ՎՍՏԱՀԻՐ, ԲԱՅՑ ՍՏՈՒԳԻՐ

Կադրերի բաժին. «Մենք փնտրում ենք անկողմնակալ մարդկանց, որոնք մտածում են մեզ նման»:

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Ղրիմի հանրաքվեի հարցով Հայաստանի քվեարկության շուրջ պատմությունն` ընդհանրապես, իսկ դրա շուրջ զարգացումների լուսաբանումը մասնավորապես հիշեցնում են անցյալ տարվա սեպտեմբերի 3-ը և դրա հետագա զարգացումները: Պարզապես վերջինի դեպքում հանրությունը մի բանի չորս ու կես տարի էր սպասում և ստացավ տրամագծորեն դրան հակառակ բանը, իսկ առաջինի դեպքում միայն մեկ օր տևեց «թյուրիմացությունը». ՀՀ արտաքին գործերի նախարարությունը (գոնե ըստ այդ օրվա ԶԼՄ-ների հրապարակումների) մարտի 26-ին տեղեկացրեց, որ քվեարկելու է ձեռնպահ, իսկ հաջորդ օրը դեմ քվեարկեց՝ նույն ԱԳՆ-ի բերանով ասելով, որ նախորդ օրը ոչ մի բան էլ չէր խոստացել իր ժողովրդին:

Այս ամենի լուսաբանումն էլ տեղի ունեցավ համապատասխան ոգով: Իհարկե, քվեարկության մասին տեղեկությունը տարածվեց հիմնականում չեզոք՝ առանց հատուկ գունավորումների:

Եվ եթե մամուլն առանձնապես ժամանակ չուներ քննարկելու և մեկնաբանելու «ձեռնպահի» մտադրության թեր և դեմ կողմերը (հիշենք՝ դրա ժամանակը ֆիզիկապե՛ս չկար), սակայն այդ քվեարկությունից ժամեր անց գնահատականները հեղեղեցին հայաստանյան լրատվական դաշտը: Կարծիքների և դիրքորոշումների պակաս, բնականաբար, չկար:

Եվ այդ ամենն իհարկե մատուցվեց հայ հասարակությանը, սակայն մեր լրատվամիջոցները ամենայն հավատարմությամբ այդ առատությունը հիմնականում չմեկտեղեցին: Ինչպես և կարծիքները, լրատվությունն էլ բաժանվել էր երկու մասի, որոնք պայմանականորեն  կարելի է բաժանել «Հայաստանի քվեարկությունը բխում էր մեր երկրի շահերից» և «այդ քվեարկությունը եվրաինտեգրման դագաղի վերջին մեխն էր»: Այս հրապարակումներում ներկայացվում են քաղաքական ուժերի կամ դրանց ներկայացուցիչների կարծիքները Հայաստանի քվեարկության մասին, անշուշտ՝ երբեմն համեմված ինչ-որ փաստարկներով:

Անկախ այդ փաստարկների վիճելի լինելուց կամ ոչ՝ առավել հետաքրքիր կլիներ  ոչ թե յուրաքանչյուր կողմի առանձին –առանձին այդ փաստարկների թվարկումը մեկ նյութում, այլ այդ փաստարկների համադրմա՛ն վերլուծություններ թողարկելը: Փաստարկների՛ համադրման և ոչ՝ կարծիքների: Քանի որ գոնե կարծիքների  մեկտեղման և համադրման տեսանկյունից այս էլ որերորդ անգամ հայաստանյան լրագրությունը փրկում են Ազգային Ժողովի հայտարարությունները: Եվ դրանց պարզ սղագրումը լրատվամիջոցների կողմից ուղղակի բազմակարծիք լրագրության «փայլուն նմուշներ» է տալիս: Այդպես եղավ նաև Հայաստանի պատմական վերջին քվեարկության պարագայում: Լավագույն համադրումները այս անգամ էլ դարձյալ ԱԺ-ի շնորհիվ ստացվեցին:

Մինչդեռ կողմերից ոչ մեկը չբերեց հակառակ կողմի հիմնական փաստարկների հնարավորինս լիարժեք փաթեթը՝ փորձելով դրանք հերքել սեփականներով: Լրագրողներն էլ գրեցին ինչ ասվեց՝ առանց սեփական նախաձեռնության՝ դիմելու խորը համադրությունների:

Ավելի լավ էր՝ չդիմեինք

Այս վերջին ՝սեփական նախաձեռնության տեսանկյունից մենք ընդհանրապես հետաքրքիր «նախապատվություններ» ենք հանդես բերում: Անցնող շաբաթում քիչ էր մնում (թեև չի բացառվում, որ ոգևորվածները դեռ շարունակեն) միջազգային լրատվամիջոցի վրիպակը ճակատագրական հետևությունների առիթ դառնար:

Երբ գերմանական «Դոյչե վելլեն», անդրադառնալով Ուկրաինայի խնդրով Վայմարի եռյակի մարտի 31-ի հայտարարությանը, թվարկեց Արևելյան գործընկերության երկրների ցանկը՝ առանց Հայաստանի, քիչ անց մեր երկրում վերլուծաբաններն անմիջապես բռնեցին «սենսացիոն բացահայտումների» պոչը: Եվ գրվեց երկար հոդված՝ եզրակացություններ անելով բացառապես այդ թերի ցուցակի փաստից: Մինչդեռ առավել քիչ ժամանակ կպահանջվեր լրագրողից ստուգել նույն «Դոյչե վելլեի» վկայակոչած փաստաթուղթը տեսնել, որ այստեղ Հայաստանը այդ ցուցակից հանված չէ այն պարզ պատճառով, որ ցուցակ ընդհանրապես չկա: Վայմարի եռյակի հայտարարության տեքստում օգտագործվել է «Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրներ» ձևակերպումը, իսկ ԱլԳ-ից գուցե ոչ շատ տեղյակ իր լսարանի համար բացելով այդ երկրների ցանկը՝ «ԴՎ-ն» ինքը պարզապես թերացել է: Չի բացառվում, որ այս կապակցությամբ դեռ շատ «արյուն կթափվի»: Հուսանք, միայն «լրագրողական»:

Առակս զի՞նչ ցուցանի

Եթե  ի մի բերենք անցնող շաբաթվա լրատվական այս երկու դրվագը, եզրակացությունները հետևյալն են՝ պետք է հիշել, որ. ա) լրագրությունը միայն արձանագրելու, առավել ևս բացառապես սղագրելու արվեստ չէ՝ այդ սղագրությունները համադրելն էր մեր մասնագիտության մեջ է մտնում, բ) զրուցակցի բերած փաստարկներն առավել ուժեղ են՝ հակափաստարկների հերքմամբ (ի դեպ, այդ կերպ լրագրությունը նաև մեր հասարակությունում գոյություն չունեցող բանավեճի արվեստի ծնունդին կարող է նպաստել), գ) անհրաժեշտ է սենսացիոն թվացող ամեն բանի նախ կասկածել, հետո՝ ստուգե՛լ-ստուգե՛լ-ստուգե՛լ:

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.