2023 թվականին, երբ հայ-ադրբեջանական պաշտոնական հարաբերությունները հերթական լարված եւ ճգնաժամային փուլում էին գտնվում, Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբները հայ-ադրբեջանական երկխոսության նոր ծրագիր նախաձեռնեցին։ Դրա համար նախ մոնիթորինգի ենթարկվեց երկու երկրների մամուլը՝ բացահայտելու, թե ովքեր ինչպես են լուսաբանում երկու երկրների միջեւ եղած խնդիրներն ու դրանց լուծման հեռանկարները։ Այնուհետեւ գործարկվեց «Շփման գիծ» նախագիծը, եւ 2023-ի տարեվերջին մեկնարկեց մեդիա արտադանքի թողարկումը։ Այս ամիսների ընթացքում տարբեր հարթակներում ավելի քան 25 հեռուստաբանավեճ եւ գրեթե նույնքան հոդված է հրապարակվել, որոնցում հայ եւ ադրբեջանցի փորձագետները ներկայացնում են իրենց տեսակետները տարածաշրջանային եւ գլոբալ իրադարձությունների վերաբերյալ։
Երեւանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարսյանը եւ Բաքվի մամուլի ակումբի տնօրեն Արիֆ Ալիեւը զրուցել են նախագծի միջանկյալ արդյունքների եւ երկխոսության հետագա հեռանկարների մասին։