ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆ ԳՈՐԾԻՔԸ ՉԷ՞

Նոր հայտնաբերված երևույթ չէ, երբ կուսակցությունը կարիք է ունենում լրատվամիջոցի և ստեղծում է այն կամ ձեռք է բերում արդեն գոյություն ունեցողն ու ծառայեցնում իր կուսակցական նպատակներին: Սակայն արդեն որոշ ժամանակ մեդիա դաշտում (հենց ավելի շատ՝ մեդիա, քան քաղաքական-կուսակցական-ԵՄԱ Ամփոփագիր) քննարկվում է «ԳԱԼԱ» կուսակցության ստեղծման գաղափարը, որի նախաձեռնողները Գյումրու «ԳԱԼԱ» հեռուստաընկերության աշխատակիցներն են:

Ուշագրավ են կուսակցություն ստեղծելու անհրաժեշտության օգտին նրանց բերած փաստարկները. «Լավ օրից չէ, որ մենք որոշել ենք օգտագործել նաև այս ուղղությունը: … 11 տարի շարունակ փորձել ենք անել ավելին, քան կարող էր անել լրատվամիջոցը: Մեր ջանքերի գնով ընտրական գործընթաց ենք տապալել, խառնել ենք իշխանական կուսակցության բոլոր խաղաքարտերը: Մեր լրագրողը երբեմն մի կողմ է դրել խոսափողը և կռիվ է տվել, որ որևէ տեղամասում ընտրակեղծիք չկատարվի: Բայց երբ հետհայացք ես գցում ու փորձում հասկանալ՝ ինչ է փոխվել, ինքդ քեզ հարցնում ես՝ ի՞նչ եմ կարողացել փոխել, ինչպիսի՞ երկիր ունեն իմ երեխաները, ինչպիսի՞ ապագա ունեն: Չթերագնահատելով մեր աշխատանքը՝ ուզում եմ ասել, որ դա այն գործիքը չէ, որով հնարավոր է հարցեր լուծել»,- «Հայկական ժամանակ»-ին ասել է նախաձեռնող խմբի անդամներից Արմենուհի Վարդանյանը:

Բնորոշել այս փաստարկներն ավելի դիպուկ, քան դա արված է հետևյալ հոդվածում, թերևս հնարավոր չէ. «Լրագրության պարտությունը Գյումրիում. «ԳԱԼԱ»-ն դառնում է կուսակցություն»:

Փաստորեն լրատվամիջոցը խոստովանում է, որ ի սկզբանե ինքն այդպիսին չի եղել, չի ծառայել տեղեկատվության փոխանցման՝ լրագրության առաքելությանը, նման նպատակ չի էլ ունեցել: Այս խոստովանությունը, ինչ խոսք, տխուր է, մանավանդ եթե նկատի ունենանք «ԳԱԼԱ»-ի համբավը, որպես անկախ, վստահելի լրատվամիջոցի, որի համար հանրությունն անգամ դրամահավաք կազմակերպեց և փաստորեն փրկեց լրատվամիջոցին:

Առաջիկա տարիներին այդ համբավից հազիվ թե ինչ-որ բան մնա: Քանի որ նորաստեղծ նույնանուն կուսակցության հիմնական ռեսուրսը հենց այդ համբավն է, որի վրա էլ խաղադրույքներ են արված:

«Նախ` ինքնին անունը բրենդ է, մանավանդ՝ գյումրեցիների շրջանում: Ապաև, մեր աղբյուրների փոխանցմամբ` այդ կուսակցության թեկնածուն Գյումրու քաղաքապետի ընտրություններում կլինի նույնանուն հեռուստաընկերության սեփականատեր, «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի նախագահ Վահան Խաչատրյանը, որը, ի դեպ, բավականին մտերիմ հարաբերություններ ունի Վարդան Օսկանյանի հետ` «ընկերներ են»,- գրում է hraparak.am-ը:

Թեև, ըստ լրատվամիջոցների, հեռուստաընկերության սեփականատեր Վահան Խաչատրյանն այդ նախաձեռնող խմբում չկա, սակայն դա, իհարկե, չի կարող նրան խանգարել մինչև սեպտեմբերին նախատեսված ՏԻՄ ընտրությունները ցանկացած պահի միանալ կուսակցությանը և սկսել պայքարը քաղաքապետի պաշտոնի համար:

Մյուս կողմից՝ իսկ ի՞նչ անի Վահան Խաչատրյանը կամ ցանկացած մեկը, որը որևէ կուսակցության անդամ չէ, սակայն ունի Երևանը, նաև՝ Գյումրին կամ Վանաձորը ղեկավարելու հավակնություններ (որոնք նոր ընդունված Ընտրական օրենսգրքով այլևս միանման ընտրակարգով են ընտրելու համայնքի ղեկավարին):

Նոր Ընտրական օրենսգիրքը Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների համար սահմանում է. «ավագանիների ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով»։ Ավելի պարզ՝ «Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանու անդամի թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները»:

Իզուր չէ, որ Ընտրական օրեսնգրքի քննարկումների փուլում քաղաքացիական հասարակությունն առաջարկում էր թեկնածուներ առաջադրելու հնարավորություն սահմանել ոչ միայն կուսակացությունների և կուսակցությունների դաշինքների, այլ նաև՝ քաղաքացիական նախաձեռնությունների համար:

Այո, որևէ կուսակցության չպատկանող քաղաքացի վերոնշյալ երեք քաղաքաների համայնքի ղեկավարի ամբիցիաներ ունենալու դեպքում կա՛մ պետք է մտնի գոյություն ունեցող որևէ կուսակցություն, կա՛մ ստեղծի իրենը:

Այս սահմանակ ընտրության կամ դրա բացակայության արդյունքն էլ թերևս կլինեն նորաստեղծ կուսակցությունները: Եվ եթե ամեն մի նոր ստեղծվող կուսակցություն, այդ թվում և «ԳԱԼԱ»-ն, հնարավոր է, հարստացնի Հայաստանի, իսկ վերջին դեպքում՝ Գյումրու քաղաքական երանգապնակը, ապա լրատվական աշխարհի բազմազանությունը հավանաբար դրանից կտուժի:

Արդեն այսօր «ԳԱԼԱ» լրատվամիջոցի կայքում նշանակալի տեղ են զբաղեցնում «ԳԱԼԱ» կուսակցության մասին հրապարակումները. սա, ինչ խոսք, անկողմնակալության առումով վնասում է լրատվամիջոցի համբավին:
Gala

Ահա, գործող Ընտրական օրենսգրքի այսպիսի անուղղակի ազդեցություն լրատվական դաշտի վրա:

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.