյումրի քաղաքում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկին այժմ Լուգանսկում խոշոր խմբավորումներից մեկի հրամանատարն է, ով հանդես է գալիս Նեֆյոդով ազգանվամբ: Ուկրաինական կայքը որպես աղբյուր նշում է իրենց երկրի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը: Հայաստանյան լրատվամիջոցը վերջում մեջբերում է նույն կայքից.«Հետախուզությանը հաջողվել է պարզել, որ նա անձամբ է առնչություն ունեցել «իր զորամասի զինծառայողի կողմից հայկական ընտանիքի գնդակահարությանը»:
Վերքը փորփրելու և ցավեցնելու ազդեցություն են թողնում հատկապես հոդվածի այս տողերը, որոնք ուկրաինական լսարանին կարող էին բացառապես տեղեկություն հաղորդել, սակայն ոչ՝ այստեղ. հայաստանյանը առանց սրա էլ շատ լավ հիշում է փոքրիկ Սերյոժայի մահվան մանրամասները: «Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 12-ին ռուս զինծառայող Վալերի Պերմյակովն ինքնակամ լքել էր Գյումրիի զորամասը ու գնդակահարել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, իսկ 6 ամսական փոքրիկ երեխային՝ Սերյոժային, սվինահարել էր, ինչի հետևանքով երեխան ավելի ուշ մահացավ»:
(Ի դեպ, իրադարձության նախապատմությունը ներկայացնելն ավելի նրբանկատ էր, իհարկե, ստացվել ուկրաինական նույն կայքի ավելի հին հրապարակման մեջ, որը այսպես էր ձևակերպված. «Հիշեցնենք. հունվարի 12-ին, Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսաստանյան 102-րդ ռազմաբազան, սպանվել է Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքը, այդ թվում՝ երկու մանկահասակ երեխա»: Պակաս ինֆորմատիվ չէ, սակայն՝ գոնե առավել խնայող):
Այն, որ տեղեկությունը հետաքրքիր է հայաստանյան լսարանի համար, կասկածի տեղիք չի տալիս: Սակայն տարակուսելի է, որ այս տեղեկությունն առանց ֆիլտրվելու, առանց մշակվելու, առանց ստուգվելու, միանգամից տարածվում է Հայաստանում:
Իհարկե այս տեղեկությունը միանշանակ դժվար է ստուգել, այն էլ՝ կարճ ժամանակում (գոնե այնքան, որ այն չհնանա): Սակայն այս կարգի լուրեր արտատպելիս առնվազն կարելի է կասկած հայտնել դրանցում հայտնվող տեղեկությունների հավաստիության մասին: Օրինակ, եթե անգամ կարող է ճիշտ լինել տեղեկությունն այն մասին, որ Նեֆյոդովը նույն ինքը Ռուզինսկին է, ապա ո՞րտեղից է ուկրաինական հետախուզությունը պարզել, որ Ռուզինսկին անձամբ առնչություն է ունեցել «իր զորամասի զինծառայողի կողմից հայկական ընտանիքի գնդակահարությանը»: Նկատի ունենալով այն գաղտնապահությունը, որով այս գործը պարուրված է և այն փութաջանությունը, որ դրսևորվում է այդ գաղտնապահությունն ապահովելու հարցում: Կամ՝ ինչո՞ւ այս օրերին, երբ Գյումրիում մարդիկ նորից փոթորկվում են մոտակա դատավարությունից առաջ, հանկարծ ներկայացվում է, որ բացահայտվում է այսպիսի մանրամասն:
Հայաստանյան լրատվամիջոցը առնվազն իր ընթերցողին պետք է տեղեկացնի, որ հարցում է կատարել/կատարելու Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի հրամանատարությանը՝ ճշտելու, թե ո՞ւր է տեղափոխվել Ռուզինսկին Գյումրիից: Դժվար է պատկերացնել, որ ռազմաբազայից մի երկու ժամ հետո կտրամադրեն այս տեղեկությունը, եթե ընդհանրապես երբևէ տրամադրեն: Ի դեպ, առնվազն մեկ «գուգլով» կարելի է գտնել մամուլում եղած տեղեկությունն այն մասին, որ Ռուզինսկուն «ուղարկել են Ռոստով՝ նշանակելով կորպուսի հրամանատար»:
Քննարկման ենթակա չէ, որ օտարերկրյա ԶԼՄ-ներում այս կարգի հրապարակումներին հետևել և անդրադառնալ պետք է, բայց հաշվի առնելով տեղական լսարանի պահանջներն ու զգացմունքները, իրավիճակը տվյալ թեմայի շուրջ, դրա զգայունությունն ու ցավոտությունը հատկապես զոհերի հարազատների, հարևանների և համաքաղաքացիների համար, գուցե թե արժե ավելի շատ կասկածել ու վստահել սեփական կասկածներին: Եվ հայտնել այդ կասկածների մասին սեփական ընթերցողներին:
Լուսանկարը՝ www.pravda.com.ua կայքից:
Մեկնաբանել