Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններում անցած 2023 թվականը հակասական հիշողություններ թողեց։ Մի կողմից՝ շարունակվում էր Արցախի տոտալ շրջափակումը, որի կուլմինացիան սեպտեմբերին Ադրբեջանի նախաձեռնած ռազմական գործողությունն էր ու դրա հետեւանքով տեղի ունեցած արցախահայերի զանգվածային հարկադրված գաղթը։ Մյուս կողմից, երկու երկրների ղեկավարները տարբերվող ինտենսիվությամբ փորձում էին տարվա ընթացքում մոտեցնել դիրքորոշումները։ Արեւմտյան հարթակներում մի քանի հանդիպումներից հետո Ռուսաստանի ֆորմալ դաշնակիցներ Ադրբեջանը եւ Հայաստանը հաջողեցին դեկտեմբերի 7-ին համատեղ հայտարարություն ընդունել, որը, իր հումանիտար եւ քաղաքական կարեւորությամբ հանդերձ, առաջին հերթին նշանավորվեց նրանով, որ երկու երկրների ղեկավարներն այդ փաստաթուղթն ընդունեցին առանց երրորդ երկրի տեսանելի մասնակցության։
Ինչպիսի՞ն էր ընդհանուր առմամբ 2023-ը, ի՞նչ նախադրյալներ ստեղծեց այն 2024-ին սպասվող խաղաղության գործընթացի համար։ Այս եւ այլ հարցեր տարվա ամփոփիչ հաղորդման ժամանակ քննարկում են «Շփման գիծ» նախագծի համահեղինակները՝ Բաքվի մամուլի ակումբի տնօրեն Արիֆ Ալիեւը եւ Երեւանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը։