ԱՅՍՊԵ՞Ս ԵՆՔ ՓՈԽՈՒՄ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Նախորդ շաբաթվա «հանրության մտահոգությունները»՝ հեռուստաեթերի բովանդակության հետ կապված, պետք է որ այս շաբաթ փարատվեին, քանզի Հանրապետության Նախագահը խիստ օպերատիվ արձագանքեց դրանց:

ՀՀ նախագահը ոչ այն է հանձնարարել է, ոչ այն է առաջարկել է՝ Հանրային խորհրդի հովանու տակ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի, հեռուստաընկերությունների ղեկավարների, հասարակական կազմակերպությունների և մտավորականների հետ քննարկումներից հետո մշակել Հանրային և մասնավոր ՀԸ-երի եթերային քաղաքականությունը փոխելու ծրագրեր:

Այն տպավորությունն է, թե Հանրային խորհրդի ստեղծումից առաջ և դրան զուգահեռ չի եղել և չկա քաղաքացիական հասարակություն, և հանրությանը հուզող և անհանգստացնող հարցեր չեն բարձրացվել: Անշուշտ հրաշալի է, որ Նախագահն այդքան արագ է արձագանքում հանրության մտահոգություններին, սակայն՝ ի՞նչ ընտրությամբ, մնում է անհասկանալի:

Մի քանի շաբաթ է՝ հայ հանրությունն իր տեղը չի գտնում «Հարսնաքար» ռեստորանում կատարված խայտառակության կապակցությամբ: Մի քանի ամիս է՝ (եթե ոչ՝ տարի) նույն հանրությունը քուն ու դադար չունի Հայոց բանակում տեղի ունեցող սպանությունների և ինքնասպանությունների պատճառով: 20 տարեկանում գնդակահարության դատապարտված ու արդեն 16 տարի ցմահ նստած Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարողանում իր արդար դատաքննության իրավունքը վերականգնել: Էլի հարցեր ու խնդիրներ կան, որոնք եռում են հասարակության մեջ, որոնց մասին հասարակությունը ոչ թե պարզապես չի լռում, այլ աղաղակում է, բաց նամակներ է գրում, ակցիաներ կազմակերպում: Սակայն այդպես էլ չի հաջողվում ուշադրություն հրավիրել իր վրա: Արձագանքի մասին երազելն անգամ ավելորդ է:

Իսկ մի խումբ մարդիկ հենց սերիալների մասին մի նամակ գրեցին, անմիջապես պատասխան ստացան:

Մի՞թե հանրային մտահոգությունը երկրի ղեկավարին հասցնելու միայն մեկ ձևաչափ գոյություն ունի: Միայն Հանրային խորհո՞ւրդն է իրավասու ապահովել ժողովրդի մասնակցությունը երկրի կառավարման, բարեփոխումների գործընթացին: Հակառակը՝ «արագ արձագանքման» այսպիսի սցենարային մեխանիզմը արժեզրկում է մասնակցային ժողովրդավարության գաղափարը: Նախօրոք բեմադրվածի տպավորություն թողնող մտահոգության փարատումը նախագահական ընտրություններից առաջ պետք է որ ծառայեցվի ընդամենը կոնյունկտուրային շահերին:

Այս համատեքստում կարևոր է նաև այն, թե Հանրային հեռուստատեսության կյանքում էլ ինչ տեղի ունեցավ անցնող շաբաթ, որը ոլորտով մտահոգ նույն նամակագիրները անգամ չնկատեցին. Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նոր անդամ է նշանակվել մարդ, որը կուսակցության ղեկավար մարմնի անդամ է:

Մինչդեռ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 27 հոդվածի 5-րդ կետը պարզապես արգելում է դա:

Ի՞նչ է ստացվում: Հիմա մենք բարեփոխո՞ւմ ենք հանրային հեռարձակման ոլորտը, թե՞ բարեփոխման իմիտացիա ստեղծում: Չէ՞ որ օրենքի խախտումով չի արվի նույնիսկ ամենալավ բարեփոխումը: Ինչ խոսք, սպասելի է, որ նախագահական ընտրություններից առաջ Հանրային հեռուստատեսությունում կամ դրա շուրջ որոշակի զարգացումներ կլինեն. Հանրայինը արդեն բավական ժամանակ է մի տեսակ ուշադրությունից դուրս է մնացել: Մինչդեռ այն չափից ավելի հզոր լծակ է՝ լուսանցքում թողնելու համար: Չի բացառվում, որ առաջիկայում եթերային քաղաքականությունը փոխելու ծրագրերի շրջանակներում Հանրայինում կադրային փոփոխություններ էլ լինեն, որոնցով և կյանքի կկոչվեն այդ ծրագրերը:

Մյուս կողմից էլ պակաս կենսունակ չէ այն միտքը, որ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի դերն այնքան ձևական է, եթե չասենք՝ չնչին, որ՝ ոչ այդ կարևոր ինստիտուտի, ոչ՝ հասարակության համար էական տարբերություն չկա՝ Խորհուրդը օրենքի տառին համապատասխան, թե՞ դրա խախտումով է ձևավորվել:

Նկարը՝ http://hra.am-ի:

Trackbacks/Pingbacks
  1. […] ակնհայտ դարձնելով այդ մտահոգության արտահայտման՝ բեմադրված լինելը: Հետագա զարգացումները՝ հանձնարարություն Հանրային […]

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.