ԱՌԱՋ ՊՈՌԱԼՈՎ՝ ՀԵՏ ԿԵՐԹԱՆՔ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են բերման ենթարկում Պուտինի դեմ բողոքողներին

Լուսանկարը՝ www.epress.am կայքից:

Տարիների աշխատանքը մեկ օրում ջուրը լցվեց: Տարիներ շարունակ պայքարելով խոսքի և հավաքների ազատության, լրագրողների և հասարակության` տեղեկացված լինելու իրավունքների համար, հայաստանյան լրատվամիջոցները և լրագրողական կազմակերպությունները որոշակի առաջընթաց այնուամենայնիվ արձանագրել էին այդ ուղղությամբ: Եթե նույնիսկ այդ առաջընթացը հետընթացի բացակայությունն էր: Լրագրողական կազմակերպություններն իրենց զեկույցներում արձնագրում էին լրագրողների դեմ բռնությունների  դեպքերի նվազում, լրատվամիջոցների և լրագրողների դեմ դատական հայցերի նվազում կամ եղածներով` ոչ ճակատագրական  ֆինանսական փոխհատուցումների պահանջներ և այլն: Ինչ խոսք, այս կամ այն ինտենսիվությամբ շարունակվում են լրագրողների նկատմամբ բռնությունների կիրառումը և դրանց չբացահայտումները:

Նոր իրավիճակներ` նոր ստանդարտներ

Դա` մինչև անցնող շաբաթ: Կամ գուցե՝ մինչև ս.թ. սեպտեմբերի երեքը:

«Գոնե վերջին մեկ տարվա ընթացքում չեմ հիշում, որ որևէ ակցիայի ժամանակ նման վերաբերմունք դրսևորվի լրագրողների նկատմամբ, բայց այդ օրն ուղղակի շոկի մեջ էի։», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է yerkir.am-ի գլխավոր խմբագիրը: Այո, դեկտեմբերի երկուսին, ՌԴ նախագահի` Հայաստան այցի օրը հայրենի իշխանությունները հասարակությանը և հատկապես  լրագրողներին «ցույց տվեցին իրենց տեղը» կամ գոնե` «այսուհետ իրենց տեղը»: Այդ օրը բռնության ենթարկվեցին` ծեծվեցին, ձեռնաշղթաներով բերման ենթարկվեցին, քաշքշվեցին ու ծաղրանքի ենթարկվեցին ՀՀ քաղաքացիների նկատմամբ նույն այդ գործողությունների իրականացումը տեսանկարահանող, այդ մասին ոստիկանության աշխատակիցներին հարցեր ուղղել համարձակված մեր մի քանի գործընկերները: Այսինքն` իրենց պարտականությունները կատարելիս:

Իսկ դա նշանակում է, որ մեր գործընկերներից «Երկիր» պարբերականը միայն ոստիկանության գեներալ-մայորի կողմից իր թղթակցին սպառնալու համար ձեռնարկվելիք միջոցները պարզելու համար չէ, որ պետք է դիմեր ոստիկանություն: «Երկիրը», ինչպես նաև` «Հրապարակը» և մի քանի այլ լրատվամիջոցներ ևս, որոնք հաղորդում են իրենց լրագրողների նկատմամբ այդ օրը ուժային աշխատողների կողմից բռնությունների մասին, պետք է որ հաղորդագրություն տան լրագրողի աշխատանքը խոչընդոտելու, այսինքն` հանցագործության մասին:

Թե ինչ կտա այդ գործընթացը, դժվար չէ պատկերացնել, սակայն եթե ցանկանում ենք վերևում հիշատակված դեպքերին որևէ իրավական գնահատական տալ, ապա դա պետք է լինի արարքին ադեկվատ:

Իսկ «Զանգվածային լրատվության մասին օրենքի» հոդված 4-ը («Լրատվության ոլորտում խոսքի ազատության իրավունքի ապահովման երաշխիքները) ասում է.«Արգելվում է լրագրողի օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը»: Եւ վ՛երջ, ինչպես սիրում են «կտրել» մեր իշխանությունները:

Քեռին եկավ մեր բակը

Ինչքան էլ տխուր է կանխատեսել, սակայն անցնող`շաբաթվա այս մեկ օրը հավանաբար ի ցույց դրեց վերադարձը լրագրողների դեմն առնելու դեռ չմոռացված այն մեթոդների ու ձևերի, որոնցից դժվարությամբ, բայց թվում էր, աննահանջ հրաժարվում է մեր իշխանությունը:

Սակայն այդ օրը եկավ մեծ քեռին, և «ամեն ինչ իր տեղն ընկավ»: Համաձայնե՛ք, դժվար է պատկերացնել, որ բողոքի երթի մասնակիցներին և այն լուսաբանող լրագրողներին նույն կերպ կքաշքշեին և «կկանդալեին», եթե պետական այցով Հայաստանում լինեին Օբաման կամ Օլանդը: Փաստորեն, մեր իշխանությունները ոչ թե իրենց հյուրին ստիպեցին մեր գյուղի գլխարկը հագնել, այլ մեզ բոլորիս հագցրին իրենց հյուրի բերած …ուշանկան:

Այս ֆոնին նույնիսկ անմեղ երկխոսություն է թվում լրագրողների նկատմամբ մշտապես ոչ կոռեկտ պահվածքով հայտնի պատգամավորներից մեկը, որ ընդամենը այսուհետև կարող է «բոյկոտած ունենալ» լրագրողներին: Հիրավի, մարդը հետ է մնում երկրում տեղի ունեցող զարգացումներից:

Ուկրաինսկիյ ուդառ

Այս առումով մեր իշխանությունների, հատկապես ուժային հատվածի համար կարող է ուսանելի լինել իրենց ուկրաինական գործընկերների հետաքրքիր նախաձեռնությունը: Անշուշտ նկատի չունենք այն փաստը, որ անտեղ միլիցիան քրեական գործեր է հարուցել Կիևում բողոքի ակցիաների ժամանակ լրագրողների վրա բոլոր հարձակումների դեպքերով: Կիևում ուժայինները ցույցերը լուսաբանող լրագրողներին են բաժանել շինարարների և սլաքավարների հայտնի վառ, ֆոսֆորային ժիլետներից, դեռ վրան էլ «Մամուլ» գրված: Մղումներն իհարկե բարի են. որպեսզի լրագրողները պատահական քաշքշուկի մեջ ու պատահական հարվածների տակ չհայտնվեն:

Այ, հենց այս փորձն էլ կարելի է կիրառել Հայաստանում, միայն թե մյուս` ոչ լրագրող քաղաքացիների անվտանգության շահերից ելնելով. կտեսնեն ուժայինները վառ դեղին «Մամուլ»-ով ժիլետը և թիրախային հարձակում կգործեն կոնկրետ վերցրած լրագրողի նկատմամբ, և շուրջն այլևս մյուսները չեն տուժի:

25 տարվա ամոթ

Դեկտեմբերի երկուսի ամոթալի օրը, միևնույն է, «խամրում է» վաղվա` Դեկտեմբերի յոթի դեմ: Այս օրն այլևս հռչակվում է Ամոթի օր: Այսուհետև Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի առաջարկությամբ այս օրը հենց այդպիսին է կոչվելու այն պատճառով, որ Երկրաշարժից քսանհինգ տարի անց այստեղ դեռևս այսքան ընտանիք անօթևան է և ապրում է այսպիսի պայմաններում:

Լուսանկարը՝ Հայկ Բարսեղյանի

«Ասպարեզը» պատրաստում է 25 լուսանկարներ տպագրել այս թեմայով: Նոր Ավետարանի օրինակով կարելի է առաջ գնալ` այս լուսանկարները տպագրել ամեն օր, հնարավորինս բոլոր` ոչ աղետի գոտու վերականգնման, ոչ բնակարանաշինարարության, ոչ էլ արտաքուստ այս թեմային առնչվող տեղեկությունների հետ: Ինչպես, օրինակ, «ՀՀ կառավարությունն իր հերթական նիստում որոշեց «Ի՞նչը, որտե՞ղ, ե՞րբ» խաղին տալ տասներկու միլիոն դրամ» լուրը հրապարակել` ավելացնելով «Իսկ Երկրաշարժից քսանհինգ տարի անց այստեղ դեռևս այսքան ընտանիք անօթևան է և ապրում է այսպիսի պայմաններում» նախադասությունը համապատասխան նկարներով:

Կամ նույնիսկ այս տեղեկությունը՝ Գալուստ Սահակյանը միշտ իմացել է գազի պարտքի մասին: Եվ անպայման շարունակել` «Իսկ Երկրաշարժից քսանհինգ տարի անց այստեղ դեռևս այսքան ընտանիք անօթևան է և ապրում է այսպիսի պայմաններում» նախադասությունը համապատասխան նկարներով:

Լուսանկարը՝ Հայկ Բարսեղյանի:

Եվ թող փորձի մեկն այդ լրագրությունը համարել ոչ պրոֆեսիոնալ:

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.