«Քանի որ մոտենում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 100 ամյակը, մեծանում են ընդհանուր հետաքրքրությունը և ուշադրությունը այն ամենի հանդեպ, ինչ տեղի ունեցավ այդքան շատ հայերի հետ: Կա նաև ցանկություն՝ պարզելու, թե այդ օրերին աշխարհն ինչքան գիտեր»,- 2013թ. դեկտեմբերին գրում է կանադացաի բանաստեղծ-գիտնական Ալան Ուայթհորնը:
Իսկ թե ինչ գիտեր աշխարհը հենց այդ օրերին, փորձ է արվել պարզելու իհարկե ժամանակի մամուլին դիմելով: «Փնտրելով 1915 թվականը. ինչ էին գրում թերթերը Հայոց ցեղասպանության մասին» հոդվածում Ուայթհորնը բերում է 1980-ականներից այս կողմ տպագրված այն նշանակալից աշխատությունները, որոնք ի մի են բերում 19-րդ դարի վերջի և 20-ի դարասկզբի մամուլի հրապարակումները Ամերիկայում, Կանադայում, Ավստրալիայում:
Ցեղասպանություն/ները ուղեկցվել է լուսաբանմամբ՝ այն ժամանակ հնարավոր եղանակներով՝ օտարերկրյա միսիոներների, դեսպանների, զինվորականների զեկույցներ, օրագրեր և լուսանկարներ, փրկվածների պատմությունների գրառումներ, դիվանագիտական տեղեկությունների փոխանակում, որոնց մի մասը համաշխարհային մամուլում հրապարակվել է հենց այդ օրերին կամ հետագայում:
Գրեթե չօգտագործված
Հսկայական փաստագրական նյութ կա համացանցում ինչպես Ցեղասպանության, այնպես էլ Ցեղասպանության լուսաբանման տարբեր ժամանակահատվածների, ժանրերի և հեղինակների մասին, որն օգտագործելու առանձնապես մեծ պատրաստակամություն այսօրվա լրատվությունում չի նկատվում: Այսօրվա մամուլը անցյալի մասին պատմելիս գերադասում է օգտագործել այսօրվա՛ իրադարձությունները՝ գիրք է տպագրվել, ֆիլմ է նկարահանվել, մահացել է Եղեռնի ականատեսը, որևէ երկիր Ցեղասպանության մասին դասընթաց է մտցրել ուսումնական ծրագիր կամ պետականորեն ճանաչել է Ցեղասպանությունը: Իրադարձություններ, որոնք բուն իրադարձությանը՝ Ցեղասպանությանը առնչվում են անուղղակիորեն: Իսկ բուն վավերագրերը և ոչ թե դրանց մասին տեղեկությունները, մնում են արխիվներում կամ հազվադեպ հայտնվում մամուլում:
Դա գուցե նրանից է, որ մենք կարծում ենք, թե ամեն ինչ գիտենք Ցեղասպանության մասին և վավերագրերին, բուն փաստական նյութին անդրադառնում ենք հիմնականում տարին մեկ անգամ՝ Ապրիլի 24-ին: Գուցե նաև հոգեբանորեն հեշտ չէ պարբերաբար, առանց այսպես կոչված «տեղեկատվական առիթի», աշխատել Ցեղասպանության վավերագրերի հետ, գտնել դրանցում մինչև այժմ չնկատված-չհայտնաբերված մանրամասներ, նրբերանգներ և գրել այդ մասին:
Սակայն տարիների փորձը ցույց է տալիս, որ Սա թերևս այն եզակի թեման է, որը չի պահանջում «տեղեկատվական առիթ»: Համենայն դեպս, լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունը՝ նոր թե հնի վերարտադրություն, հաջող շարադրված թե ոչ այնքան, կարծես թե ոչ մի անգամ չի առաջացրել հետևյալ միտքը՝ իսկ ինչո՞ւ հիմա: Եվ թերևս երբեք էլ չի առաջացնի:
Գրեթե չմասնագիտացված
Չնայած այս իրողությանը, հայաստանյան լրատվամիջոցներում չի նկատվում նաև այս ուղղությամբ մասնագիտացման միտում. Ցեղասպանությանն առնչվող թեմաներով գրում են հիմնականում մշակույթ լուսաբանող կամ քաղաքական լրագրողները: Ասվածն անշուշտ չի վերաբերում գիտնական-ուսումնասիրողներին, որոնց հոդվածները միշտ չէ, որ հայտնի են դառնում ոչ գիտական շրջանակներին: Սակայն դժվար է գերագնահատել դրանց ոչ միայն գիտական, այլև հանրամատչելի բնույթը: Ինչպես օրինակ, Հայոց ցեղասպանության մասին 1919 թվականին էկրան բարձրացած առաջին գեղարվեստական ֆիլմն է, որի մասին տեղեկություն զանգվածային լրատվամիջոցներում հայ հանրությանը հայտնվել է, կարելի է ասել մեկ-երկու անգամ՝ «Հոգիների աճուրդ» ֆիլմի սցենարի հեղինակ և գլխավոր դերակատար, Մեծ Եղեռնը վերապրած Արշալույս Մարտիկանյանին նվիրված նամականիշի մարման կամ նրա գրքին նվիրված միջոցառման կապակցությամբ:
Հատկանշական է, որ ընդհանրապես ցեղասպանության թեմայի լուսաբանման խնդիրների մասին հրապարակումը՝ մի շարք արժեքավոր խորհուրդներով և դիտարկումներով, հայտնվում է ոչ թե բուն լրատվամիջոցում, այլ բլոգում: Ինչի պատճառով էլ հնարավոր է՝ այն աննկատ կմնա լրագրողների կողմից: Այստեղ ցեղասպանության լուսաբանն առնչվող խորհուրդներից հարկ է թերևս առանձնացնել հետևյալը, որը կարծես թե նոր, գուցե թե բեկումային մոտեցում է ենթադրում արդեն հարյուրամյակից անցնող ցեղասպանության լուսաբանման պատմության մեջ. «Անհրաժեշտ է հարցեր տալ և պատասխաններ գտնել։ Որտե՞ղ մենք թերացանք, ինչո՞ւ թույլ տվեցինք այս աղետը, ի՞նչ սխալներ գործեց մեր էլիտան»:
Ընդհանրապես վերջերս նկատվում է այս զգայական թեմային նորովի մոտենալու անհրաժեշտության կոչ՝ նաև առավել լայն մեդիա ընդգրկման տեսանկյունից: Օրինակ, արդի հայ գրականության մեջ վերջին հինգ տարիների միտումը՝ Հայոց ցեղասպանությունը դարձնել ոչ թե լացուկոծի, այլ քննարկման, զրույցի առարկա, գրականագետները գնահատում են դրական: «Որովհետև մինչ այս Եղեռնին նվիրված ստեղծագործություններում հիմնականում նկարագրվում էին բուն ջարդի, կոտորածի, տեղահանման տեսարաններ»: Ներկայացնելով այս հարցում մեկ ուրիշ՝ հրեական փորձը. «Հրեաները հաջողության հասան այն պատճառով, որ քարոզչության հիմնական միջոցը դարձրին մշակույթը, արվեստը: Նրանք իրենց նկատմամբ կատարվածը մշակույթի վերածելով շահեցին, իսկ մերը մնաց լացուկոծի սահմաններում: Եղեռնի պատկերում չի նշանակում ստեղծել կոտորածի տեսարաններ»:
Նույնը կարելի է ասել թերևս նաև լրագրության համար:
Օրվա բացառիկը
Այն հայտնվեց երեկ օրվա վերջում՝ այն տեղեկության տեսքով, որ Հանրային հեռուսատեսությունը Ապրիլի 24-ին ամբողջությամբ կվերափոխի Առաջին ալիքի եթերացանկը: Իսկ որպես «նոու-հաու» Հանրայինն իր հեռուստադիտողին առաջարկում է պարբերական միացումներ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից, թեմատիկ ֆիլմեր և ռեպորտաժներ:
Հիրավի, նորագույն խոսք Ապրիլի 24-ի հեռուստատեսային քաղաքականության ասպարեզում:
Մեկնաբանել