Աստղագիտական և ուսումնական տարիները ավանդական Նոր տարվա հետ չեն սկսվում: Առաջինը մարտին է, երկրորդը` սեպտեմբերին, իսկ Նոր տարին արդեն քանի տասնամյակ նշվում է հունվարին:
Հենց վերջինի հետ ենք սովորաբար սկսում նաև պայմանականորեն ասած տեղեկատվական կամ լրատվական նոր տարին: Սովորաբար, բայց կարծես թե` ոչ այս անգամ:
Անցնող տարվա, նույնիսկ վերջին տարիների միտումները ցույց են տալիս`այն, ինչպես զարգանում էր մեդիա դաշտը Հայաստանում, շարունակելու է տևել առնվազն մինչև եկող փետրվար:
Ոլորտի փորձագետները` գրեթե համերաշխ, նշում են այն դրական միտումները, որոնք նկատելի են վերջին տարիների հայաստանյան լրատվության ասպարեզում`
լրագրողների նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարի դեպքերի քանակի կտրուկ նվազում, զրպարտության և վիրավորանքի գործերով դատական դեպքերի կտրուկ նվազում, այլընտրանքային լրատվամիջոցների շեշտակի աճ, ընդ որում և քանակի, և որակի առումներով, հենց այս վերջինների հետ աճող մրցակցության պայմաններում բազմակարծության և խոսքի ազատության սկզբունքների հարգում ոչ միայն տպագիր և առցանց, այլև, ինչը հրաշքի նման բան է վերջին տարիների հայաստանյան մեդիայի համար, նաև հեռարձակվող լրատվամիջոցներում: Ամենափակ ու զգուշավոր, այսինքն և գրաքննության, և ինքնագրաքննության երբեմնի բարձր ցուցանիշներով հեռուստաընկերությունների եթերում հայտնվում են վաղեմի սև ցուցակների դեմքեր, ավելին, նրանց թույլատրվում է նաև «սինխրոն» ունենալ այդ եթերների ժամանակ:
Ցավալիորեն այս փոփոխությունները, մեդիա մասնագետների կարծիքով, թողնում են «կառավարվող դեմոկրատիայի տպավորություն»:
Անգամ եթե կառավարվող, բայց հովվերգականի ձգտող այս վիճակը անցնող շաբաթում մի խիստ ամպոտ միջադեպ ունեցավ: Ամպոտ` վերը թվարկված գեղեցիկ միտումների ֆոնին, և հերթականը` լրագրողների համար, հատկապես ՀՀ օրենսդիր մարմնում:
Հուսանք, որ լրագրողների վճռականությանն ու համախմբվածությանը` պատասխանատվության ենթարկելու էթիկայի սահմաններն անցած պատգամավորին ու այդ արատավոր պրակտիկան լրագրողների հետ շփման ժամանակ մշտապես կիրառող իր գործընկերոջը, տոնական տրամադրությունները չեն խանգարի: Հայաստանյան մեդիա դաշտին ոչ միայն ինքնակարգավորում է անհրաժեշտ, այլև`այլոց «կարգիհրավիրում»: Թեև, խոստովանենք, որ առաջինը առավելագույնս իրականացնելու դեպքում երկրորդի անհրաժեշտությունը գուցե թե ինքնըստինքյան դուրս գա:
Ընդհանրապես եկող տարվա համար էլ են հրատապ մնում մեր մասնագիտության կատարման ժամանակ էթիկայի կանոնների հարգումը: Իսկ հայաստանյան մեդիայի առավել գլոբալ խնդիրներից է, հատկապես հեռարձակող լրատվամիջոցների պարագայում, միջոցների կենտրոնացվածությունը: Այն էլ`ոլորտի թվայնացմանն ընդառաջ:
Անցնող բուռն մեդիա շաբաթն արտահայտվեց նաև տարվա համար կարևորագույն և խորհրդանշական այլ իրադարձություններով` հայտնի դարձան առաջիկա նախագահական ընտրությունների քաղաքական գովազդի սակագները, աշխարհի ամենավտանգավոր երկրները լրագրողների համար: Անցյալ շաբաթ իմացանք հատկապես, որ անցնող տարին ամենամահաբերն է եղել մեր մասնագիտության համար:
Սակայն ինչքան էլ այս ու այն կազմակերպությունը թվեր հրապարակի և տարի ամփոփի, մե՛ր իրականության տարին ձգվելու է մինչև գալիք փետրվար: Այդ ժամանակից հետո կերևա, թե ինչքանով են անցնող տարվա միտումները բնական ու տրամաբանական, թե՞ ամեն ինչ իսկապես թույլտվությամբ էր:
Իսկ գուցե այնուամենայնիվ մինչև փետրվարի վերջ արդեն ձևավորվա՞ծ լինի բազմակարծիք ու հնարավորինս անաչառ տեղեկատվության պահանջարկը ոչ միայն հասարակության մեջ, այլև ԶԼՄ-ների ներսում: Ինչպես ժողովուրդն է ասում, նրանք էլ «հավեսի ընկնեն», և ժողովրդավարությունը կամաց-կամաց դառնա «անկառավարելի՞»:
Ուրեմն այսպես թե այնպես. հայաստանյան տեղեկատվության Նոր տարին փետրվարի՛ն կնշենք:
Այդ ժամանակ էլ պարզորոշ կերևա`սկսում ենք հայ լրագրության Նո՞ր տարին, թե շարունակում ենք հինը: Ուրեմն այն ժամանակ էլ` շնորհավոր Նոր տարի:
Նկարը՝ http://araxmag.blogspot.com-ի:
Շատ լավ վերլուծություն է՝ հաճույքով կարդացի։