ԱՎԵԼԻՆ, ՔԱՆ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

ԵՄԱ Ամփոփագիրը մի քանի անգամ անդրադարձել է այն հարցին, որ հասարակության մեջ, հատկապես պաշտոնյաները հակում ունեն երկրի առջև ծառացած խնդիրները և դրանց հաղթահարման դժվարությունները պայմանավորել ոչ թե իրենց բացթողումներով կամ այլ սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով, այլ՝ լրագրողների՛ գործունեությամբ, անգամ՝ պարզապես նրանց գոյությամբ:

Լրատվամիջոցների գործունեության՝ ոչ կառուցողական լինելու մասին պնդումները հիմնականում նրանց «նեղացրած» պաշտոնյաների կամ վերջիններիս խոսափողների կողմից է լինում: Եվ, որպես կանոն, այդ «նեղացնելուց» անմիջապես հետո: Այնուհետև խոսափողները հանդարտվում են, մինչև հաջորդ «նեղացնելը»:

Այս անգամ, երբ հայաստանյան իրականության մեջ աննախադեպ մի բան պատահեց՝ մեծապես լրագրողների «մեղքով», նրանք լռեցին:

Այս տարվա հոկտեմբերի 22-ին ոչ մի պաշտոնյայի լեզու չպտտվեց հիշել լրագրողներին, երբ 1995թվականին ցմահ դատապարտված Սողոմոն Քոչարյանը ազատ արձակվեց: Որ այս պատմության մեջ հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների առնվազն կամքը վճռորոշ էր՝ անվիճելի փաստ է: Սակայն առանց լրագրողների, հատկապես «Հետքի», այդ կամքը երբեք չէր էլ ձևավորվի ու հասունանա:

Այդ մասին խոսեցին և իրենց գործընկերների ներդրումը գնահատեցին լրագրողնե՛րը. նրանք հո լավ են հասկանում՝ ինչ է նշանակում տարիներով հետևողականորեն զբաղվել մեկ գործով, թակել ու բացել տալ անհուսալիորեն փակ համարվող դռները և տեղեկություններ պահանջել ու ստանալ խնամքով մոռացության մատնած թեմաների շուրջ, այդ տեղեկությունները գտնել այնպիսի տեղերում, որտեղ ուրիշների մտքով չի անցնի փնտրել:

Թե լրատվամիջոցներից, թե լրագրողական կազմակերպություններից եղան կարծիքներ, որ «սա մեդիա ասպարեզում նախադեպային իրավիճակ է: Եվ որ «նման օրինակներն իրենց ազդեցությունն են թողնելու ԶԼՄ ոլորտի հետագա զարգացման վրա»։ Ավելի կոնկրետ՝ «մեդիայի առաքելությունը ձեռք է բերում նոր մակարդակ՝ անել ավելին, քան միայն լրագրությունն ու տեղեկատվության փոխանցումը»:

Սա, որքան վիճելի, նույնքան էլ հիշատակության արժանի տեսակետ է, եթե հաշվի առնենք այն, որ լրագրողները հաճախ դառնում են այն միակ ատյանը, որն ընդունում է այլևս հուսահատ հասարակ մահկանացուներին և  հետևողականորեն  ու հիմնավորապես վեր հանում նրանց կյանքի հիմնախնդիրները:

Օրինակ, մեր գործընկերները՝ հատկապես իրավական և սոցիալական թեմաներ լուսաբանող, հաճախ իրենց հրապարակումների հերոսների այդ խնդիրներն էլ են ձեռքի հետ լուծում՝ իրավական լինի, սոցիալական, աշխատանքային թե կենցաղային: Այսինքն, ոչ առաջին, ոչ էլ վերջին անգամ են լրագրողներն անում ավելին, քան լրագրությունն է, սակայն երբ այսքանով հանդերձ նրանք առանձնացնում են Սողոմոն Քոչարյանի ազատ արձակման գործում «Հետքի» գործոնը, ուրեմն իսկապես մասշտաբների հետ գործ ունենք: Չէ՞ որ նա առաջին ցմահ դատապարտյալն է, որ Հայաստանի Հանրապետության ողջ պատմության ընթացքում ազատ է արձակվել:

Խնդիրը մի փոքր այլ է. այն, որ լրագրողներն առաքելության նոր մակարդակ ստանձնելով, մի տեսակ լեգիտիմացնում են այդ խնդիրների լուծման իրական իրավասուների անգործությունը:

Եվ այստեղ հատկանշական է, որ Շանթ հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվականի հոկտեմբերի 23-ի թողարկումը պատրաստելիս լրագրողները չէին կարողացել գտնել ոլորտի պատասխանատու պաշտոնյայի պատասխանող հեռախոս՝ խոսելու ցմահ ազատազրկվածների խնդրի շուրջ:

Նկարը՝ www.freepress.net կայքից:

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.