ՀԱՍՏԻՔՆԵՐԻ «ԿՐՃԱՏՈՒՄ»

no-tv

«Անջատի՛ր ինձ»:

Վերջին շաբաթվա բուռն իրադարձությունները և դրանց ոչ պակաս բուռն լուսաբանումները մի տեսակ չեն խամրեցնում «Արմենիա» հեռուստաընկերության «դափնիները»՝ իր աշխատակցիների կողմից վարչապետի անունը վրիպակով հեռարձակելու պատմության հետ կապված:

Այս պատմությունը լավագույնս է ցուցադրում հայաստանյան լրատվամիջոցներում կոլեկտիվ պատասխանատվության բացակայությունը և դրա գոյության անհրաժեշտությունը:

Հետաքրքիրն այն է, որ, ի հակադրություն տպագիր մամուլի, ռադիոն և առավել ևս հեռուստատեսությունը, ավանդաբար ընկալվել են որպես կոլեկտիվ աշխատանքի արդյունք են: Այստեղ մեկ օղակի թերացումը կարող էր ճակատագրական լինել աշխատանքային ողջ գործընթացի կամ դրա արդյունքի համար:

Եթեր ասվածն ընդհանրապես ռազմաճակատի նման մի բան է՝ առանց ամուր թիկունքի այն կարող է տապալվել, և մեղավորը միայն շարքային զինվորները չեն լինի:

Այստեղ կարևորն այն է, որ թիկունքի արածն առանձնապես չի երևում հաղթանակի ժամանակ, իսկ այ պարտությա՛ն դեպքում…

Փաստորեն մեկ վրիպակը բավական էր՝ ապացուցելու համար ոչ միայն այն, որ լրատվամիջոցները, իսկ հեռուստատեսությունները՝ հատկապես, անմիջականորեն իշխանության վերահսկողության տակ են՝ թե ուղղակի, թե անուղղակիորեն (անգամ եթե իրենք հերքում են դա), այլ նաև՝ այն, որ հեռուստատեսությունը վաղուց դադարել է դասական իմաստով կոլեկտիվ աշխատանքի վայր լինելուց: Մի բան, որ եթերից հաճախ է ակնհայտ դառնում, սակայն՝ դժվար ապացուցելի է:

Ավելորդ՝ տնօրենի, անհանդուրժելի՝ լրագրողի համար

Իսկ այս պատմության մեջ, լուսագրերում վրիպակ թույլ տալու համար լրագրողին և մոնտաժողին պատժելով, հեռուստատեսությունն ակամայից խոստովանել է, որ ոչ ոք, երկու հոգուց բացի, պատասխանատվություն չի կրում եթեր հեռարձակվող ռեպորտաժի համար: Մի հսկա շղթա, փաստորեն, բացակայում է լուրարտադրության հոսքագծում՝ խմբագիր, ռեժիսոր, թողարկման պատասխանատու: Գուցե թե ոչ համապատասխան մասնագիտությունները, սակայն առնվազն այս աշխատատեղերը հեռուստատեսություններում աստիճանաբար դառնում են չպահանջարկված: (Տարիներ առաջ Երևանի մամուլի ակումբի սեմինարներից մեկի ժամանակ հեռուստատեսության մի տնօրեն հպարտությամբ արձանագրեց, որ իրենք սկսել են աշխատել առանց խմբագրի): Խմբագիրն ու ռեժիսորը ավելորդ կամ անհանդուրժելի շքեղություն են դառնում, որոնց աշխատանքային առաքելությունը շատ լրագրողների համար հանգում է պարզունակ գրաքննության: Ցավոք, լրագրողների հետ այս հարցում երբեմն համերաշխ են լինում հեռուստատեսությունների տնօրեններն ու սեփականատերերը՝ զանազան նկատառումներով, հիմնականում՝ ֆինանսական: Եվ իրենց լրագրողներին «տված ազատության» յուրաքանչյուր չարաշահման համար համապատասխան պատժի ենթարկում նրանց:

Միակը՝ թյուրիմացաբար

Մամուլում հրապարակումներ են եղել այն մասին, որ ոչ մի պատիժ չէր էլ լինի, եթե վրիպակը ընդդիմադիր գործչի ազգանվան մեջ հայտնվեր: Տառասխալներով, սխալ և կոպիտ վրիպումներով թարգմանություններով լուսագրեր՝ որքան ասես հայտնվում են հեռուստաընկերությունների եթերներում: Սակայն, դատելով դրանց շարունակական բնույթից և հետևողականորեն կրկնվելու փաստերից, այդ սխալներն աննկատ են ացնում հեռուստատեսությունների վերին ղեկավարության համար:  Ավելին, պատիժներ չեն լինում առավել ծանր եթերային խոտանների դեպքում: Ինչպես օրինակ, վերջերս հեռուստաընկերություններից մեկի լրատվական թողարկման ժամանակ մոտավորապես երեք (՞) րոպե ռեպորտաժի փոխարեն հեռարձակվում էր ստուդիայում աշխատող մեկնաբանի և տեխնիկական աշխատողի երկխոսությունը: (Հղում չի  տրվում համացանցում դրա բացակայության պատճառով-ԵՄԱ Ամփոփագիր): Փաստորեն, իրենք էլ իրենց եթերը չեն նայում:

Երևի հուսալով, որ հեռուստադիտողը նույնպես կհետևի իրենց օրինակին:

Լուսանկարը՝ http://www.leakygutcure.com/ կայքից:

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.