Լրագրության ամենակարևոր, թեև հաճախ անտեսված սկզբունքներից է հետևողականությունը: Ճիշտ է, հաճախ այդ հետևողականությունը դեղինի հավակնող մամուլի դեպքում վերաճում է կպչունության, սակայն այս սկզբունքն իսկապես զարդարում է լուրջ լրագրությունը:
Հայաստանյան մեդիայում վերջերս նկատվում է այդ հետևողականությունը՝ թեման բացել մի քանի տարբեր մոտեցումներից, անդրադարձ կատարել դրա տարբեր շերտերին, լուսաբանել զարգացումները՝ ինչ կարգի էլ դրանք լինեն: Մի կողմից խրախուսելի է լրագրողական նյութի մեկ ամբողջակա՛ն տեսքով ներկայացումը՝ երկար և խորը ուսումնասիրությունից հետո, որտեղ էլ հենց ներառված կլինեն միևնույն խնդրի ամենատարբեր ասպեկտներն ու շերտերը, և ներկայացված՝ խնդրով շահագրգիռ և հակառակ կողմերի տեսակետները: Մյուս կողմից՝ այսպիսի մոտեցումը գրեթե հասցնում է լրագրողական հետաքննության ժանրին, որը հատկապես հայաստանյան պայմաններում անշուշտ շքեղություն է: Էլ չենք ասում՝ րոպե առ րոպե թարմացվող լրահոսների և էքսկլյուզիվ տեղեկությունների մրցավազքի ներկա իրականությունը:
Շղթան կազմվում է օղակներից
Մինչդեռ միայն մեկ տեղեկատվական առիթը բավական է, որ այն ոչ միայն ինքնին լրագրողական նյութ դառնա, այլև ժամանակի ընթացքում դրան հետևեն շղթայի մյուս օղակները: Ինչպես դա եղավ, երբ Տարոն Մարգարյանի թեկնածուական թեզի պաշտպանության ժամանակ մի քանի երիտասարդների կողմից խոչընդոտվեց լրագրողների աշխատանքը: Սա առիթ դարձավ՝ ոչ այնքան անդրադառնալու լրագրողների աշխատանքը խոչընդոտելու այլ դեպքերի, որքան տարավ այլ՝ ոչ այնքան սպասելի, սակայն ոչ պակաս հետաքրքիր և պահանջարկված թեմայի՝ ատենախոսությունների պաշտպանությանն ընդհանրապես , պաշտոնյաների և նրանց զավակների ատենախոսությունների պաշտպանությանը՝ մասնավորապես:
Վերոնշյալ տեղեկատվական առիթի ամենահիշարժան զարգացումը թերևս հրապարակումն էր այն մասին, որ լրագրողների աշխատանքը խոչընդոտած երիտասարդներից մեկը ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող մի ծրագրով դրամաշնորհի է արժանացնել:
Նաև ա՛յս կողմից
Լրագրողական հետևողականության թերևս ամենահետաքրքիր դրսևորումներից էր անցնող շաբաթում հրապարակված Հարավային Կորեայի և Հայաստանի առողջապահական տուրիզմների համեմատությանը նվիրված հոդվածը: Անկախ նրանից, որ հրապարակումը կարող էր և ավելի շատ ու թարմ տվյալներ պարունակել նշված թեմայից, սակայն անցյալ շաբաթվա ամենաթեժ՝ ՀՀ նախագահի առողջապահական տուրիզմի թեմայի այսպիսի զարգացումը լրագրողական ճիշտ հոտառության արդյունք է:
Շաբաթվա «ավետիսը»
Իհարկե միշտ չէ, որ ճիշտ կամ սխալ լրագրողական հոտառությունը անվտանգ է. այն, ինչ կատարվում է Ռուսաստանում «Դոժդ» հեռուստաընկերության շուրջ, ոչ մի վատ բան չի խոստանում այդ երկրի ամեն ինչին իրենցից առաջ ինտեգրվելու մեր վերջին ջանքերի ֆոնին:
Մեծ ցանկության դեպքում էլ Հայաստանում դժվար է գտնել լրատվամիջոցի, որը կփորձի այդքան համարձակ մոտենալ հասարակության տաբուներին:
Լուսանկարը՝ http://blognews.am/ կայքից:
Մեկնաբանել