Skip to content

«ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ»․ Ի՞ՆՉ ՓՈՒԼԵՐ Է ԱՅՆ ԱՆՑԵԼ, ԵՒ ՈՐՔԱՆՈ՞Վ Է ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ

Հայ-ադրբեջանական հակամարտության երկարատեւ պատմության ընթացքում երկու երկրների հասարակություններում քիչ չեն եղել մարդիկ, որոնք, հաճախ ընդդիմանալով ընդհանուր տրամադրություններին ու վտանգի տակ դնելով իրենց անդորրը, իսկ երբեմն անգամ՝ ազատությունն ու առողջությունը, փորձել են երկխոսության եզրեր գտնել հարեւան երկրի ներկայացուցիչների հետ։ Պետություններն ընդ որում, հաճախ ընդդիմացել են թշնամանքի հաղթահարման՝ «ներքեւից» եկող նախաձեռնություններին, հաճախ՝ հալածել երկխոսության մեջ ընդգրկված ակտիվիստներին։

Արցախյան հակամարտությունն սկսվեց այն ժամանակ, երբ Հայաստանն ու Ադրբեջանը Խորհրդային Միության կազմում էին, որտեղ ժողովուրդը ոչ միայն արտաքին, այլեւ ներքին պրոցեսների վրա ազդելու լծակներ գրեթե չուներ։ Իսկ կայսրության փլուզման հետեւանքով անկախացած երկու հանրապետությունները այս կամ այն չափով շարունակեցին իշխանական լծակների կենտրոնացման «բարի» ավանդույթները։ Այդ պայմաններում, ի՞նչ հաջողություններ է ունեցել «ժողովրդական դիվանագիտությունը» եւ ի՞նչ հեռանկարներ կարող է ունենալ հիմա։ Այս եւ այլ թեմաների մասին Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների նախաձեռնած «Շփման գիծ» նախագծի հերթական հաղորդման ընթացքում զրուցել են քաղաքագետներ Ռուբեն Մեհրաբյանը եւ Զարդուշտ Ալիզադեն։