ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ

New PictureԵրբ լրագրողներին և լրատվամիջոցներին սկսում են մեղադրել երկրի քաղաքական, տնտեսական, սոցիալական, հոգևոր-մշակութային ճգնաժամի կամ հետընթացի մեջ, ուրեմն շուտով սկսվելու է նրանց դեմ միջոցներ ձեռք առնելու փուլը:

Այդ փուլը կարծես թե սկսվել է, ընկերներ:

Գուցե չարժեր այսպես ծայրահեղ մտածել, բայց անցյալ շաբաթվա իրադարձությունները հաստատում են, որ լրագրողներն այլևս … «սպառնալիք են» համարվում:

Որ այդպիսիք մեր մասնագիտության մեջ իրոք կան, ինչպես կան այդպիսիները նկարիչների, բժիշկների և նույնիսկ… ձկնորսների մեջ, անվիճելի է, սակայն դա պատճառ չէ խաչակրաց արշավանք սկսել մասնագիտության բոլոր կրողների դեմ: Ինչպես ասում են՝ թացն ու չորը խառնելով իրար: Մյուսների նկատմամբ էլ կարիք չկա. ինքնակարգավորումն այս դեպքում շատ ավելին կարող է անել, քան ամեն տեսակ ճնշումները: Եթե իհարկե մամուլի հետ հարաբերությունների ընտրված մոդելը Ադրբեջանինը չէ:

Օրինակ, աշնանային բերքահավաքի սկբից ի վեր լրատվամիջոցները փորձում են լինել գյուղացիների, բերք հանձնողների կողքին, որոնք ամեն անհավանական խոչընդոտ հաղթահարելով, երբեմն կարողանում են, երբեմն էլ չեն կարողանում մթերել տալ իրենց տարվա չարչարանքի ու ներդրումների արդյունքը: Շատ դեպքերում հենց միայն լրագրողների միջամտությունից հետո են կոնկրետ մարդկանց բերքը մթերել: Իսկ հիմա այդ հուսահատ մարդկանց, ամենայն հավանականությամբ, դրդում են հանդես գալ լրագրողների դեմ՝ «վրդովվելով լրատվամիջոցների ապատեղեկատվությունից»:

Այս ամենն արձանագրող լրագրողները, կես կատակ-կես լուրջ իրենց դեմ միջոցն էլ են առաջարկում. «Մնում է …. մարզերում հսկիչ անցագրային կետեր դնել և արգելել «թարախ» լրագրողների մուտքը, որպեսզի խաղողագործներն ու վերամշակող ընկերությունների սեփականատերերը ջան ասելով, ջան լսելով խաղող մթերեն»:

Մինչ լրագրողները «միջոցներ են առաջարկում», այդ միջոցների տեղը վաղուց իմացողներն արդեն կիրառում են դրանք:

ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետը սկսել է պաշտպանել խորհրդարանի տարածքները լրագրողներից:

«Նա և Ազգային ժողովում անվտանգության աշխատակիցները թույլ չէին տալիս լրագրողներին մոտենալ այն տարածքին, որտեղով ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի օրերին խորհրդարանի շենք է մտնում վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Խնդիրն այն է, որ հարցուպատասխանի օրերին լրագրողները փորձում են վարչապետին հարցեր ուղղել ԱԺ շենքի հետնամուտքում, որտեղով նա շենք է մտնում»,- հաղորդում են լրատվամիջոցները: Լրագրողներին այդ ընթացքում հորդորել են դա անել «համապատասխան վայրում»:

Դա դեռ ոչինչ՝ հարցին, թե «ե՞րբ են լրագրողները վտանգ ներկայացրել վարչապետի համար», Ա.Բաբայանը պատասխանել է՝ 1999թ. հոկտեմբերի 27-ին:

Եթե անգամ այդ պահին համեմատությունը տեղին չի թվացել, սակայն այդ զուգահեռը առիթ դարձավ՝ հիշելու, թե ինչպես են որոշ լրագրողներ նույն չարաբաստիկ հոկտեմբերի 27-ին ձայնագրիչները միացրած, շարունակել աշխատել կրակահերթերի ժամանակ և դրանցից հետո: Հավանաբար այն ժամանակ էլ չէին հասկանում, որ ոչ տեղը, ոչ էլ ժամանակը, ախր, հեչ համապատասխան չէին լրագրողի աշխատանքին:

2 մեկնաբանություն 'ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ'

  1. Ամենավատն այն է, որ թերի ուսումնասիրելով փորձ է արվում հեղինակավոր խոսք ասել: Հարգելի հեղինակ, ավելի պրոֆեսիոնալ չէր լինի՞ հարցնեիք, խոսեիք… չէ որ հենց այս հարթակում չի կարելի միակողմանի հրապարակումներ ներկայացնել: Եթե հարցնեիք, ապա կիմանայիք, որ անվտանգության ծառայությունը ոչ թե լրագրողներին էր հորդորում սպասել, այլ ԱԺ-ում գտնվող բոլոր քաղաքացիներին: Եթե հարցնեիք, ապա կիմանայիք, որ ինձ անվտանգության հետ կապված խնդրի նախադեպ են հարցրել, ոչ-թե լրագրողները երբ են սպառնալիք եղել: Կարծես մոռանում ենք, որ լրագրողները ևս քաղաքացիներ են, որոնք գտնվում են ԱԺ-ում և պարտավոր են ենթարկվել ԱԺ-ում գտնվող բոլոր քաղաքացիների համար համապարտադիր կանոններին:

  2. Հարգելի պարոն Բաբայան, լրատվամիջոցների հրապարակումներին, որոնց հիման վրա գրվել է խնդրո առարկա հոդվածը, չի հետևել Ձեզ վերագրվող խոսքերի որևէ հերքում, որից ԵՄԱ Ամփոփագիրը անպայման մեջբերում կկատարեր/կկատարի: Այս հարթակում «միակողմանիության» ևս մեկ ապացույց՝ ակտիվ հղումով ԶԼՄ-ի այն հրապարակումն է, որում տեղադրված է տեսագրությունը:
    Առնվազն ԵՄԱ Ամփոփագիրը հստակ տարանջատում է ՀՀ բոլոր քաղաքացիներին և նույնիսկ ՀՀ բոլոր լրագրողներին՝ ՀՀ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներից, որոնք ևս քաղաքացի լինելով հանդերձ,կարծես թե մի փոքր այլ կանոնների են ենթարկվում, քան մյուս բոլոր քաղաքացիները՝ ՀՀ ԱԺ այցելելիս:
    Ձեր կողմից մեր աշխատաոճը և հրապարակումը բնութագրող որակումները անտեսել ենք:
    Հարգելի պարոն Բաբայան, ներեցեք Ձեր մեկնաբանությունը ուշ հրապարակելու համար՝ բացառապես տեխնիկական պատճառներով:

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.