ԳՅՈՒՄՐՎԱ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Տարիներով հայ լրագրության բարդագույն խնդիրներից մեկը եղել է համերաշխությունը՝ այս կամ այն գործչի գործունեության կամ որևէ իրադարձության լուսաբանումը բոյկոտելու հարցում:

Վերջապես տեղի ունեցավ գուցե ոչ մեծամասշտաբ, սակայն այդ շատ սպասված բոյկոտը:

Երբ ՀՀ նախագահը որոշեց հոկտեմբերի 22-ին այցելել Գյումրի՝ բացելու սփյուռքահայ բարերարի կառուցած արվեստի դպրոցը, տեղի լրատվամիջոցների համբերության բաժակը լցվեց: Ինչպես իրենք են պնդում, ինքնաբուխ որոշեցին բոյոկտել այդ այցը: Դրա համար Գյումրիի լրագրողները, ինչպես նաև նրանց լրատվության սպառողներն ունեն ծանրակշիռ պատճառներ, որոնք և ներկայացրել էին ակցիայի մասին իրենց հայտարարությունում: Ընդ որում այդ պատճառների մի մասը՝ պարզապես գյումրեցիներինը, պայմանականորեն կոչենք, քաղաքացիական էին, մյուս մասը՝ գյումրեցի լրագրողներինը՝ մասնագիտական:

Նաև կոչ արեցին իրենց հայրենակից և երևանյան գործընկերներին՝ միանալու այդ ակցիային:

Հատկանշական է, որ մասնագիտական համերաշխությամբ այս էլ որորերդ անգամ հանդես է գալիս հենց Գյումրիի լրագրողական համայնքը: Անցյալ տարի դեկտեմբերի 7-ի՝ Երկրաշարժի տարելիցի կապակցությամբ մեր գործընկերները որոշեցին այդ օրը հռչակել Ամոթի օր՝ այն պատճառով, որ Երկրաշարժից քսանհինգ տարի անց այստեղ դեռևս 4000 ընտանիք անօթևան է և ապրում է այսպիսի պայմաններում:

Լուսանկարը՝ Հայկ Բարսեղյանի:

Անցյալ շաբաթվա բոյկոտի պատճառների մեջ այս փաստարկը ամենաառաջիններից է: Ինչպես նաև այն, որ տասնամյակներով Գյումրի ցուցադրական և ձևական այցեր են կատարվում, իսկ ԶԼՄ-ները օգտագործվում են «Ս.Սարգսյանի պայծառափայլ անձի քաղաքական կամ վարկանշային գովազդների մեջ, հաճախ սահմանափակելով հենց լրագրողների իրավունքները»:

Իհարկե վաղուց ժամանակն էր ոչ միայն արձանագրելու, որ պետական պաշտոնյաների, մանավանդ ամենաբարձր պաշտոնյայի այցերի ընթացքում ոչ մի լրագրող իրական տեղեկություն չի կարող ստանալ այդ պաշտոնյայից, և որ այդ «ճարահատյալ» այցերի ժամանակ պաշտոնյային մի առանձին խնամքով են պաշտպանում «ոչ պատասխանատու» ԶԼՄ-ների ներկայացուցիչներից, այլ նաև՝ կոնկրետ քայլեր կատարելու այդ ուղղությամբ:

Այցի փոխարեն իրական տեղեկություն տալու իրենց իսկ կոչին հետևելով՝ Գյումրիի լրատվամիջոցների մի մասը հրապարակեցին «Գյումրու եւ գյումրեցիների խնդիրներին վերաբերող նյութեր՝ մասնավորապես տնակային թաղամասերում, վթարային շենքերում եւ սոցիալական ծանր պայմաններում ապրող մարդկանց հոգսերի մասին»:

Պակաս ազդեցիկ չէր «Ասպարեզ» թերթի դատարկ հատվածը գրեթե՝ «Այստեղ կարող էր լինել ձեր գովազդը» հայտարարության ոգով:

Լուսանկարը՝ «Գյումրի Ասպարեզ» օրաթերթի խմբագրի ֆեյսբուքյան էջից:

Այլ լրատվամիջոցներից միացան այս կոչին, համենյան դեպս մի քանի լրագրողներ իրենց համերաշխությունը հայտնեցին:

Հատկանշական է, որ մի քանի լրատվամիջոցների որոշումը՝ լուսաբանել դպրոցի բացումը և դրա նախապատմությունը, շատ էլ լավ արդյունք տվեց՝ ակնառու ցուցադրելով, որ այդ օրվա իրադարձությունը պաշտոնյայի այցը չէ հաստատության բացմանը, այլ՝ հաստատության բացումը:

Ի դեպ, լավ կլինի, որ լրատվամիջոցները հաճախ հիշեն, որ զանազան ժապավենների կտրումը դադարել է իրադարձություն լինել խորհրդային կարգերից հրաժարումից ի վեր, իսկ ժապավեն կտրողները դադարել են իրական իրադարձությունների իրական հերոսներ լինել: Համենյան դեպս, պետք է որ դադարած լինեին:

Վկան՝ իրենց քաղաք այցի մասին կարծիք հայտնող գյումրեցիները:

Մնում է միանալ բոյկոտին և տարածել Գյումրիի համար իսկապես օրախնդիր տեղեկություններ՝ «Երկրաշարժից 26 տարի հետո մարդիկ Գյումրիում ապրում են այսպիսի պայմաններում»:

Լուսանկարը՝ Հայկ Բարսեղյանի:

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.