Մեկ տարի առաջ սկսվեց Իսրայելա-Պաղեստինյան հակամարտության հերթական էսկալացիայի շրջանը․ պատերազմ, որն իր տեւողությամբ, պատճառած ավերածություններով ու մարդկային զոհերի քանակով թերեւս ամենաողբերգականն է այս երկարամյա թշնամանքի ողջ պատմության ընթացքում։ Այն, բացի հակամարտող բուն կողմերից՝ Իսրայելի պետությունից ու Համասից, ներգրավել է նաեւ այլ երկրների ու կազմակերպությունների՝ ավելի ու ավելի փխրուն դարձնելով Մեծ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանի կայունությունը։ Իսրայելը վերջին շրջանում կարողացել է մի շարք նշանակալի գործողություններ իրականացնել՝ շարքից հանելով հակառակորդի մի շարք առանցքային ներկայացուցիչների։ Սակայն ինքն էլ բավական ծանր հարվածներ է ստացել, որոնք խարխլել են հրեական պետության անպարտելիության մասին պատկերացումը եւ դարձել են լուրջ մարտահրավեր իսրայելական ժողովրդավարության համար։
Արդյո՞ք հնարավոր կլինի կանխել հակամարտության կրակի հետագա տարածումը, ինչպե՞ս պատերազմի շարունակությունը կարող է ազդել Հարավային Կովկասի, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա։ Այս եւ այլ հարցերի շուրջ «ՍիվիլՆեթի» տաղավարում բանավիճել են հայ եւ ադրբեջանցի արեւելագետներ Արսեն Խառատյանը եւ Ռուսլան Սուլեյմանովը։
Հաղորդաշարը թողարկվում է Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների «Շփման գիծ» նախաձեռնության շրջանակներում։