90-ականներին, երբ Ադրբեջանի եւ Հայաստանի խաղաղաշինարարները փորձում էին համատեղ նախագծերի միջոցով վերականգնել երկու հասարակությունների միջեւ երկխոսությունը, նրանք հաճախ օգտագործում էին ոչ վաղ անցյալում եղած անձնական շփումները, առանձին հայերի եւ ադրբեջանցիների միջեւ բարեկամական հարաբերությունների մասին բազմաթիվ պատմությունները՝ որպես վստահության վերականգնման հիմք։ Տասնամյակների ընթացքում այդ անձնական շփումները նվազեցին, իսկ ավելի ավագ սերնդին փոխարինելու են եկել երիտասարդները, որոնք ոչ միայն հակառակ կողմի հետ անձնական շփումների պատմություն գրեթե չունեն, այլեւ մեծացել են այնպիսի միջավայրում, որտեղ մյուս կողմի հետ շփումները, մեղմ ասած, չեն ողջունվում։
Ինչպիսի՞ մարտահրավերներ են ստիպված հաղթահարել հայ եւ ադրբեջանցի երիտասարդները՝ խաղաղաշինական ծրագրերին մասնակցելիս, ինչպե՞ս կարելի է նրանց օգնել՝ այդ մարտահրավերները հաղթահարելու եւ խաղաղաշինական ծրագրերը շարունակելու հարցում։ Pressklub TV ալիքում այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել են երիտասարդական պրոյեկտների մասնակից Էլեոնորա Սարգսյանը եւ հետազոտող Էլդար Համզալին։ Հաղորդումը պատրաստվել է Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների «Շփման գիծ» նախաձեռնության եւ «Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակությունների միջեւ բովանդակային, համակողմանի եւ հանգամանալից երկխոսության ընդլայնում» ծրագրի շրջանակներում։