2020-ից ի վեր, չնայած բանակցային ակտիվ գործընթացին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը «գետնի վրա» գրեթե առաջ չի գնացել։ Հարցի գերքաղաքականացվածությունը, երկարամյա հակամարտության հետեւանքով կողմերի միջեւ գոյություն ունեցող վստահության սուր դեֆիցիտը, ինչպես նաեւ երրորդ կողմերի տարատեսակ շահերի առկայությունը, դեռ թույլ չեն տալիս գտնել խաղաղ գոյակցության համար թերեւս ամենահարմար գործիքը՝ առեւտուրը, օգտագործելու բանալին։
Ինչպե՞ս ապաշրջափակել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տրանսպորտային հաղորդակցությունները, որոնք տարածաշրջանային ապրանքաշրջանառության աշխուժացումից բացի, կարող են ճանապարհ բացել դեպի ավելի գլոբալ տնտեսական համագործակցություն։ «Սիվիլնեթի» եթերում «Շփման գիծ․ արդիական թեմա» հաղորդման հերթական թողարկման ընթացքում քաղաքագետ Իլգար Վելիզադեն եւ լոգիստիկայի հարցերով փորձագետ Գագիկ Աղաջանյանը տարբեր տեսլականներ են ներկայացնում․ մեկը գտնում է, որ Սյունիքի մարզի հարավով անցնող երկաթուղու գործարկումը առաջնահերթ նշանակություն ունի, մյուսը՝ որ կարելի է սկսել արդեն գոյություն ունեցող, Հայաստանը Նախիջեւանի ինքնավարության հետ կապող ճանապարհից։
Հաղորդումը պատրաստվել է Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների համատեղ նախաձեռնությամբ։