ԵՄԱ Ամփոփագիրը ժամանակ առ ժամանակ անդրադառնում է հայկական և ոչ միայն, լրատվամիջոցներում հայտնված այն տեղեկություններին, որոնք առաջին հայացքից պետք է ռումբի պես պայթեին, մինչդեռ գոնե մի փոքր ճայթյուն էլ չեն առաջացնում:
Անցնող շաբաթում աննկատ անցավ հրապարակումն այն մասին, որ հայաստանյան մամուլում գրեթե աննկատ անցավ միջազգային սկանդալն այն բանի շուրջ, որ ամերիկյան գաղտնի ծառայությունները հավանաբար մուտք են գործել հիմնական սոցիալական ցանցեր, էլեկտրոնային հասցեներ՝ օգտագործելով և այլ երկրների գաղտնի ծառայություններին տրամադրելով այդտեղից քաղած տվյալները:
Համաձայն դրա, գաղտնալսման հետաքրքության շրջանակում կարող են եղած լինել նաև հայաստանյան լրագրողները, որոնք այդպես անտարբեր անցնում են իրենց գուցե անմիջականորեն առնչվող տեղեկությունների կողքից: Այն, որ մեզ առանձնապես չեն հետաքրքրում երբեմն ակհայտ ազգային անվտանգությանն առնչվող խնդիրները, որոնք պատահաբար հայտնվում են օրվա լրահոսում, կարծես թե օրինաչափություն է դարձել: Բայց որ անտարբեր մնանք մեզ գաղտնալսելու, հետևելու կամ ինչպես ասում են մշտապես “կալպակի տակ” լինելու հնարավորության մասին տեղեկությանը, ոչ մասնագիտական, ոչ էլ մարդկային տեսանկյունից հասկանալի չէ:
PRISM-այից դուրս
Ժամանակ առ ժամանակ գաղտնալսելու և գաղտնի տեսաձայնագրելու (և ոչ միայն լրագրողներին) թեման ջրի երես է դուրս գալիս, մի թեթև լող տալիս այնտեղ ու էլի սուզվում հատակը: Դրանից լուրջ հետևություններ՝ լուրջ հետևանքներով, խորը վերլուծություններ, էլ չենք ասում ՝ հետաքննություններ գրեթե չեն արվում: Հիմնականում հռետորական հարցադրումներ են լինում՝ ինչքանո՞վ էր օրինական գաղտնալսումը կամ ինչքանո՞վ էր օրինական և էթիկական դրա հրապարակումը:
Անգամ այս հարցերը չբարձրացան անցնող շաբաթում: Ավելին՝ վերը նշված հոդվածը այլ լրատվամիջոցներում շատ քիչ արտատպվեց: Ավելի շատ էին թերևս նախորդ շաբաթում ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակից Էվդարդ Սնոուդսենի հետ կապված տեղեկությունները, որոնք հայաստանյան իրականութան հետ առնչությունների ոչ մի հուշում չէին պարունակում: Հետևաբար հանգիստ կարող էին անցնել մաքուր միջազգային լրահոսի տակ: Մինչդեռ միջազգային իրադարձությունները շատ հաճախ են ուղղակի կամ անուղղակի ազդեցություն ունենում որևէ երկրի իրականության վրա և այդ իրադարձությունների մասին տեղեկություն հրապարակելիս դրանց արժեքը, հետևաբար և տեղական հետաքրքությունը դրանց նկատմամբ կարելի է մեծացնել հենց տվյալ երկրի պրիզմայով անցկացնելու դեպքում: Փաստորեն ամերիկյան PRISM-ը՝ հայաստանյան պրիզմայով անցկացնելու դեպքում էլ մնում է հասարակության ուշադրությունից դուրս:
Մեր սեփական բուրդը
Անցնող շաբաթում ամենաբուռն ուշադրությանն արժանացավ ԱԺ միջանցքում պատգամավորի և լրագրողի միջև տհաճ միջադեպը, որը հնարավորինս բազմակողմ արձագանքներ ստացավ:
Փոխարենը՝ առաջին հերթին լրագրողական համայնքին հետաքրքիր «միջադեպը», որը տեղի ունեցավ դարձյալ անցնող շաբաթում, դարձյալ ԱԺ-ում, շարքային, հերթական լուրերի հետ սահեց-անցավ հայ հասարակության կողքով:
Ազգային ժողովն ընդունեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, համաձայն որի մասնավորապես երկարաձգվում է անալոգայինից թվային հեռարձակման անցնելու ժամկետը:
Մինչև այդ երկարաձգման ժամկետն իմանալը ուրախություն կամ առնվազն թեթևացում կարելի է ապրել. թվային հեռարձակման պարտավորությունը ստանձնելուց զատ, ՀՀ կառավարությունը ոչ մի այլ լուրջ քայլ չի կատարել այդ ուղղությամբ: Միայն թվայնացման հայեցակարգի, այն էլ՝ դեկլարատիվ, գոյությունը քիչ է այդ գործընթացն ապահովելու համար:
Երևանի մամուլի ակումբը բազմաթիվ անգամ բարձրաձայնել է, որ չկա լուրջ փաստաթուղթ, որտեղ հիմնավորված կլինի չափորոշիչների ընտրությունը, կլինեն ազգային հեռարձակման թվային ցանցի համար ռեսուրսների հաշվարկը և տեխնոլոգիական լուծումները, ինչպես նաև կանխատեսումներ, թե այդ ցանցի օգտագործման համար հեռուստաընկերություններն ինչ երկարաժամկետ ծախսերի կարիք կունենան և այլն: Եվ չկա այս գործընթացում ամենակարևոր խնդիրների արտացոլումը՝ մասնավոր մուլտիպլեքս-օպերատորների լիցենզավորում, այդ մուլտիպլեքսների վրա ալիքների բաշխում, ինդուստրիայի զարգացման գործընթացքում հանրային շահը հաշվի առնել և այլն: Մի խոսքով, «ընթացակարգեր, որոնք այսօր բացակայում են, սակայն թվայնացման առաջին իսկ օրերից խիստ հրատապություն կստանան»:
Գուցե նաև այս ամենի կարգավորման համա՞ր է ՀՀ կառավարությունն առաջարկել հետաձգել թվայնացման գործընթացը: Սակայն եթե այն հետաձգվելու է ընդամենը վեց ամսով՝ առանց հիմնավորումների, թե ինչ աշխատանքներ են արդեն իսկ կատարվել և ինչը չեն հասցրել, որի համար ճակատագրական նշանակություն ունի ընդամենը վեց ամիսը, արդեն նոր մտահոգությունների տեղիք է տալիս: Նման է այն անեկդոտին, երբ ուսանողին քննությանը, իր կարծիքով, լիարժեք պատրաստվելու համար պակասում է միայն մեկ օր: Եվ մեկ շաբաթ ավելի ժամանակ ստանալուց հետո էլ նրան այդ մեկ օրը, միևնույն է, պակասում է:
Լրատվամիջոցների կողքով այնքան հեշտ անցավ ԱԺ-ում հիմնական զելուցող ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Անդրանիկ Ալեքսանյանի տեղեկությունը, որ «Հայաստանը պարտավոր է սահմանված ժամկետում թվայնացումն իրականացնել, հակառակ դեպքում իր ունեցած հաճախականությունները կօգտագործեն հարևան երկրները»:
Սա հիշեցնում է մեկ այլ տեղեկություն այն մասին, որ Հայաստանի սահմանամերձ որոշ գյուղերում հայկական հեռուստա-ռադիոալիքներ գրեթե չեն լսում: Նրանք իրենց տեղեկատվական քաղցը հագեցնում են հարևան երկրների համապատասխան ալիքներով:
Էլ ուրիշ ի՞նչ տեղեկություններ են անհրաժեշտ՝ մեր լրագրողական հետաքրքրությունը շարժելու համար:
Շաբաթվա ինքնակարգավորումը
Շաբաթն այնուամենայնիվ լավատեսական ավարտ է ունենում: Մի շարք կայքերի խմբագիրներ հանդես եկան միասնական հայտարարությամբ՝ սահմանելով համագործակցության կանոններ, որոնց «անհրաժեշտությունն առաջացել է դաշտում առկա հեղինակային իրավունքների կոպիտ խախտումների կրկնվող դեպքերի պատճառով»: Ստորագրածների համար սահմանելով խաղի կանոններ՝ հայտարարությունը բաց է բոլոր լրատվամիջոցների համար:
Լուսանկարը՝ http://vardine.wordpress.com կայքից:
[…] հունիսի վերջին շաբաթում իր տեղակալի կողմից արված հայտարարությունը: Դրա բովանդակությունը հայտնի է վաղուց: Ե՛վ Երևանի […]
[…] Անգամ լրագրողներն են հայտնվում գաղտնալսողների հետաքրքրության շրջանակում: Եթե ուրիշ օրինակներ չլինեին էլ, միայն Վիկիլիքսը բավական էր հասկանալու համար, որ այո, աշխարհում տոտալ վերահսկողություն է, և ոչ ոք դրանից ապահովագրված չէ: […]