Skip to content

ԱՆԿԼԱՎՆԵՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐՆ ՈՒ «ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ» ԽՆԴԻՐՆԵՐԸ

Վերջին շաբաթներին Հայաստանի քաղաքական խոսույթի հիմնական թեման հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսային հատվածում գտնվող ոչ անկլավային տարածքների վերադարձի հարցն է։ Երկրի ղեկավարությունը համարում է, որ նոր ռազմական էսկալացիայից խուսափելու համար պետք է հնարավորինս շուտ վերադարձնել Հայաստանի փաստացի վերահսկողության տակ գտնվող այն տարածքները, որոնք Խորհրդային միության փլուզման պահին գտնվում էին Ադրբեջանի վարչական սահմաններում։ Ընդդիմությունը, մինչդեռ, պնդում է, որ այդ միակողմանի զիջումը կթուլացնի երկրի առանց այդ էլ փխրուն անվտանգությունը, մանավանդ, որ Ադրբեջանն իր վերահսկողության տակ գտնվող հայկական տարածքներից դուրս գալու մտադրություն չի հայտնում։ 

Հայաստանցի քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանը եւ ադրբեջանցի անվտանգության փորձագետ Իլհամ Իսմայիլը համակարծիք են այն հարցում, որ անկլավային եւ ոչ անկլավային տարածքների հարցը պետք է լուծել ոչ թե հակամարտության շարունակման, այլ հետագա խաղաղ համակեցության հեռանկարի տրամաբանությամբ։ Նրանք ընդունելի են համարում տարածքների համարժեք փոխանակման տարբերակները, մանավանդ, եթե այդ փոխանակումների արդյունքում կհեշտանա հատկապես այդ տարածքներում բնակվող մարդկանց կյանքը։  Երկխոսությունը տեղի է ունեցել Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների համատեղ «Շփման գիծ» նախաձեռնության շրջանակներում նկարահանված հաղորման ընթացքում։