Սովորաբար երկրների հիմնական առեւտրային գործընկերները հարեւաններն են լինում։ Այս առումով Հարավային Կովկասը առանձնահատուկ է։ Տարածաշրջանում շարունակվող հակամարտությունները, դրանց հետեւանքով փակված ճանապարհները, իրավական եւ հոգեբանական արգելքները այստեղ ապրող մարդկանց ստիպում են առեւտրային կապեր գտնել ավելի հեռավոր երկրներում։ Մինչդեռ տարածաշրջանի երկրներից յուրաքանչյուրը մյուսին առաջարկելու բան ունի՝ սկսած էներգակիրներից մինչեւ մետաղական հումք, գյուղատնտեսական արտադրանքից մինչեւ բարձր տեխնոլոգիաներ։ Հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հեռանկարը հույս է ներշնչում տնտեսագետներին, որ երկրները կկարողանան վերջապես ոչ միայն առեւտուր անել միմյանց հետ, այլեւ միջազգային առեւտրի համար կարեւոր հանգույց դառնալ։ Իսկ առեւտուրն ու համատեղ տնտեսական շահը շատ ավելի կհեշտացնի խաղաղության կառուցման գործը։
Հարավային Կովկասում տնտեսական ներուժի իրացման հեռանկարների մասին «Շփման գիծ-արդիական թեմա» հաղորդման շրջանակներում զրուցել են տնտեսագետներ Արմեն Քթոյանը եւ Նաթիգ Ջաֆարլին։ Հաղորդումը պատրաստվել է Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների համատեղ նախաձեռնությամբ։