Skip to content

ԻՆՉՊԵ՞Ս ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԴՆԵԼ ԽԱՂԱՂ ՌԵԼՍԵՐԻ ՎՐԱ

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տնտեսական հարաբերությունները, չնայած հարեւանության հանգամանքին, երկար պատմություն չունեն։ Խորհրդային տարիներին վարչա-հրամայական կառուցվածքի պայմաններում տնտեսական հարաբերությունները որոշում էր կենտրոնը, իսկ Խորհրդային Միության փլուզումն ուղեկցվեց երկու ժողովուրդների միջեւ վաղեմի կոնֆլիկտի թարմացմամբ։ Երկու խոշոր պատերազմներն ու դրանց արանքում տեղի ունեցած պարբերական արյունալի էսկալացիաները, անընդհատ աճող լարվածությունն ու թշնամանքը բացառեց երկու արդեն անկախ ազգերի միջեւ տնտեսական հարաբերությունների ձեւավորումը։ Անկախության ավելի քան երեսուն տարիներին Հայաստանի եւ Ադրբեջանի տնտեսությունները զարգացել են միմյանցից անկախ ու ի հեճուկս միմյանց՝ սպասարկելով նաեւ կոնֆլիկտից բխող օրակարգերը։

Ներկայումս, երբ պաշտոնական մակարդակում քննարկվում է հնարավոր խաղաղության հարցը, խոսակցություն է բացվել նաեւ հարաբերությունների նորմալացման պայմաններում տարածաշրջանի տնտեսական կապերի վերափոխման հեռանկարի մասին։

Ալիք Մեդիայի «Կառուցում ենք կամուրջ» հաղորդման ընթացքում հայաստանցի եւ ադրբեջանցի տնտեսագետներ Բագրատ Ասատրյանը եւ Նաթիգ Ջաֆարլին զրուցել են երկու երկրների տնտեսական հարաբերությունների կառուցման հնարավորությունների մասին։ Հաղորդումը պատրաստվել է Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների համատեղ «Շփման գիծ» նախաձեռնության շրջանակներում։