«Բզբզել» բառի բացատրությունը հետևյալն է՝ քրքրել, պրպտել, նաև՝ սադրել մի բանի: Ինչպես յուրաքանչյուր երևույթ, բզբզելն էլ կարող է լինել լավ կամ վատ մտադրությամբ, դրական կամ բացասական հետևանքներով:
Երբ լրագրողներին, մանավանդ հրապարակայնորեն, մեղադրում են բզբզելու մեջ, հաստատ այդ գործողության դրական կողմերն ու հետևանքը չէ, որ նկատի են ունենում:
Դատելով վերջին շրջանի հայաստանյան լրագրության որոշ առաջնահերթություններից և դրանց տրվող գնահատականներից՝ հետաքրքասիրությունը և հետևողական լինելը, որոնք թե՛ բզբզելու և թե՛ լրագրության կարևոր բաղկացուցիչներից են, այնքան էլ հարգի չեն: Կամ լրագրողները, երբ պետք է՝ չեն բզբզում, իսկ երբ պետք է և անում են՝ կոշտ վերաբերմունքի են արժանանում:
Տարիներ շարունակ լրագրողական կազմակերպությունները և լրատվամիջոցները արձանագրում, բարձրաձայնում են ոչ միայն գործընկերների նկատմամբ իրականացվող բռնությունների և ֆիզիկական հաշվեհարդարների, այլ նաև՝ նրանց նկատմամբ՝ մասնավորապես և մասնագիտության նկատմամբ՝ ընդհանրապես, ձևավորված բռի կարծիքի և ժամանակ առ ժամանակ այդ կարծիքը բռի կերպով «բարձրաձայնելու» մասին:
Այս ընթացքում արձանագրվում է այդ բռիության նաև դինամիկ զարգացում: Ասենք, օրինակ, եթե տարիներ առաջ գեներալը օպերատորին ասում էր՝ տելեվիզորդ հեռու տար, հիմա նա «Արա, ապարատը տար էն կոմ…»,- և համանման բացականչություններով» խփում է տեսախցիկին:
«Էնքան բզբզեցիք, մինչեւ բռնին տարան, փակին»,- դիմացինի մասնագիտության և գործունեության նկատմամբ «հարգալից» գնահատականով առլեցուն այս պատասխանն է տվել մեկ այլ գեներալ՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու կալնավորված լինելու մասին՝ լրագրողի հարցին:
Ինչպես նշվեց, նախկինում էլ լրագրողներին բոլոր դժբախտությունների համար մեղադրելու և դրանով իսկ՝ նրանց նկատմամբ անհարգալից վերաբերմունքն արդարացնելու դեպքեր շատ են եղել:
Սակայն այս շաբաթ լրագրողները ստիպված են դառը դեղահաբ ընդունել ոչ միայն գեներալներից, այլ նաև՝ սեփական գործընկերներից:
Երբ ամիսներ շարունակ լրահոսում հայտնվում էր այսօր Բաքվում ասուլիս տված մեր հայրենակիցը՝ գազի այրման փորձարկումներով, ծեծի ու ընտանյոք հանդերձ ծեծվելու մասին պատմություններով, թերևս ոչ ոք նրան լուրջ չվերաբերվեց, անգամ… այդ ամենը արձանագրող լրագրողները: Լուրջ՝ մասնագիտական բարեխղճության տեսանկյունից. այդ «իրադարձություններից» և ոչ մեկը ոչ թե պատշաճ, այլ՝ որևէ կերպ չստուգվեց ոչ մի այլ աղբյուրից: Փորձ չարվեց փոքր-ինչ անգամ փորփրելու հերոսի ներկայացրած սեփական կենսագրությունը, բացահայտելու դրա իսկությունը: Ինչպես պատմեց պատմողը, այնպես սղագրեց սղագրողը: Եվ եթե այլ դեպքերում դա այնքան էլ ճակատագրական չի լինում, այս անգամ իսկապես, իրավապահներին անգործության մեջ մեղադրելուց առաջ, լրագրողներս պետք է խոստովանենք սեփական մեղքերը: Ինչպես դա արեց Գեղամ Մանուկյանը՝ որպես այս պատմության պատճառ հռչակելով լրագրության «դիկտաֆոնությունը»: Եվ Սամվել Մարտիրոսյանը՝ վերը շարադրվածը ձևակերպելով այսպես. «Մեզ մոտ ով ոնց ներկայանա լրագրողներին՝ տենց էլ կփոխանցեն ու մի երկու շաբաթից յուրաքանչյուր մարդ կարող է իր ուզածի պես դառնալ ֆիզիկոս, հոգեբան»։
Անգամ այսօր հայաստանյան լրատվամիջոցները Բաքվում հայտնված մեր հայրենակցին ներկայացնելիս հիմնականում գրում են՝ «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար՝ առանց օգտագործելու «որպես ղեկավար ներկայացող», «իր պնդմամբ» և համանման արտահայտություններ: Նույնիսկ տարրական որոնում ՀՀ կառավարության պետական ռեգիստրում արվել է արդեն Բաքվի ասուլիսից հետո:
Իհարկե չի կարելի պնդել, թե լրագրողների նկատմամբ «գեներալական» վերաբերմունքն ամբողջությամբ պայմանավորված է մեդիա դաշտի ոչ լավագույն ներկայացուցիչների գործունեությամբ, ինչի օրինակներ վերջին ամիսներին լիուլի հանդիպում են: Սակայն որ դրանք իրենց լուման ունեն այդ վերաբերմունքի մեջ, ցավալիորեն մոտ է ճշմարտությանը: Ափսոս Արմեն Դուլյանն արդեն հեղինակել է այս տեղում ամենաշատը պատշաճող հարցը՝ «հո դեմ չե՞ք»:
Նկարը՝ www.rode.com կայքից:
Մեկնաբանել