Լրագրողների նկատմամբ քաղաքական գործիչների և պետական պաշտոնյաների ոչ հարգալից վերաբերմունքի օրինակները, ցավոք, հատկապես վերջին ամիսներին և՛ շատացել են, և՛ առավել բազմազան են դարձել: Լրատվամիջոցները և լրագրողական կազմակերպություններն անընդհատ արձանագրում են, թե այսինչ պատգամավորը վիրավորեց, այնինչը հայհոյեց, մի պաշտոնյա էլ հարվածեց լրագրողին, սակայն բոլորն էլ մնացին անպատիժ, իսկ նրանց գործածն՝ անգամ համարժեք պարսավանքի չարժանացավ:
Այո, վիրավորական և անընդունելի են վերոնշյալ երևույթները և դրանց կոնկրետ դրսևորումները, որոնց հարցում կարծես թե պակաս չի զգացվում: Դրանք հաստատ չեն նպաստում խոսքի ազատությանը:
Սակայն խոսքի ազատությանը չի նպաստում նաև, երբ լինում է հակառակը. այդ հորձանուտում հաճախ աննկատ է մնում, թե ինչքան աննրբանկատ կամ հաճախ նույնիսկ վիրավորական են վարվում պատգամավորների կամ պետական պաշտոնյաների հետ նույն… լրագրողնե՛րը:
Մի քանի դրվագը նույն հաղորդաշարի երկու հաղորդումներից, ընդ որում դրանցից մեկը երկու օր առաջ է հեռարձակվել, մյուսը երեք տարվա հնություն ունի, ակնառու ցուցադրում են , որ լավ կլինի՝ ուրիշի աչքի փուշից առաջ մեր աչքի գերանը նկատենք:
«Բարև ձեզ»,- հեռուստատեսային տաղավարում իր հյուրին ասում է «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի լրագրողը ու միանգամից անցնում նրա հետ դու-ի: Հնարավոր է, որ լրագրողն այն մարդու հետ, ումից հարցազրույց է վերցնում, ընկերական, նույնիսկ մտերմիկ հարաբերություններ ունի, սակայն եթերից հնչող «դու»-ն հեռուստադիտողի մոտ վստահություն չի ներշնչում տաղավարում գտնվողների նկատմամբ, եթե դա զվարճալի հաղորդում չէ: Դու-ով խոսելը եթերում տնայնավարական, խոհանոցում արվող խոսակցության տպավորություն է թողնում:
Հատկանշական է, որ լրագրողի զրուցակիցը մինչև հաղորդման վերջ, կարծես սկզբունքորեն, մնաց «Դուք»-ի «ծիրին մեջ»:
Բայց սա չէ ամենաէականը:
Հաղորդման բացումը, հաղորդավարի հարցերը, դիմացինին ընդմիջելը, հաղորդավարի կարծիքի ու մեկնաբանությունների արտահայտումը եթերում ավելի շատ է, քան թե հրավիրյալինը: «Ուրվագիծ» հաղորդաշարի հյուրերը գրեթե միշտ են լավ ընտրված լինում, սակայն ս.թ. մայիսի 11-ի հաղորդման եթերում իր ընդդիմադիր, մեծամասնությունից տարբերվող հայացքներով հայտնի պատգամավոր Զարուհի Փոստանջյանն առնվազն հետաքրքիր էր: Եվ երբ այդպիսի դեմք է հայտնվում եթերում, դա կարող է նշանակել, որ հաղորդման հեղինակները ցանկանում են ներկայացնել այդ՝ տարբերվող կարծիքը՝ այդպիսով իրենց լսարանին տալով համեմատելու-ընտրելու հնարավորություն:
Բայց, իրականում ի՞նչ կատարվեց եթերում:
Լրագրողը զրուցակցի ինքնատիպ մտքերին դիմացավ մինչև 4.01 րոպեն, այնուհետև ընդհատեց նրան: Եվ այլևս չհրաժարվեց իր այդ գործելաոճից:
Զ.Փոստանջյանը նույնիսկ «թույլտվություն» խնդրեց՝ վերադառնալու հարցին: Փաստորեն, զուցակիցը պիտի «արանքը ճղի», որ կարողանա հարցին տալ ի՛ր ուզած պատասխանը: Ենթադրելի է, որ նրան չէին ընդմիջի, եթե նա արտաբերեր լրագրողի տեսակետին համընկնող կարծիք:
Հարց տվողը կարող էր սկսել իր հարցը պատմության խորքերից՝ մի առավելություն, որը չտրվեց պատասխանողին:
«Զարուհի՛, բայց դա ի՞նչ զուգահեռ ա, ի՞նչ կապ ունի մեկը մյուսի հետ»,- զրուցակցի պատմական զուգահեռին արձագանքում է լրագրողը 11.56 րոպեին: Իսկ հարց տվողի հոնքերի շարժումը դեպի վեր ավելի խոսուն է անգամ, քան հարցի տոնայնությունն ու բովանդակությունը՝ միասին վերցրած:
Չնայած «հարցերի» բովանդակությունը և ձևակերպումը տեղ-տեղ գերազանցում էին դրանց արտաբերման տոնայնությանը, օրինակ, «Դու քաղաքական գործիչ ես, դու ո՞նց կարաս չհասկանաս էդ ամեն ինչը» 19.44,-հարցնում է լրագրողը: Կամ՝ «Դու լուրջ զբաղվում ես քաղաքականությա՞մբ»:
Ինչ խոսք, լրագրողը կարող է նաև գնահատել զրուցակցի պատասխանները կամ գործունեությունն ընդհանրապես, և սադրանքն էլ կարող է լրագրողական հնարք լինել, բայց այդ ամենն անպայման պետք է ուղեկցվի հարգանքով: Տարբերվող կարծիքը լսել կարողանալը և փոխանցելը հենց լրագրությունն է կամ առնվազն դրա մի մասը:
Դիմացինի տեսակետը լսելու, այդ տեսակետների հիմնավորումները լսելը նույնիսկ ոչ թե լրագրության, այլ քննարկման, բանավեճի կուլտուրա է ընդհանրապես:
Ի պատիվ պատգամավորի, նա մինչև վերջ իր ինքնատիրապետումն ու հանգստությունը չկորցրեց, չնայած վարողի ագրեսիվ հարձակումներին, որոնք պետք է որ պարզապես հարցեր լինեին՝ տաղավարի հյուրի տեսակետը այս կամ այն հարցի շուրջ բացահայտելուն ուղղված:
2013թ. մարտի 27-ի իր հաղորդմանը լրագրողը դարձյալ հյուրին՝ դարձյալ պատգամավորի, հրավիրել ու դարձյալ խոսք չէր տալիս: Զրուցակիցը մի քանի անգամ ստիպված էր նույնիսկ ասել՝ «Դու ինձ հրավիրել ես, որ իմ կարծիքը լսես, չէ՞»: Կամ՝ «Խոսե՞մ, Պետրոս, թե՞ գնամ, դու խոսես»:
Նույն աշխատաոճը՝ անընդհատ ընդհատել զրուցակցին, անընդհատ հեգնել, նույնիսկ բացահայտ ծաղրել՝ «Դու այդպես քաղաքականությա՞մբ ես զբաղվում»:
Այն տպավորությունն է ստեղծվում՝ որ այս տաղավար հյուրերը հրավիրվում են ոչ թե լսված լինելու, այլ որպես ֆոն՝ հաղորդավարի կարծիքը, մտքերը առավել էֆեկտով հրապարակելու:
Մեկնաբանել