ԿԱՅՈՒՆ ԾԱՆՐ

Այս ոչ կայուն ժամանակներում թվում է, միայն հիմնահարցերն են, որ մնում են կայուն… չլուծված: Այս իմաստով տիպիկ օրինակ է Հայաստանում հեռարձակման թվայնացումը:

2010 թվականին լրագրողական կազմակերպությունները արձանագրում են, որ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունները (նույնիսկ դեռևս նախագծի կարգավիճակում) չեն պարունակում թվայնացման գործընթացի կարգավորման մեխանիզմներ: Նույն ժամանակ խիստ ահազանգում են, որ թե այն, թե ՀՀ կառավարության հաստատած՝ «Հեռուստատեսային հեռարձակման թվային համակարգին անցման» հայեցակարգը չեն ներառում սոցիալական փաթեթի ձևավորման սկզբունքները: Չեն հստակեցվում այն ներդրումները, որոնք պահանջվում է իրականացնել հեռուստառադիոընկերությունների կողմից թվային հեռարձակման անցնելիս: Ի թիվս այլ կարևոր հարցերի:

Մասնագիտական կազմակերպությունները և լրագրողական համայնքն ընդհանրապես (միջազգային կառույցները՝ ևս) ահազանգում են, որ թվային հեռարձակման լիցենզիաների ամրագրված 18 թիվը նշանակում է, որ գործող շատ հեռուստաընկերություններ զրկվելու են եթերից, նորերն ի հայտ չեն գալու, ինչն ամենևին չի նպաստելու բազմազանությանը, բազմակարծությանը և խոսքի ազատությանը: Այդ թիվը նաև որևէ կերպ չէր հիմնավորվում հաճախականությունների օբյեկտիվ և թափանցիկ որևէ աուդիտով:

2013 թվականին ՀՀ Ազգային Ժողովն ընդունում է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում հերթական փոփոխությունները, համաձայն որոնց անալոգայինից թվային հեռարձակման անցնելու ժամկետները հետաձգվում են 2015թ. հունվարի 1-ից նուն թվականի հուլիս 1-ը: ՀՀ կառավարության մշակած օրինագծի անհրաժեշտությունը հիմնավորվում է այն նյութատեխնիկական, ֆինանսական դժվարություններով, որոնք ծագել են անցման գործընթացում:

2014 թվականին ՀՀ կառավարությունը հարապարակում է անալոգայինից թվային հեռարձակման անցման միջոցառումների գրաֆիկը: Թվում է, թե այդ ամբողջ ժամանակահատվածը պետք է որ օգտագործված լիներ միջազգային և տեղական փարձագետների մտահոգությունների ուսումնասիրմանը և ինչու ոչ՝ փարատմանը:

Մինչդեռ հեռուստաալիքների, և առաջին հերթին ՝ մարզային, կտրուկ կրճատման վտանգը արդեն շատ ավելի իրական է: Այսինքն՝ հիշում ենք վերևում հիշատակված մտահոգությունը՝ բազմազանության, բազմակարծության և խոսքի ազատության կապակցությամբ: Այդպես էլ չեն հրապարակվել հաճախականությունների աուդիտի արդյունքները, որոնք իբրև թե դրվել են թվային հեռարձակման լիցենզիաների թվի սահմանափակման հիմքում: Ինչը լրագրողական համայնքում չեն վարանում ձևակերպել այսպես. «Թվայնացումը կնպաստի ավանդական հեռարձակման նկատմամբ իշխանությունների քաղաքական վերահսկողության ուժեղացմանը»:

Նույն 2014 թվականի մարտին դեռևս ակտուալ էին սոցիալական փաթեթի, այլ կերպ ասած՝ բնակչության սոցիալապես խոցելի խավերի՝ տեղեկություններ ստանալու իրավունքի իրացման, հեռուստաընկերությունների տեխնիկական վերազինման, այսինքն՝ հեռարձակողների՝ ծախսերի, ներդրումային քաղաքականության և այլ հիմնախնդիր:

Այն փաստը, որ թվայնացման տեխնիկական գործընթացն ապահովող ընկերությունը նույնպես բավական ուշ է որոշվել՝ 2013 թվականի դեկտեմբերին, այսինքն՝ անալոգայինից թվայինի վերջնական անցման ժամկետից մեկուկես տարի առաջ, դարձյալ  մտահոգությունների տեղիք է տալիս:

Այսօր արդեն 2014 թվականի դեկտեմբեր ամիսն է: Հայաստանի մարզային անալոգային 15 հեռարձակողներ պատրաստվում են առաջիկայում դիմել հանրապետության իշխանություններին՝ խնդրանք-պահանջով՝ չվտանգել իրենց լինել-չինելու հարցը: Թե կոնկրետ ինչ միջոցներ են պատկերացնում նամակագիրները՝ իրենց հեռարձակումը որևէ կերպ շարունակելու համար, կերևա առաջիկայում, երբ հրապարակվի այդ նամակը:

Համենայն դեպս, ոլորտի փորձագետները, գտնում են, որ լուծման տարբերակ կարող է լինել մասնավոր մուլտիպլեքսի ստեղծումը, եթե օրենքը թույլ տա:

Ինչքան էլ տխուր է կամ զավեշտական, սակայն այսօր էլ շարունակում են հրատապ մնալ սոցիալական փաթեթի, հեռուստաընկերությունների տեխնիկական վերազինման, հեռարձակողների կողմից պահանջվող ծախսերի և ներդրումային քաղաքականության հիմնախնդիրը:

Առողջապահական ոլորտում այս վիճակը սովորաբար ձևակերպվում է այսպես՝ հիվանդի վիճակը կայուն ծանր է:

Նկարը՝ http://jnews.am/ կայքից:

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.