Հուլիսին Լոնդոնում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Հյաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ չկայացած հանդիպումը երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցում հոռետեսության նոր ալիք բարձրացրեց։ Բաքուն շարունակում է Հայաստանի Սահմանադրության՝ իր համար խնդրահարույց համարվող դրույթների փոփոխման հարցը ներկայացնել որպես խաղաղության պայմանագրի կնքման նախապայման, իսկ Հայաստանի իշխանությունը հայտարարում է, որ պատրաստ է ցանկացած պահի ստորագրել բանակցությունների սեղանին դրված փաստաթուղթը։
Ինչո՞ւ կողմերը չեն կարողանում գալ ընդհանուր հայտարարի այն դեպքում, երբ թվում է, թե հակամարտության առարկա հանդիսացող խնդիրների մեծ մասը այս կամ այն կերպ արդեն լուծվել է։ Որքանո՞վ են հիմնավոր Հայաստանի հանրության մեջ գոյություն ունեցող մտահոգություններն այն մասին, որ Բաքուն, ի դեմս Տավուշում տեղի ունեցած սահմանազատման, Երեւանից ստացել է զիջումների հերթական չափաբաժինը եւ պատրաստվում է նոր զիջումներ կորզել՝ հակառակ դեպքում սպառնալով նոր ռազմական էսկալացիայի վտանգի մասին։ Կամ՝ որքանով են արդարացված ադրբեջանական մամուլում շրջանառվող մտահոգություններն այն մասին, որ Հայաստանը կարող է երբեւէ ապագայում տարածքային նկրտումներ ունենալ Ադրբեջանի հանդեպ։
Ընթացիկ զարգացումների եւ գալիք հեռանկարների մասին «Սիվիլնեթի» եթերում զրուցել են APRI Armenia վերլուծական կենտրոնի փորձագետ Բենիամին Պողոսյանը եւ «Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիեւը։ Զրույցը կայացել է Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների «Շփման գիծ» նախաձեռնության շրջանակներում։