2024 թվականը աշխարհում նշանավորվեց «ընտրությունների շքերթով»։ Երկրի ղեկավարի եւ խորհրդարանական ընտրություններ են տեղի ունեցել մեր տարածաշրջանի մի շարք երկրներում եւ որոշ գերտերություններում։ Եվ եթե, օրինակ, տարեսկզբին Ադրբեջանում եւ Ռուսաստանում կայացած նախագահական ընտրություններն անցան առանց անակնկալների, ապա Մեծ Բրիտանիայում եւ Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների արդյունքները թարմություն բերեցին այդ երկրների քաղաքական ներկապնակում․ Միացյալ Թագավորությունում 14 տարվա ընդմիջումից հետո չափազանց վստահ արդյունքներով իշխանության եկան լեյբորիստները, Ֆրանսիայում նախագահ Մակրոնի նախաձեռնած արտահերթ ընտրությունները եւս հաջողություն բերեցին ձախ ուժերին ՝ ի հեճուկս ծայրահեղ աջերի իրատեսական թվող ակնկալիքների։ Ընտրություններ տեղի ունեցան նաեւ Եվրամիության խորհդարանում, իսկ հարեւան Իրանում նոր, ռեֆորմիստ նախագահ ընտրեցին նախորդ նախագահ Ռաիսիի ողբերգական վախճանից հետո անցկացված արտահերթ ընտրություններում։
Տարեվերջին սպասվող գլխավոր ընտրական իրադարձությունը՝ ԱՄՆ նախագահական ընտրությունները, արդեն իսկ աննախադեպ զարգացումներ են գրանցել․ նախագահ Ջո Բայդենը օրերս հայտարարեց ընտրապայքարից դուրս գալու մասին։
Ի՞նչ միտումներ են նախանշում կայացած ընտրությունները մեր տարածաշրջանի համար, որքանո՞վ նոր լիդերները հետաքրքրված կլինեն Հարավային Կովկասով եւ, մասնավորապես, հայ-ադրբեջանական խաղաղության պրոցեսով․ այս մասին Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների «Շփման գիծ» նախաձեռնության շրջանակներում «Սիվիլնեթի» եթերում զրուցել են քաղաքագետներ Միքայել Զոլյանը եւ Իլգար Վելիզադեն։