ՀԵՏՈ ԳԱԼԻՍ Է ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

Անցնող շաբաթում հայաստանյան լրատվամիջոցներում ամենաշատը լուսաբանվեցին և քննարկվեցին հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում տեղի ունեցած միջադեպերը:

Ինչպես և լինում է նման դեպքերում, տեղեկությունները լրատվամիջոցներում ներկայացվեցին առաջին հերթին պաշտոնական հաղորդագրության կանոններով: Այսինքն այս տեղեկությունը զանազան լրատվամիջոցներում իր լեզվով, շարադրությամբ, լուրի կազմման ու հաղորդման տրամաբանությամբ գրեթե չէր տարբերվում գերատեսչական պաշտոնական հաղորդագրությունից:

Բուն իրադարձության մասին տեղեկությունները ուղեկցվեցին կամ դրանց հաջորդեցին փոքրիկ մեկնաբանություններ կամ տեղեկություններ, օրինակ այն մասին, որ հարձակումը տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցի օրը կամ որ Թուրքիան` այս հարցում ենթադրաբար շահագրգռություն ունի կամ այն բացակայում է:

Հաջորդ ալիքը լրատվամիջոցներում ՀՀ զանազան պաշտոնյաների, ԱՄՆ Կոնգրեսի մի քանի անդամների արձագանքներն էին, , այս կամ այն քաղաքական ուժի, կազմակերպության հայտարարությունները, Մայր Աթռի կոչը, անհատների նամակներն ու մեկնաբանությունները, պահանջներն ու բողոքի արտահայտությունները, ռազմական փորձագետների վերլուծությունները:

Տարիներ, արդեն կարելի է ասել տասնյակ և ավելի տարի շարունակ հայ և ադրբեջանցի լրագրողները հանդիպումներ են ունենում (բնականաբար միջազգային կազմակերպությունների հովանու ներքո) քննարկում, թե ինչպես լուսաբանել համատեղ խնդիրները, մասնավորապես հակամարտությունը և ի թիվս այլ մտքերի, հաճախ հնչում է նաև այն հարցը, (ընդ որում բոլոր երեք կողմերից` հանդիպող երկու և հանդիպման կազմակերպիչների` մեկ ընդհանուր) թե նման թեմաները լուսաբանելիս րագրողները ինչ դիրքերից պետք է հանդես գան: Արդյո՞ք լրագրողն առաջին հերթին իր երկրի քաղաքացին է, իր ժողովրդի զավակը, թե՞ լրագրող է, որի հոդվածը կարդալիս չպետք է հասկացվի նրա ազգությունն ու քաղաքացիությունը, այնքան չեզոք պիտի լինի նա:

Այս շաբաթվա լուսաբանումներին հետևելիս ստեղծվեց այն տպավորությունը, որ առնվազն դեռ մի քանի տասնակ տարի էլ այս քննարկումները կշարունակվեն և միևնույն է, դեկլարատիվ հայտարարություններից այն կողմ` բազմակողմանի լուսաբանման ցանկությունները կմնան այդպիսիք:

Թե ինչքանով պատրաստ կլինի մեր հասարակությունը ընթերցելու մեկ տեղեկության մեջ լուրը ադրբեջանական կողմից մեր դիրքերի վրա հարձակման մասին և դրա շուրջ և հայ, և ադրբեջանցի պաշտոնյաների պարզաբանումները, լրիվ հռետորական հարց է:

Մյուս կողմից էլ լրատվամիջոցները կարող են հանգիստ արդարանալ, որ ադրբեջանական պաշտոնյաները երբեք պարզաբանում չեն տա հայկական լրատվամիջոցին կամ որ միևնույն է, նրանք պնդելու են, որ հարձակումը կատարել է հայկական կողմը, կամ որ ադրբեջանցի փորձագետները վախենում են  հայաստանյան լրատվամիջոցի հարցազրույց տալ և սրանց հետևող այլ պատճառաբանություններ: Մանավանդ որ ադրբեջանական մամուլը լիքն է այս կարգի տեղեկություններով: Չէ որ ի վերջո հայաստանյան լրատվամիջոցները ներկայացրին նաև ադրբեջանական կողմի տեսակետները, թեկուզև միջնորդավորված:

Իսկ գուցե շատ պեղելու դեպքում ադրբեջանական կողմում այնուամենայնիվ գտնվեր վերլուծաբան կամ աղբյուր, որը կասկածի տակ կդներ իրենց պաշտոնական տեսակետները:

(Ճշմարտության առաջ չմեղանչելու համար արձանագրենք, որ Ադրբեջանում էլ նրանք էլ նույն կերպ լուսաբանեցին այս իրադարձությունները` առանց դիմելու հայկական աղբյուրների, երբեմն ոչ այնքան հավաստի և արժանահավատ հղում կատարելով հայկական առցանց լրատվամիջոցների: Նկատի ունենք, որ հիշատակված սկզբնաղբյուրում համապատասխան նյութը կամ հեղինակին գտնելու հետագա փնտրտուքը ավելի հավանական է, որ արդյունք չի տալու:)

Գրեթե գրազ գալու աստիճան կարելի է հավաստիացնել, որ եկող շաբաթներին արևմտյան լրատվամիջոցներում կամ հայ-ադրբեջանական համատեղ նախագծերում կհայտնվեն անցնող շաբաթվա իրադարձությունների համակողմանի լուսաբանումները, որտեղ կներառվեն բոլոր կողմերի փաստարկներն ու կարծիքները և մեր լրատվամիջոցները շատ պատրաստակամ կարտատպեն այս նյութերը: Սակայն ինչո՞ւ չենք փորձ անում դա անել սեփական նախաձեռնությամբ:

Հավանաբար մենք մնում ենք առաջին հերթին ազգի զավակներ, հետո գալիս է մասնագիտությունը: Լավ է սա թե վատ` ամեն մեկն ինքն է իր համար որոշում:

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.