Հայ-ադրբեջանական հակամարտության երկար տարիների ընթացքում երկու կողմերն օգտագործել են համատեղ պատմության այս կամ այն դրվագի սեփական մեկնաբանությունը՝ իրենց ճշմարտացիությունը պնդելու համար։ Շատ դեպքերում էլ նոր պատմություններ են ձեւավորվել՝ ծառայելու համար օրվա քաղաքական նպատակահարմարությանը։ Արդյունքում, հարյուրամյակներ շարունակ հարեւանությամբ ապրող ժողովուրդների մոտ հաճախ միեւնույն պատմական իրադարձության մասին հակադիր, իրարամերժ ընկալումներ են ձեւավորվել։
Ինչպե՞ս է պատմությունն ազդում հայ-ադրբեջանական քաղաքական հարաբերությունների վրա, արդյո՞ք կարող են երկու երկրների մասնագիտական հանրությունները այնպես անել, որպեսզի պատմական իրողությունների ինտերպրետացիաները ոչ թե հակադրվեն, այլեւ փոխլրացնեն միմյանց, որպեսզի հակամարտության նոր օջախներ ստեղծելու փոխարեն փորձեն հիմքեր ստեղծել ապագա համագործակցության համար։
«Ազատություն» ռադիոկայանի եթերում թեմայի շուրջ զրուցել են քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը եւ պատմաբան Ֆարդա Ասադովը։ Հաղորդումը պատրաստվել է Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների «Շփման գիծ» նախաձեռնության շրջանակներում։