Երկրորդ աշխարհամարտից հետո ձեւավորված աշխարհակարգը տարածքային վեճերի երկու հիմնարար սկզբունք է ենթադրում՝ տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների հիմքում եւս, գոնե մինչեւ 2020-ի պատերազմը, այս երկու սկզբունքներն էին դրված։ Թեեւ Երեւանը, Բաքուն եւ Ստեփանակերտը, ըստ իրենց հարմարության, վկայակոչում էին տարածքային կոնֆլիկտների լուծման այս կամ այն նախադեպը (Պաղեստին, Ֆարերյան կղզիներ, Կոսովո, Էրիթրեա, Բանգլադեշ եւ այլն), սակայն ակնհայտ է, որ դրանցից յուրաքանչյուրը, որոշակի նմանություններով հանդերձ, բացառիկ է, ինչպես եւ բացառիկ է ԼՂ հակամարտությունը։ Մյուս կողմից, միասնական մոտեցում չկա միջազգային հանրության շրջանում․ այս կամ այն իրավիճակում տարբեր խաղացողներ տարբեր կերպ են դիրքավորվել տարածքային կոնֆլիկտների լուծման հարցում։
Ո՞րն է միջազգային ընկալման տեսակետից ԼՂ հակամարտության առանձնահատկությունը, ինչպե՞ս են տարբեր երկրները եւ այդ երկրներում գործող տարբեր լոբբիստական խմբերը փորձել այն ներկայացնել, ի՞նչ հնարքներ են կիրառել հակամարտող կողմերը՝ իրենց տեսակետը միջազգային հանրության համար ընկալելի եւ ընդունելի դարձնելու համար։ Կարո՞ղ է արդյոք Լեռնային Ղարաբաղի փորձը որպես օրինակ ծառայել այլ տարածաշրջաններում կոնֆլիկտների կառավարման հարցում։
Ալիք Մեդիայի եթերում «Կառուցում ենք կամուրջ» հաղորդման ընթացքում այս հարցերի շուրջ զրուցել են հայաստանցի կոնֆլիկտաբան Արսեն Խառատյանը եւ ադրբեջանցի անկախ վերլուծաբան Շուջաաթ Ահմեդզադեն։ Հաղորդումը պատրաստվել է Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների համատեղ «Շփման գիծ» նախաձեռնության շրջանակներում։