Ազգամիջյան կոնֆլիկտների զարգացումն ուղեկցվում է հակառակորդ կողմի մասին բացասական միֆերի, կարծրատիպերի տարածումով։ Իրականության մեջ գոյություն ունեցող կենցաղային կամ միջհամայնքային խնդիրները խտացվում ու ընդհանրացվում են՝ դիվականացնելով ու ապամարդկայնացնելով մյուս կողմին։ Հայ-ադրբեջանական կոնֆլիկտը այս առումով կարող է դասագրքային օրինակ ծառայել․ երկու հասարակություններ, որոնք համատեղ կյանքի հարյուրամյակների պատմություն ունեն, բազմաթիվ ընդհանրություններ կենցաղում ու մշակույթում, միմյանցից հեռացել են տասնամյակներ տեւող թշնամական քարոզչության պատճառով։
Ի՞նչ նարրատիվներ են այս ընթացքում մշակվել եւ զարգացել Խորհրդային ժամանակներում, որո՞նք են պատրաստակամությամբ շրջանառվում այսօրվա հասարակություններում, եւ ի՞նչ անել դրանց հետ՝ կոնֆլիկտը երկարաժամկետ կտրվածքով անկենսունակ դարձնելու համար։ «Սիվիլնեթի» տաղավարում առկա խոսույթների մասին են զրուցել Երեւանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը եւ ադրբեջանցի վերլուծաբան, սոցիալական հոգեբանության մասնագետ Ռաուֆ Գարագյոզովը։ Հաղորդումը նկարահանվել է Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների համատեղ «Շփման գիծ» նախաձեռնության շրջանակներում։