ԱՆԱՆՁՆԱԿԱՆ…

Թեժ քննարկումները, հարցադրումները և պարզաբանումները՝ Ֆեյսբուքի անձնական տվյալների օգտագործման նոր քաղաքականության շուրջ հիմնականում հենց ՖԲ-ում են և լրատվամիջոցներում: Սոցիալական ցանցում ծայր է առել մի վիրտուալ ֆլեշ-մոբ: Դրա մասնակիցները, որպես բողոքի նշան, իրենց պատին հայերեն, ռուսերեն կամ էլ անգլերեն տեքստ են տեղադրում՝ հայտարարելով, որ իրենց պատն իրենց սեփականությունն է, հետևաբար և այնտեղ հայտնվող տեղեկությունները՝ ևս: Անձնական տվյալների մասին՝ էլ չասած:

Այս օգտատերերը հղում են կատարում Բեռնի՝գրական և ստեղծագործական գործերի պաշտպանության միջազգային համաձայնագրին, քանի որ կարծում են, որ իրենց ներբեռնած տեքստային, ֆոտո- և տեսատեղեկությունները պետք է համարվեն հենց այդպիսին՝ դրանից բխող իրավական բոլոր հետևանքերով: Այս հատվածը խիստ մտահոգված է, որ ցանցում իր հրապարակած ամեն ինչը տնօրինելու է ոչ ինքը, ավելին՝ ցանցի սեփականատերերը դրանք տնօրինելու ընթացքում չեն էլ հարցնելու օգտատիրոջ համաձայնությունը:

Օգտատերերի, և ոչ միայն, մյուս մասը գտնում է, որ կարիք չկա իրար խառնվելու: Նրանք, մեծ հաշվով գտնում են, որ 2015 թվականի հունվարի 1-ին առանձնապես ոչ մի բան էլ չի փոխվելու, պարզապես այն օրինակացնում է մինչև օրս իր՝ դե ֆակտո իրականացրած քաղաքականությունը:

Որոշ կարծիքներ էլ պնդում են, որ այն ժամանակ առ ժամանակ միշտ էլ համագործակցել է կոմերցիոն կառույցների  կամ անվտանգության մարմինների հետ: Տեղին է հիշել սոցիալական ցանցերի արշալույսին՝ դրանց ծագումը հենց հատուկ ծառայություններին վերագրելու մասին պատմությունները:

Սոցիալական ցանցերն ընդհանրապես, ՖԲ-ն՝ մասնավորապես, այսպես թե այնպես իր բնույթով «խաբարբզիկ» է: Ավելին՝ այն «խաբարբզիկ» է իր էությամբ և առաքելությամբ:

Հիշարժանն այն է, որ մարդիկ գերագույն հաճույքով սոցիալական ցանցերում տեղադրում են իրենց կատարած նույնիսկ ամենա-ոչ- հիշարժան քայլերի ապացույցները և ամբողջ հոգով զարմանում, երբ իրենց հեռավոր ծանոթներից մեկը հանդիմանում է իրենց՝ թաքուն-թաքուն սուրճ խմելու կամ այս սեզոնին առավել ակտուալ՝ խաշ ուտելու համար: Մարդիկ կան, որոնց օրվա հետագիծը՝ բոլոր փռշտոցներով և գնումներով, կարելի է վերականգնել րոպեների ճշգրտությամբ հենց իրենց շնորհիվ՝ առանց նեղույթւոն տալու հատուկ մարմիններին:

Ընդհանրապես, երևի արժե մտածել այն խորհրդի շուրջ, որն այս մասին իր հոդվածի վերջում տալիս է panorama.am-ը.«Մինչդեռ հայտնի է, որ ցանկացած օգտատեր իր անձնական տվյաները երրորդ կողմին հասանելի դարձնելու դրույթին համաձայնություն է տալիս ֆեյսբուք սոցիալական ցանցում գրանցվելու պահից և տեսականորեն անձնական տվյալների օգտագործման քաղաքականությունը բոյկոտելու միակ տարբերակը սոցցանցի ծառայություններից չօգտվելն է՝ առանց երաշխիքի, որ նախկինում իր մասին հավաքագրված տեղեկատվությունը հասանելի չի լինի երրորդ կողմի: »

Մախաթը՝ պարկում

ՖԲ այս երկար պատմությունը հետաքրքիր է ոչ միայն ինքնին, այլ՝ որ համեմատության առիթ է տալիս անցյալ շաբաթ տեղի ունեցած մի դեպքի հետ: Դեպք, որը բացառիկ է հանրապետության համար, սակայն գրեթե ոչ ոք չի խոսում այդ մասին: Ինչպես պնդում են հարազատները, իրենց նորածնին դժբախտություն է պատահել, և իրենք համոզված չեն, որ դա եղել է սովորական պայմաններում: Ողջ շաբաթ այդ մասին ոչ մի տեղում տեղեկություն չհայտնվեց: Ավելին, նրանց նկարագրած «անսովոր» իրավիճակի մասին անգամ գրեթե անհնար էր տեղեկություններ գտնել: Այն ժլատ մի քանի տողը, որ սպրդել էր մամուլ պաշտոնական քրոնիկոնից, մյուս լրատվամիջոցների կողմից մնացել էր աննկատ՝ թերևս դրա խիստ զուսպ ու նաև ոչինչ չասող ձևակերպման շնորհիվ:

Ողջ շաբաթ այս մասին համերաշխաբար լռում էին նաև սոցիալական ցանցերից ՖԲ-ն և Օդնոկլասնիկին, որտեղ նույնիսկ ամենակասկածահարույց նմանատիպ դեպքը փոթորիկ ու ցունամի է առաջացնում:

Փաստորեն անհնար է չէ տեղեկատվության տարածման ժամանակակից պայմաններում մախաթը պարկի մեջ թաքցնել: Եթե այդ մախաթը, թեկուզ և սխալմամբ, տերն իրո՛ք սեփականն է համարում:

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.