ՍԵՓԱԿԱՆ ԵՎ ԱՅԼՈՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Վերջին ամիսներին մեդիա դաշտում առավել հաճախ են խոսում հեղինակային իրավունքի խնդիրների մասին:
Մեդիա և գովազդային շուկայում սկսել է կարևոր գործոն համարվել, այսպես կոչված, «քլիքը»: ԶԼՄ-ները կարծում են, որ հենց դրանց թվով է պայմանավորված գովազդատուների նախընտրությունը մեդիա դաշտում: Ինչքան էլ համացանցային գովազդը դեռևս իր նախնական փուլում է և ծավալներով չի կարող մրցել անգամ նույն լրատվամիջոցի տպագիր տարբերակի հետ, հանուն արդարության պետք է նշել, որ սա այնքան էլ հեռու չէ իրականությունից, ինչպես և հավաստիացնում են ինտերնետային գովազդի մասնագետները: Այստեղ մխիթարական է այն, որ նույն մասնագետները սա պայմանվորված են համարում ոլորտի զարգացման՝ անցումային փուլում լինելու փաստով:

Որքան էլ անցումային փուլի երևույթ, բայց սա խթանում է ԶԼՄ-ների, ԶԼՄ-ների հավակնություններ ունեցողների կամ առնվազն այդպիսի գործառույթներ իրականացնողների անազնիվ մրցակցությունը: Այդ բաղձալի «կտտոցները» ապահովելու համար նրանք խախտում են ոչ միայն բարոյական, էթիկական, այլ նաև՝ իրավական նորմեր: Այդ ընթացքում ոտնատակ տալով հատկապես այլոց հեղինակային իրավունքը:

Ինչ խոսք, միանգամայն հասկանալի է այն լրատվամիջոցների վրդովմունքը, որոնք ռեսուրսներ են ծախսում տեղեկատվական արտադրանք թողարկելու համար: Իսկ հենց լրատվամիջոցն այն թողարկում է, այն հայտնվում է չվերահսկվող մի տարածքում, ի դեմս համացանցի, և այլևս մնաք բարով, ծախսված ռեսուրսների փոխհատուցման հույսեր:

Սա էլ մեկ այլ ծայրահեղության է մղում լրատվամիջոցներին: Որպես փաստարկ բերելով սեփական լրատվամիջոցների վճարած հարկերը, կատարած բազմաթիվ ծախսերը, մեծաքանակ աշխատակազմերին (հատկապես մարդ-նվագախումբ սկզբունքով աշխատող որոշ ցանցայինների հետ համեմատած), ԶԼՄ-ները իրենց տեղեկությունները արտատպողներին պահանջներ ներկայացնելիս չեն սահմանափակվում միայն պասիվ կամ ակտիվ հղում պահանջելով: Վերջերս նրանք խոսում են նաև ֆինանսական փոխհատուցման մասին:

Մինչդեռ այս դեպքում հեղինակային իրավունք ասվածը երկու՝ գուցե իրար հակադիր, երևույթի է առնչվում:
ա) Ինչպես սեփականության ցանկացած այլ ձև, հեղինակային իրավունքի արգասիք մտավոր սեփականությունը ևս… սեփականություն է և հետևաբար օգտվում է դրա պաշտպանության բոլոր միջոցներից:
բ) Այն իր մեջ կրում է նաև հասարակության՝ բազմակողմանի տեղեկատվություն ստանալու իրավունքը:
Հետևաբար, չափից ավելի ջանասիրաբար պաշտպանելով քո սեփական հեղինակային իրավունքը տեղեկատվության ասպարեզում, կամա թե ակամա մոտենում ես այլոց՝ բազմակողմանի տեղեկատվություն ստանալու իրավունքին, ավելին՝ արդեն խոչընդոտում ես այն: Ջանասիրաբար՝ այստեղ նշանակում է սահմանափակել քո արտադրած տեղեկությունների տարածման հնարավորությունները:

Հատկանշական է, որ վերջերս այս ջանքերի թվում է նաև այն, որ փորձեր են արվում հեղինակային իրավունքը տարածել ոչ միայն լուրի վրա, որը չի կարգավորվում հայաստանյան հեղինակային իրավունքի օրենսդրությամբ, այլև, որքան էլ տարօրինակ է, փաստի՛ վրա: Հասկանալով հանդերձ մեր գործընկերների հուսահատությունն ու վրդովմունքը, երբ իրենց «էքսկլյուզիվը» վայրկյանների մեջ դառնում է անհայտ ծագման տեղեկություն, այնուամենայնիվ պետք է արձանագրել, որ սա էլ իր հերթին մեկ այլ ծայրահեղություն է: Տեղեկությունը, որը հայթայթում է լրատվամիջոցը, տարածելո՛ւ համար է, և բոլոր ռեսուրսներն անհրաժեշտ է գործի դնելու՝ հայթայթելու որակյալ տեղեկություններ և համապատասխանաբար՝ տարածելու դրանք:

Այն, որ տպագիր լրատվամիջոցների ղեկավարները մի քանի շաբաթ առաջ համախմբվեցին և որոշեցին պայքարել իրենց իրավունքների համար, միայն խրախուսելի է: Նրանք չսահմանափակվեցին ընդամենը երևույթը դատապարտելով և հայտարարություն անելով: Մեր գործընկերները հանդես եկան նաև օրենսդրական նախաձեռնությամբ: Սակայն խնդիրն այն է, որ այդ նախաձեռնությունը դեռ մշակման, լուրջ քննարկումների կարիք ունի, քանի որ պետք է ներկայացնի դաշտի բոլո՛ր խաղացողների շահերը, և ոչ թե՝ միայն մեկի, նույնիսկ եթե այդ մեկը այս պահին տուժողը լինի: Ի վերջո, օրենքը պետք է բխի ոչ թե մեկ, կամ մի քանի խմբերի շահերից, այլ՝ մեծ հաշվով հասարակության հանրագումար շահից:

Ի վերջո, ինչպես ցույց են տալիս այս հարցերի շուրջ ներկայումս ծավալվող անգամ ոչ պարբերական քննարկումները, որոնք առավելապես հայտնվում են դարձյալ ԶԼՄ-ների էջերին, հեղինակային իրավունքի իրացման հետ կապված հակասություններ կան հենց նույն՝ տուժող կողմի տարբեր ներկայացուցիչների միջև: Օրինակ, նրանց մի մասի համար արտատպելիս բավարար կլինի հիշատակումը սկզբնաղբյուրի մասին կամ առավելագույնը՝ ակտիվ հղումը, իսկ մյուսները շատ ավելի խիստ կանոնակարգում են պահանջում, ինչպես վերևում հիաշատակված ֆինանսական փոխհատուցումը:

Այս հակասությունները հարթելու համար պատրաստի լուծումներ առաջարկելը թերևս անշնորհակալ գործ կլինի: Սակայն մի բան ակնհայտ է՝ օրվա խնդիրները լուծելիս չպետք է մոռանալ ամբողջ ոլորտի և նաև բոլոր դերակատարների շահերը: Որպեսզի, ինչպես աում են թացը չորի հետ չվառվի, կամ օրվա խնդրի լուծումը իր հետ չվտանգի ոլորտի զարգացման օրինաչափ ու տրամաբանական հեռանկարը:

Լուսանկարը՝ http://karevor.com կայքի:

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.