Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության կարգավորման մասին խոսելիս շատ վերլուծաբաններ նշում են, որ անգամ եթե պետությունների ղեկավարներին հաջողվի մի օր խաղաղության համաձայնագիր կնքել, հասարակություններին դեռ երկար ժամանակ պետք կգա՝ վերականգնելու երկխոսությունը, հաղթահարելու վախերն ու վստահության պակասը եւ ի վերջո գիտակցելու, որ ավելի ձեռնտու է համագործակցել, քան պատերազմել իրար հետ։
Այս հարցում կարեւորագույն դեր ունեն քաղաքացիական հասարակության ինստիտուտները՝ մեդիան, ՀԿ-ները եւ այլն, որոնք հանձնառություն ունեն հատկապես երիտասարդ սերնդին կրթելու, օգնելու, որպեսզի մարդկանց մոտ աշխարհայացքային տրանսֆորմացիա տեղի ունենա։
Խաղաղաշինական կրթության խնդիրների մասին «Շփման գիծ» նախագծի հերթական երկխոսության ժամանակ զրուցել են իրավապաշտպան Նարե Արամյանը եւ հետազոտող Լալա Ջումաեւան։ Հաղորդումը պատրաստվել է Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների նախաձեռնությամբ՝ «Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակությունների միջեւ բովանդակային, համակողմանի եւ հանգամանալից երկխոսության ընդլայնում» ծրագրի շրջանակներում։