ԲՌՈՒՆՑՔԻ ԴԵՄ՝ ԳՐԻՉՈՎ

Անցյալ շաբաթ իր տան բակում ծեծի ենթարկվեց «Ռեգնում» գործակալության երևանյան գրասենյակի խմբագիր Ռուբեն Գրձելյանը:

Միջադեպը տեղի է ունեցել կարծես թե ոչ վերջինիս լրագրողական գործունեության պատճառով, այլ կենցաղային պատճառներով: Ասում ենք, կարծես թե՝ քանի որ այդ մասին նույնիսկ նախնական վարկածներ չեն շրջանառվում մամուլում: Սակայն չենք կարծում, որ սա պիտի հանգստության առիթ դառնա լրագրողական համայնքի համար: Այս դեպքը, իհարկե կարող էր պատահել ցանկացած այլ քաղաքացու, այլ մասնագիտության տեր մարդու հետ: Խնդիրը կոնֆլիկտի մյուս կողմն է՝ իրավապահ, քննության օրինականությունը վերահսկելու առաքելություն ունեցող պաշտոնյան, որի համար փաստորեն մեկ էր՝ ով կհայտնվեր իր դիմաց:

Այս առիթով խրախուսելի է լրատվամիջոցների պահվածքը. անցյալ շաբաթ այս միջադեպը պարզապես լուսաբանվեց, և կարծես թե ոչ ոք այն չփորձեց քաղաքականացնել՝ հետընտրական կրքերի ֆոնին: Ոչ ոք շահարկումներ չկատարեց, չփորձեց կրակին յուղ լցնել:

Մեր գործընկերները, սուր, բայց տեղին էպիտետներ օգտագործելով հանդերձ, հանդես եկան օբյեկտիվ քննության և խիստ պատժի  պահանջով: Հայտնվում էր նաև զորակցություն և աջակցություն գործընկերոջը և խոստում՝ հետևելու գործի ընթացքին:

Խիստ կարևոր է հե´նց հետևողական լինելը և ոչ թե դրա մասին պարզապես հայտարարելը: Մայիսի 16-ի դրությամբ քրեական գործ դեռ չէր հարուցվել: Քրեական գործ, իհարկե կհարուցվի, սակայն չի բացառվում, որ երկար ու բարակ գործընթացներով փորձ արվի ժամանակ շահել և ձգձգել, մինչև հասարակությունը, առավել ևս լրագրո´ղ հասարակությունը գտնի այլ թեմաներ, կորցնի հետաքրքրությունը և գուցե մոռանա այս մասին: Չէ՞ որ իրավապահների համար դժվար կլինի պատասխանատվության կանչել սեփական գործընկերոջը:

Այնպես որ, լրագրողներից շատ բան է կախված՝ հասարակության և սեփական ուշադրության կենտրոնում պահել իրավապահի անօրինական արարքը և հետևողականորեն պահանջել դրան իրավական գնահատական տալու քայլերի մասին տեղեկություններ համապատասխան մարմիններից:

Ավելին, այս դեպքում նույնիսկ կարելի է «չարաշահել սեփական դիրքը» և հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաներից այլ թեմաներով հարցազրույց վերցնելիս հարցնել նրանց կարծիքը մեր երկրում քաղաքացիների «պաշտպանվածության» այս դրսևորման վերաբերյալ: Նրանց ընդհանուր և ինչպես այսպիսի դեպքերում է լինում, ոչինչ չասող պատասխանները չեն կարևոր այս դեպքում. լրագրողների հետևողականությունն ու համառությունը կլինեն այն լծակները, որոնք թույլ չեն տա քնեցնել այս և համանման գործերը, ինչը հետագայում գուցե զսպաշապիկ դառնա իր ճանապարհը բռունցքով բացել ցանկացող մյուս իրավապահների համար:

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.