Այս շաբաթ լրագրողները հաջողեցին ափերից հանել նախարարներին, որոնցից մեկը պարզապես նյարդայնացած խոսքերի տարափ տեղաց ի պատասխան, իսկ մյուսը ինքնատիրապետումը կորցրեց բառացիորեն` խլելով լրագրողի ձայնագրիչը:
Եթե կարծում եք, որ լրագրողները նրանց հիշեցրել են իրենց խոստացած ու չկատարած գործերը կամ երեսներով են տվել իրենց ոլորտներում վերջիններիս յուրացումների կամ չարաշահումների մասին տեղեկությունները` մեկնաբանություն կամ պարզաբանում խնդրելով, չարաչար սխալվում եք: Նրանք, ինչպես ձևակերպել էր մի ընթերցող իր մեկնաբանությունում «իբր թե ղժժում են»: Տրված հարցերի բնորոշումն էլ ընթերցողի մեկնաբանությունում կա. այն մի քիչ կոպիտ է՝ գործընկերների մասին մեջբերելու համար: Կոպիտ է, բայց՝ դիպուկ:
Ի՞նչ ենք անում լրագրողներս, երբ ամենօրյա վազքի մեջ ու ամեն Աստծո օր սենսացիոն արտադրանք/ներ տալու՝ գլխավոր խմբագրի պահանջների դամոկլյան սուրը՝ գլխներիս վրա, ժամանակ և ուժեր չեն մնում պատշաճ կերպով պատրաստվելու լուսաբանելիք յուրաքանչյուր ոլորտի կամ միջոցառման մասին:
Դասական ելքերը երեքն են՝ ա) տալիս ենք հերթապահ հարցեր՝ առանց մտահոգվելու պատասխանների համանման բնույթով (այս տարբերակի տակ անցնում է նաև այն դեպքը, երբ տրվում են այդ պաշտոնյային ականջահաճո հարցեր, իսկ պատասխանները կբավարարեն բացառապես պաշտոնական լրատվամիջոցների ախորժակը), բ) սպասում ենք, միչև մեր առավել տեղյակ գործընկերները սուր հարցեր տան, և դրանց պատասխանները՝ հղումով կամ առանց, ներկայացնում մեր հրապարակման մեջ, գ) հիշում ենք այդ պաշտոնյաների՝ անցյալում թույլ տրված կիքսերն ու խոսքի վրիպումները և մի «հարմար» պահի (ինչպես այս դեպքում՝ ԱԺ-ում 2011թ. բյուջեի կատարման մասին հաշվետվություններ ներկայացնելն էր, երբ պաշտոնյային թվացել է, թե վերջացրել է իր այդ օրվա առաքելության ծանրագույն մասը) ձայնագրիչը դեմ ենք տալիս ու հիշեցնում նրան իր ասած երբեմնի անհեթեթությունը կամ անզգույշ խոսքը: Արդյունքում՝ մի քանի նյութ՝ սենսացիոնի հավակնող, ընթերցողների բազմաթիվ մեկնաբանություններ, արտատպումներ գործընկեր ԶԼՄ-ներում՝ հղումներով:
Ոչ մի տարբերակն էլ կրիմինալ չի պարունակում, պարզապես պետք է հստակ տեղավորվել սեփական լրատվամիջոցի կանոնների, նպատակների և դրա մասին հասարակության մեջ ձևավորված կարծիքի շրջանակներում:
Վերևում հիշատակված դեպքերում այնքան էլ հստակ չէ. լրատվամիջոցը տեղեկությունների՞ն է լուրջ վերաբերվում, թե՞ դրանց իմիտացիային: Ի վերջո, պրոֆեսիոնալ լրագրողները իրենց բլոգները ստեղծում են կարծես թե այն նպատակով, որ այն, ինչ ներկայացնել «վայել չէ» լուրջ լրատվամիջոցում, այդ թվում օրինակ «ղժժալու», «կայֆ բռնելու», «վրան սարքելու» և համանման այլ դեպքերը, ներկայացվեն հենց բլոգներում: Բայց սա դարձյալ լրագրողի և ԶԼՄ-ի ընտրությունն է: Ընթերցողի համապատասխան ընտրությունը հետևում է սրան:
Ի դեպ, մեր ԶԼՄ-ներում բավական ոչ ինքնատիպ վերաբերմունք կա իր ընթերցողի նկատմամբ, ավելի ճիշտ՝ նրան գրավելու ռազմավարություն, որը ամենալայն տարածումն ունի դեղին մամուլում, բայց չգիտես ինչու վերջին շաբաթներում սկսել է առավել ակտիվորեն կիրառվել մեզ մոտ: Խոսուն, սադրիչ վերնագիր՝ առանց հարցական նշանի, իսկ հոդվածի առաջին իսկ տողը հերքում է վերնագիրը: Արդեն նույնիսկ ծիծաղելի էլ չէ: Իսկ մասնագիտական էթիկայի մասին հիշատակումը երևի լրիվ ավելորդ է:
Եթե կուզեք, լրագրողական էթիկայի դաս այս շաբաթ աշխարհը ստացավ… մահմեդական մամուլից, թեև հաջողությամբ … չնկատելու տվեց այն: Եգիպտոսում լույս տեսնող «Ալ-Վաթան» օրաթերթը՝ ի պատասխան ֆրանսիական Charlie Hebdo ամսագրում տպագրված Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների, այս շաբաթ հրապարակեց ծաղրանկարների իր շարքը՝ «Ծաղրանկարներով ընդդեմ ծաղրանկարների» խորագրով:
Երբ այդ մասին անտեղյակ հայ լրագրողների մոտ մինի-հարցախույզ անցկացրինք՝ պարզելու համար, թե նրանց կարծիքով ինչն են ծաղրանկարել եգիպտական թերթում, պատասխանը հետևյալն էր՝ «Հիսուս Քրիստոսին»:
Իսկ իրականում եգիպտացի լրագրողները ծաղրել էին ոչ թե ինչ-որ մեկին կամ ոչ թե ինչ-որ մեկի հավատքն ու ազգությունը, այլ՝ մահմեդականների մասին մի երկրի քաղաքացիների պատկերացումները: Եվ միայն:
Փաստորեն, էթիկային սահմաններում կարելի է մնալ, անգամ երբ պատասխանում ես քեզ հասցված խիստ վիրավորանքին: Կամ, ինչպես այդ թերթի ընթերցողներն են գրել իրենց մեկնաբանություններում՝ «քաղաքակիրթ»:
Նկարը՝ http://armenpress.am կայքից:
Մեկնաբանել