Skip to content

ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՓՆՏՐՏՈՒՔՆԵՐՈՎ

Հայ-ադրբեջանական հակամարտության երեսունից ավելի տարիների ընթացքում երկու հասարակություններում էլ եղել են անհատներ եւ խմբեր, որոնք, չնայած դժվարություններին, հետեւողականորեն փորձել են կամուրջներ ստեղծել, աջակցել կառավարություններին՝ խնդիրը խաղաղ ճանապահով լուծելու հարցում, կամ հակառակը՝ ի հեճուկս իշխանությունների ռազմատենչ քաղաքականության, թույլ չտալ մոռանալ, որ հարեւան ժողովուրդները նախկինում համատեղ խաղաղ կյանքի դրական փորձ էլ են ունեցել։

Սակայն պատերազմի մեկնարկը խաղաղության ջատագովների պարտությունն է միշտ, եւ հայ ու ադրբեջանցի խաղաղաշինարարները 2020-ից հետո փորձում են հետահայաց վերլուծության միջոցով հասկանալ, թե ինչ կորսված հնարավորություններ կային նախորդ փուլերում, եւ ինչպես կարելի է ավելի արդյունավետ կերպով առաջ մղել խաղաղաշինական ծրագրերը ներկա իրողություններում։ «Շփման գիծ» հաղորդաշարի հերթական հյուրերը խաղաղաշինական ծրագրերի ակունքներում կանգնած գործիչներ են՝ Ադրբեջանի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի ազգային կոմիտեի նախագահ Արզու Աբդուլաեւան եւ իրավապաշտպան, «Իրավունք եւ ազատություն» կենտրոնի ղեկավար Վարդան Հարությունյանը։

Հաղորդումը հեռարձակվել է «Սիվիլնեթի» եթերում, Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների համատեղ նախաձեռնության շրջանակներում։