ՕՐԵՆՔՈ՞Վ՝ ԸՆԴԴԵՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ

«Թույլ տվեք, որ ասվի ճշմարտությունը»:

«Թույլ տվեք, որ ասվի ճշմարտությունը»:

Ընտրական օրենսգրքի նախագծի որոշ դրույթների կապակցությամբ լրագրողական համայնքի մտահոգությունները այդ թեմայի շուրջ քննարկումներում դիպուկ ձևակերպել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը. «Ընտրական հանձնաժողովի նախագահը տարօրինակ լիազորություններ է ստանձնում։ Լրագրողների հերթ է գոյանալու, և նա որոշելու է՝ որ լրատվամիջոցին թողնի, որին՝ ոչ»։ Այս մտահոգությունը վերաբերում է այն դրույթին, համաձայն որի ընտատեղամասերում պետք է սահմանափակվի լրագրողների և դիտորդների թիվը:

Հենց միայն մեկ այսպիսի սահմանափակում կատարելու փորձից ինչ հետևություն ասես, որ հնարավոր չէ անել: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը դրանք ընդհանրացնում է հետևյալ հարցով. «Ի՞նչ գիտեն իշխանությունները 2017 թվականի ընտրությունների մասին, որ ուզում են սահմանափակումներ անել։ Այս օրենսգրքով նրանք կամայականության մեծ հնարավորություն են ստանում»։

Այս կարգի մտահոգությունները փարատելը կարևոր է ոչ միայն այն պատճառով, որ դրանց առարկան կարող է հայտնվել երկրի նոր Ընտրական օրենսգրքում: Կա նաև մի այլ խնդիր, որը ճիշտ է, նոր չէ մեր իրականությունում, սակայն հեշտուհանգիստ կարող է լեգիտիմացվել նոր Ընտրական օրենսգքրի վերոնշյալ դրույթի լույսի ներքո:

Սկսած Հանրապետության նախագահից՝ մեր պաշտոնյաները սիրում են ընտրել լրատվամիջոցներին և լրագրողներին, անձամբ որոշել՝ ում են տեղեկություններ տալիս կամ ում հետ են ցանկանում շփվել և, որ առավել կարևոր է, ում հետ չեն ցանկանում շփվել: Սակայն ընտրական բուռն տարիների նախաշեմին, նոր Ընտրական օրենսգրքում լրագրողների և լրատվամիջոցների համար սահմանափակումներ նախատեսելու ջանքերի ֆոնին՝ յուրաքանչյուր նման դեպք պետք է որ առանձին ուշադրության արժանանա և ընդգծվի:

Երբ անցյալ շաբաթ Գյումրիի լրագրողներն ահազանգեցին, որ իրենց նոր մարզպետի նշանակումից ի վեր իր պաշտոնական շփումները լրատվամիջոցների հետ վերջինս հնարավորինս սահմանափակում է 1-2 հեռուստաընկերությամբ՝ ասուլիսի հրավիրելով միայն վերջիններին, այն զգացողությունն առաջացավ, որ Ընտրական օրենսգիրքը դեռ չընդունված, արդեն սկսել է որպես օրինակ ծառայել: Վատ օրինակ:

«Այս վարքը մի կողմից սահմանափակում է չտեղեկացված լրագրողների խոսքի ազատության իրավունքի իրականացման հնարավորությունը, խոչընդոտում է նրանց մասնագիտական պարտականությունների կատարմանը, զրկում է այս ԶԼՄ-ների շահառուներին տեղեկացված լինելու հնարավորությունից, իսկ մյուս կողմից` խտրականություն է հաստատում նրանց նկատմամբ, ինչով նրանցից որոշներին մյուսների նկատմամբ առավել դիրքի է բերում»,- Շիրակի մարզպետարանի ներդրած խտրականության մասին Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հայտարարությունը տեսանելի ու շոշափելի է դարձնում այսօրինակ գործելակերպի «օգուտները» ոչ միայն առանձին վերցրած մարզի համար, այլ նաև՝ դրա հնարավոր հետևանքները այն առավել լայնամասշտաբ կիրառելու դեպքում:

Իսկ որ այսպիսի գործելակերպը շատ ավելի պատրաստակամորեն կներդրվի մեր մեծ ու փոքր պաշտոնյաների կողմից, ոչ մի կասկած լինել չի կարող: Այդպես վարվել նրանք ցանկացել են միշտ, իսկ հիմա այդ վարդագույն երազը կարող է գրվել թղթի վրա, դառնալ կատարման համար պարտադիր՝ թող որ առայժմ միայն ընտրական տեղամասերում, թող որ առայժմ միայն ընտրական հանձնաժողովների անդամների, հատկապես նախագահների համար: Ոչինչ, դժվարն սկիզբն է, առաջին հաջող գործարկումից հետո այդ դրույթը կարելի է ներմուծել հնարավորինս շատ թվով օրենքներ: Իսկ այդ ժամանակ հնարավոր կլինի լրագրողների հախից գալ՝ արդեն համաձայն օրենքի տառի:

Լուսանկարը՝ cpj.org կայքից:

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.