ՇԱԲԱԹՎԱ ՏԽՈՒՐ ՄԽԻԹԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Անցնող շաբաթվա նշանակալից մեդիա իրադարձությունները մի քանիսն էին:

Մինչ հասարակությունը շունչը պահած սպասում էր վարչապետի և ապագա կառավարության ձևավորմանը, անսպասելիորեն ստացավ մեկ ուրիշ նշանակում՝ Նախագահի մամուլի քարտուղարի տեսքով: ԶԼՄ-ների համար դա առիթ էր՝ անդրադառնալու արդեն նախկին և ներկա քարտուղարների ոչ միայն կենսագրություններին, այլև գործունեության ազդեցությանը մեդիա դաշտի վրա:

Այստեղ ամենակարևոր նյուանսներից մեկն այն է, որ փորձառու «տելեվիզիոնշիկ» Ա. Արզումանյանը վերադառնում է հեռուստատեսություն, բայց ոչ՝ հանրային: Թվում էր, թե վերջին տարիներին Հանրայինի նպատակադրված ուժասպառումը արդեն բավարար է: Թվում էր, թե դա այնքան ակնհայտ է դարձել, որ պետք է երևի դադար տալ և քայլեր ձեռնարկել նրան նոր շնչառություն հաղորդելու և այդպիսով հերքելու այն մեղադրանքները, որ Հանրայինին աութսայդերի կարգավիճակի հասցնելը քայլ առ քայլ իրականացված քաղաքականության հաջող արդյունքն է:

Սակայն Հանրային հեռուստաընկերությունը մի քանի շաբաթ առաջ ստացավ իր ղեկավարին, և դրա հետ մարեցին նաև Հանրայինին լուրջ և ըստ արժանվույն ընկալելու հույսերը: Մինչ հեռուստադիտողների և գործընկերների արդարացի դժգոհությունները Հանրայինից շարունակվում են, ՀՀ նախագահի նախկին մամուլի խոսնակն՝ ըստ էության նշանակվո՛ւմ է «Պանարմենիան մեդիա գրուպի» տնօրենների խորհրդի նախագահ (թեև այսօրվա դրությամբ այս մասին պաշտոնական տեղեկություն դեռևս չկա):
Սա, կարծես թե, հետընտրական (կամ հարընտրական) մեդիա-դասավորումների հանգուցալուծումն է և անուղղակի հաստատումը՝ Հանրայինը համենյանդեպս առաջիկա հինգ տարիներին այլևս անմրցունակ է իշխող կուսակցության մեդիա-պլացդարմի հետ:

Հիշենք, մասնավոր մեդիա-հոլդինգ ղեկավար պաշտոնի է տեղափոխվում մարդ, որը կանգնած է եղել Հանրային հեռուստաընկության ակունքներում և նրա գործադիր տնօրենն է եղել ստեղծման օրվանից:
Ինչքան էլ փորձենք չգերագնահատել անհատների դերը այսպիսի գլոբալ հարցերում, սակայն սա կարծես թե հեռուստահեռարձակման ոլորտի զարգացման շուրջ վատագույն կանխատեսումների իրականացումն է:

Վատագույնների շարքից

Անցնող շաբաթը տվեց լրագրողների հետ արված վատագույն հարցազրույցի օրինակը:
Որ զրուցակցի համար գուցե ոչ հաճելի հարցեր տալ լրագրողը ոչ միայն կարող է, այլև անգամ պարտավոր է, դա նույնիսկ վիճահարույց չէ: Սակայն, որքան հայտնի է մինչև այժմ և տեսությունից, և պրակտիկայից, մեր մասնագիտությունը ոչ միայն և ոչ այնքան հարցեր տալո՛ւ, որքան դրանց պատասխանները լսելո՛ւ և վերարտադրելո՛ւ արհեստ է: Իսկ վերոնշյալ տեսանյութում մեծ հաշվով միայն հարցեր էին, որոնց պատասխանները դրանք տվող լրագրողին փաստորեն չէին հետաքրքրում:

Առավել կարևոր էր, թե ինչ ագրեսիվությամբ է նա դրանք ձևակերպում, ինչ արագությամբ է դրանք տեղում զրուցակցի վրա: Եվ հավանաբար չստանալով իր ակնկալած արդյունքը, այն է՝ ցույց տալ իր սպառողին, որ իր զրուցակիցը չունի այդ հարցերի պատասխանները և ինչպես է խեղճացել իր տված հարցերից, ի~նչ ջանասիրությամբ է մոնտաժում տեսանյութը, ինչպե~ս է փրթում-թափում «իր ծրագրի մեջ չտեղավորվող» պատասխանները: Հա, չմոռանանք կիրառված մեկ այլ «լրագրողական հնարանքի» մասին՝ հարց տալուց հետո զրուցակցին ձայնագրիչ-բարձրախոսը չպարզել:

Կրկին՝ տեսանյութում բարձրացվում են հարցեր, որոնք կարծում ենք, հետաքրքրում են հասարակությանը, մանավանդ մեր գործընկեր հասարակությանը, նա առնվազն դրանց պատասխանների մասին տեղյակ լինելու իրավունք ունի: Բայց արդյո՞ք այդ տեսանյութով լրագրողը բավարարեց իր սպառողի՝ նույն այդ հասարակության հետաքրքրությունը, արդյո՞ք հասարակությունն ստացավ այդ հարցերի պատասխանները: Եթե ոչ, ուրեմն ուրիշ ինչի՞ մասին է մեր մասնագիտությունը:
Այս ամենն առավել տխուր տպավորություն է թողնում այն պատճառով, որ լրագրողը փորձել էր էժանագին հնարքները բանեցնել … գործընկերոջ նկատմամբ: Ահա այսպիսի մասնագիտական համերաշխություն:

Էժանագին մխիթարություն

Այս ամենի ֆոնին թույլ մխիթարություն է այն, որ ոչ էթիկական պահվածք ունենք ոչ միայն հայաստանյան լրագրողներս, այլև մեր արևմտյան գործընկերները, որոնց մեզ հաճախ են որպես օրինակ բերում՝ ընդօրինակելի իմաստով:

ԲիԲիՍի-ի լրագրողները գտել են Հյուսիսային Կորեայի «լավագույն» ճանապարհը. նրանք այս փակ երկիր են ներթափանցել ուսանողների խմբի կազմում, այդպիսով վտանգելով նաև նրանց: Թե որքանով էր արդարացված այդ ռիսկը ՝ Բրիտանայի հասարակությունը ինքը կորոշի: Բայց մեր մասնագիտության վարկի համար սրանք թերևս չարդարացված ռիսկեր են:

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.