ՍԵՆՍԱՑԻԱՆԵՐԻ ՀԵՏԵՎԻՑ ԸՆԿԱԾ

Sensation Comics cover homage

Սենսացիա. «Իմ մատները կենդանի են և ինձ մահվան սպառնալիք են տալիս»

 

Այսօր դեռ ոչ մի օլիգարխի մատը փուշ չի մտել, կամ ոչ ոք դեռ չի ենթադրել, որ կարող է փուշ մտած լինել: Այդ դեպքում ի՞նչ հնարավոր զարգացումներ կստանային իրադարձությունները Հայաստանում և աշխարհում: Իսկ եթե դեռ չի մտել, ապա որտե՞ղ է այժմ այդ փուշը, ո՞վ է այն թաքցրել, ի՞նչ նյութից կարող էր այն պատրաստված լինել և այլն: Այս և այլ աշխարհաստեղծ հարցերի պատասխանները մեր մեդիան դեռ կհասցնի տալ այսօրվա ընթացքում: Ավելին, կգտնի նաև դրանց պատասխանները: Ուրեմն ո՞վ ասաց, որ ամառ է, թեմա ու նյութ չկա գրելու:


Հուլիսի 24-ին, ժամը 12:57-ին «Բլոգնյուսը» հրապարակում արեց՝ «Գեորգի Վանյանը ցավակցություն է հայտնել ադրբեջանցի դիվերսանտների ընտանիքներին ու ներողություն է խնդրել նրանցից» «սենսացիոն» վերնագրով:
Որպես նյութի աղբյուր նշված էր Ֆեյսբուքի անձնական մի էջ, որտեղ նույն «տեղեկությունն» էր՝արդեն առանց որևէ հղման:

Շատ արագ Բլոգնյուսը արձագանքեց սեփական «տեղեկատվությանը», «մեկնաբանեց» այն: Լրագրողական փոքրիկ, բայց այնուամենայնիվ մի հետաքննություն պահանջվեց՝ բացահայտելու, թե որտեղից է փչում այդ «տեղեկության» ծուխը:

Ադրբեջանական մի կայք է գրել, որ իրեն հարցազրույց է տվել Գեորգի Վանյանը և ներողություն խնդրել ադրբեջանցիներից հայերի կողմից նրանց դիվերսանտներին բռնելու համար: Իսկ ֆեյսբուքի հայաստանյան օգտատերերն ուշադիր ժողովուրդ են: Անմիջապես գտել են այս «սենսացիան» և հրապարակել: Թեև դա հրապարակում անվանելը սխալ է, քանի որ այն ֆեյսբուքյան օգտատեր-հեղինակի՝ «սենսացիայի» արձագանքի արտատպումն էր՝ առանց փաստերի և առանց փաստերի ստուգման:

Հայկական մի քանի կայքեր՝ հոգեցունց վերնագրերով տարածեցին «տեղեկությունը» և Բլոգնյուսի «մեկնաբանությունը»  կամ դրա համար հիմք դարձած ֆեյսբուքյան օգտատիրոջ գրառումը՝ պահպանելով վերը նշված «ֆորմատը»:

Բլոգնյուսի հրապարակման ներքևում հայտնված բուռն արձագանքները և մեկնաբանությունները ցույց տվեցին, որ կայքը փաստորեն հենց այցելուների աննախադեպ քանակ ապահովելու և հնարավորինս շատ արտատպվելու նպատակն ուներ: Մեկնաբանություններ՝ թունդ և քարը քարին չթողնող, այո, ապահովեց:

Սակայն, հայաստանյան լրատվամիջոցների մեծ մասը չանդրադարձավ այս թեմային, հնարավոր է՝ այն պատճառով, որ ստուգել ի վիճակի չէր և ինչպես ասում են, անցավ գլուխը ցավի տակ չդրեց: Մի հուսադրող փորձ կատարվեց  asekose.am-ի կողմից՝ դուրս գալու «էդ տականքն ասած կլինի, դրանից հավատալու ա»՝ լրագրության հետ կապ չունեցող տեսության շրջանակներից և կապվելու ադրբեջանական կայքին հարցազրույց տված Վանյանի հետ՝ ճշտումներ կատարելու առաջին ձեռքից: Հաջող էր այդ փորձը՝ թե ոչ, առանձին թեմա է, սակայն այն, ինչ հրապարակվեց այնուհետև, հարիր չէ իրեն լրատվամիջոցի տեղ դնող ոչ մի սուբյեկտի:

Այս թեման լայն ասպարեզ բացեց հայհոյախոսության համար, անգամ այնպիսիների, որոնց մասին ասում են, գրել չի կարելի: Սակայն Բլոգնյուսի վերոնշյալ նյութի ներքևի մեկնաբանություններում հայհոյանքը կայքի մոդերատորների կողմից աննկատ մնաց բավական երկար և պահպանվեց առնվազն մինչև ժամը 16:05:

Մի քանի «վերլուծություններ» էլ ծնվեցին «այս աղմուկից» (նմանատիպ մի վերլուծությամբ՝ Հանրային հեռուստաընկերության «Տեսանկյուն» հաղորդման հղումը չի տրվում, քանի որ այն դեռևս տեղադրված չէ համացանցում):

Վատ բան չէ Ֆեյսբուքը, ավելին՝ նույնիսկ անփոխարինելի: Եվ ընդհանրապես լրագրողի և լրատվամիջոցի համար խելամիտ չէ սոցիալական ցանցերը չօգտագործել որպես տեղեկությունների աղբյուր և փոխանակման հարթակ:

Ասածս ինչ է…

Այսօր կյանքից հեռացել է Սեն Արևշատյանը: Ժամը 14:40-ին տեղեկությունը վերջապես հասավ լրատվամիջոցներ:

Մեր լրագրության հիմնական ակունք Ֆեյսբուքում այս տեղեկությունը հայտնվել էր առավոտյան ժամը 9-ին:

Նկարը՝ http://whatmashekadid.com/tag/cover/ կայքից:

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.