1980-ականների երկրորդ կեսին, խորհրդային «վերակառուցման» տարիներին խորհրդային հանրապետություններում սկսեցին նաեւ ազգային, անկախական շարժումներ։ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ Հայկական ազգային շարժումն արթնացրեց ադրբեջանական ազգային շարժումը եւ երկու ազգայնական շարժումնրեը սկսեցին սնուցել միմյանց՝ վերաճելոց արյունալի կոնֆլիկտի, որը չի դադարում ավելի քան 30 տարի։ Ո՞րն էր այդ կոնֆլիկտի առաջացման եւ զարգացման հարցում երկու երկրների մտավորականության դերը։ Արդյո՞ք ինտելեկտուալ հանրությունը փորձեց կասեցնել կոնֆլիկտի զարգացումը, թե՞ զարկ տվեց միֆերի խորացմանն ու ատելության արմատավորմանը։ «Ալիք մեդիայի» ստուդիայում, Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների համատեղ ծրագրի շրջանակներում հետաքրքիր ու կարեւոր մտքեր են փոխանակել փիլիսոփայության դոկտոր Ալի Աբասովը եւ ռեժիսոր, պրոֆեսոր Ռուբեն Բաբայանը։
Նրանք համաձայն են այն հարցում, որ երկու ժողովուրդների միջեւ փոխադարձ ատելության եւ բացասական միֆերի պատճառն այն է, որ մենք իրար չենք ճանաչում, իսկ եթե ճանաչում ենք, ապա վատ կողմից։ Մինչդեռ, ըստ Ալի Աբասովի, մեր հասարակությունները շատ նման են իրար՝ փաստորեն մեկը մյուսի հայելային արտացոլումն են։ Կոնֆլիկտի խորքային լուծման հնարավորություններից մեկը, ըստ Ռուբեն Բաբայանի, սեփական երկրի համար պատասխանատվության ստանձնումն է։ Նրա ձեւակերպմամբ, որքան ավելի շատանա երկու երկրներում ապրող յուրաքանչյուր մարդու պատասխանատվության զգացումը սեփական երկրի հանդեպ, այնքան ավելի շատ նրանք կմտածեն խաղաղ համակեցության, ոչ թե նոր պատերազմի հնարավորության մասին։