Էբոլա վիրուսի հետ կապված նորությունները լուսաբանելիս աշխարհի լրագրողները հիմնականում կատարեցին նույն սխալները, ինչ որ անում էին մյուս՝ համանման վիրուսների, հիվանդությունների և համաճարակների դեպքում: Եվ կատարաում են:
Ինչպես ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ը՝ 20-րդ դարի, Էբոլան էլ դարձավ 21-րդ դարի ժանտախտը, ինչպես թռչնի, խոզի և «կենդանական» այլ գրիպներ անվանվեցին անբուժելի և մարդկանց տևական ժամանակ պահեցին վախի ու լարվածության մեջ՝ հետ պահելով բազմաթիվ շրջագայություններից և խառնելով այլ պլաններ, այնպես էլ Էբոլան դարձել է հերթական դամոկլյան սուրը՝ մարդկության գլխին: Եվ այս ամենի մեջ մեծ է լրագրողների դերը:
Խնդիրը հավանաբար այն է, որ այս կարգի նորությունները առաջին հերթին վախեցնում են իրենց ՝լրագրողներին: Եվ երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ահազանգում է հերթական ծանր և արագ տարածվող վիրուսի մասին, լրատվամիջոցների մեջ կարծես ավտոմատ միանում է զգուշավորության նյարդը: Հատկապես այս պատմությունների սկզբում: Նախ համաշխարհային ԶԼՄ-ները տարածում են ԱՀԿ-ի մամուլի հաղորդագրությունները՝ համապատասխան վիճակագրությամբ և զգուշացում-խորհուրդներով:
Շղթայական ռեակցիայի նման հետևում են՝ նույնիսկ վիրուսի ծագման (կամ վերջին բռնկման) աղբյուրից հեռու տարբեր երկրների առողջապահական գերատեսչությունների պաշտոնական հաղորդագրությունները՝ զգուշավորության համանման կոչերով:
Փորձը ցույց է տալիս, որ այս շոկային վիճակը ԶԼՄ-ներում պահպանվում է որոշ ժամանակ: Եվ գուցե ինչպես ցանկացած շոկ, դրան հետևում է մի թեթեև սթափվելու պահը: Հենց դրանից էլ սկսվում են քիչ թե շատ սկեպտիկ լուսաբանումները և վերլուծությունները, որոնցում վարակի տարածվածության մասշտաբների, անբուժելիության և վարակվածների՝ դատապարտված լինելու մասին պնդումներն արդեն այդքան միանշանակ չեն լինում:
Չի բացառվում, որ դրան նպաստում է նաև այն բանի գիտակցումը, որ ԱՀԿ-ի և ազգային առողջապահական գերատեսչությունների՝ զգուշավոր լինելու ուղերձը արդեն մոտենում է կամ մոտեցել է խուճապի:
Սկսվում է առասպելների «ապաառասպելացման» փուլը: Լրատվամիջոցներում հայտնվում են հրապարակումներ՝ անգամ նույն վերնագրերով՝ «Տասը (ութ, յոթ) առասպել, օրինակ, Էբոլայի, մասին և դրանց հերքումը»:
Այս փուլին գրեթե զուգահեռ սկսվում են տարածվել հաղորդագրություններ այն մասին, որ մի քանի մարդ արդեն բուժվել է, կարծես թե հայտնագործվել է դեղամիջոցը, այն շուտով փորձարկման/ հաստատման կուղարկվի: Մի խոսքով ժանտախտը կարծես թե այնքան էլ ժանտախտ չէ:
Հետաքրքիր է, որ հայաստանյան մամուլում առկա էին այս վիրուսից հիվանդացության լուսաբանման՝ վերը նկարագրված գրեթե բոլոր փուլերը, բացառությամբ մեկից:
Կարծես թե, այստեղ բացակայում են առասպելի հերքման մասին տեղեկությունները: Շառից-փորձանքից հեռո՞ւ:
Իհարկե, որոշ ցաքուցրիվ տեղեկություններ հայտնվում են, սակայն երբեմն դրանք մինչև հասնեն այն կետին, որ կարծես թե շատ սարսափելու կարիք չկա, արդեն կարող են վիրուսի ախտանիշների նկարագրությամբ խուճապի մատնել ընթերցողին:
Հանդիպում են նաև «Էբոլայի սարսափները» որոշ չափով հակակշռելու փորձեր, սակայն ոչ թե այդ վիրուսի և դրա տարածման մասին բազմակողմանի տեղեկություններով, այլ՝ ուրիշ վիրուսների՝ ոչ պակաս վտանգավոր լինելը ներկայացնելով:
Չգիտես ինչու, լրատվամիջոցների զգուշավորությունը սկսում է գործել հենց այսպիսի դեպքերում: Չի բացառավում, որ դա էթիկա կոչվի: Սակայն խնդիրը ոչ թե պաշտոնական կամ մասնագիտական տեղեկատվությանը չվստահելն է և վտանգավոր վիրուսների կանխարգելման գործին խանգարելը, այլ զգուշավոր լինելը ոչ միայն վիրուսի, այլև ցանկացած տեղեկության նկատմամբ: Եվ տալ բազմակողմանի տեղեկատվություն: Հակառակ դեպքում կարող է ստացվել ինչպես հետևյալ վերլուծությունը ռուսաստանյան մամուլում՝ Էբոլայի քաղաքական, աշխարհաքաղաքական և մասնագիտական ասպեկտների հերքում՝ լիակատար, անվերապահ և միակողմանի, սակայն և՝ այլընտրանքային:
Լուսանկարը՝ http://www.tert.am կայքից:
թեման ամերիկյան մեդիայում՝ http://media.am/Ebola-in-American-media